Գիորգի Գախարիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո իշխող «Վրացական երազանքը» ներկայացրեց նոր թեկնածուին, չնայած խոստացել էր դա անել վաղը: Անակնկալներով լի օրը շարունակվում է. վաչապետի թեկնածուն նախկին վարչապետ, ներկայիս պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին է:
Վերջինս շնորհակալություն է հայտնել թիմակիցներին վստահության համար ու նշել, որ կարգուկանոնը վերականգնելու ժամանակն է.
«Առաջին հերթին կորոնավիրուսի պանդեմիան, գործազրկությունն ու բնակչության ծանր վիճակն են և՛ տնտեսապես, և՛ այլ ուղղություններով: Կվերականգնենք հավասարակշռությունն ու կարգուկանոնը, ինչը կարևոր է երկրի նորմալ՝ Սահմանադրության շրջանակներում գոյության համար»,- ասել է նա:
Ղարիբաշվիլին հետաքրքիր կենսագրություն ունի, ու իր ողջ գործունեության մեջ, թերևս ամենաուշագրավն ատելությունն է ամենահայտնի ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» նկատմամբ: Ղարիբաշվիլին առիթ բաց չի թողնում այս մասին ընդգծելու համար, նույնիսկ հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ նման գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում.
«Երկրի դավաճան, տարածքներ ու սուրբ վայրեր հանձնող, մարդասպան ու ժողովրդին նվաստացնող ծաղրածու Սաակաշվիլին ու նրա դավաճան «բանդան» ընտրություններից հետո չի կարողանա մնալ խորհրդարանում, դավաճան ուժը պետք է վերանա»:
Գրությունը անելիս, ի դեպ, Ղարիբաշվիլին զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը:
Ո՞վ է Ղարիբաշվիլին
Իրակլի Ղարիբաշվիլին ծնվել է 1982 թվականին Թբիլիսիում: Ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Սովորել է Սորբոնի համալսարանում, քաղաքական գիտությունների ֆակուլտետում: 2004-2012 թվականներին աշխատել է «Քարթու գրուպ»-ում, որը պատկանում է Բիձինա Իվանիշվիլիին:
Ղարիբաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրներից է. 2012 -ին ակտիվ պայքարով մտել է խորհրդարան՝ որպես պատգամավոր, այնուհետև զբաղեցնում էր ՆԳ նախարարի պաշտոնը: 2013 թ․ Բիձինա Իվանիշվիլիի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, նշանակվել է վարչապետ:
Վարչապետի պաշտոնում Ղարիբաշվիլիին հազվադեպ է քննադատել իշխող կուսակցությունը, ինչպես նաև հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, ով նույնիսկ բազմիցս գովաբանել է Ղարիբաշվիլիին: Այս պատճառով շատերին տարօրինակ թվաց, երբ 2016թ․ ընտրություններին ընդառաջ 2015 թ․ դեկտեմբերին Ղարիբաշվիլին առանց պատճառի հրաժարական տվեց: Քաղհասարակության կարծիքով՝ այս հրամանն արդեն կուլիսներից տվել էր Իվանիշվիլին: Հետագայում, Բիձինա Իվանիշվիլին նույնպես հայտարարեց, որ պատճառը դա է, թեև հավելեց, որ Ղարիբաշվիլին խնդիներ ուներ` իր բարեկամներին պաշտոններ տալու տեսանկյունից:
Ընդ որում, Ղարիբաշվիլիին նման մեղադրանքներ էին առաջադրում նաև ընդդիմությունն ու քաղհասարակությունը: Մասնավորապես, խոսվում էր, որ Ղարիբաշվիլին աջակցություն էր ցուցաբերում աներոջ քրոջ որդուն` Թամազ Ջանկղարաշվիլիին, ով ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության ղեկավար պաշտոն էր զբաղեցնում:
Միևնույն ժամանակ, Ղարիբաշվիլին հայտնի էր որպես, այսպես կոչված, «Կախեթական կլանի» անկյունաքարային անձ: «Կախեթական կլանը» հիմնականում բաղկացած է ուժայիններից` ՆԳՆ և Պետական անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից: Վրաստանում նույնիսկ ժամանակին որոշ ընդդիմադիրներ կատակում էին, թե 2012 թվականին Վրաստանի քաղաքական կենտրոնը Կախեթին է:
Այս ամենի հետ մեկտեղ, «Քրոնիկա +» թերթի խմբագիր Էլիսո Կիլաձեն պնդում է, որ Ղարիբաշվիլիին պաշտոնից հեռացրել են, քանի որ վերջինս կապ է ունեցել ռուսական քաղաքական էլիտայի հետ, մասնավորապես «Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Օթար Արշբայի հետ: Կիլաձեն հայտարարել է, որ Ղարիբաշվիլին ներկա է եղել Արշբայի հյուրանոցի բացմանը Բաթումիում, որտեղ էլ բանակցություններ են վարել:
Վերադարձ՝ հանուն վերակառուցման
Ղարիբաշվիլին 2018 թ․ նշանակվել էր Չինաստանի խոշորագույն CEFC Energy Company Limited կոնգլոմերատի տարածաշրջանային ծրագրերի ղեկավարման վերահսկիչ խորհրդի խորհրդական, սակայն այս ոլորտում երկար չմնաց:
2019-ին Ղարիբաշվիլին վերադարձավ քաղաքականություն ու շարունակեց քաղաքական կարիերան որպես պաշտպանության նախարար: Այդ ընթացքում իշխող կուսակցության ներսում լուրջ զարգացումներ կային, մի շարք պատգամավորներ լքել էին կուսակցությունն ու անկախացել, «Վրացական երազանքը» կանգնած էր պառակտման եզրին:
Այսօր Ղարիբաշվիլիի վերադարձում որոշ փորձագետներ սպառնալիք են տեսնում երկրի ներքաղաքական վիճակի համար: Ըստ նրանց՝ եթե մինչ այս ընդդիմություն-իշխանություն կոնֆլիկտը լուրջ էր, ապա հիմա կարող է վերածվել բախումների, ինչու ոչ՝ քաղաքացիական պատերազմի: Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ վերադարձնել արդեն մեկ անգամ իրեն չարդարացրած վարչապետին, ոմանք էլ վստահ են՝ նրա մեջքի ետևում կրկին Իվանիշվիլին է կանգնած:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։