Իրակլի Բեբուան ազատ է արձակվել

Վրաստանի քաղաքացի Իրակլի Բեբուան, որ ձերբակալվել էր Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի «իշխանությունների» կողմից 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, բանտից ազատ է արձակվել 2025 թվականի մարտի 30-ին և արդեն գտնվում է Վրաստանից վերահսկվող տարածքում։ Բեբուայի լուսանկարները տարածել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):

Բեբուան, որ դե ֆակտո դատարանի կողմից դատապարտվել է «պետական ​​խորհրդանիշները վիրավորելու», «ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու», «զինվորական տեխնիկայի ապօրինի պահման» մեղադրանքներով, 2020 թվականի դեկտեմբերի 7-ին դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման, սակայն ապօրինի ազատազրկման փաստացի տևողությունը կազմել է 4 տարի 6 ամիս։

Բեբուային ազատ արձակելու պահանջով Թբիլիսիում մի քանի ցույցեր են անցկացվել, ընդ որում՝ ցուցարարները Վրաստանի կառավարությանը մեղադրում են անգործության համար։ Բեբուայի ազատ արձակման հարցը մի քանի անգամ քննարկվել է Ժնևում միջազգային բանակցությունների ձևաչափով։ Իրակլիի հարազատների խոսքով՝ նրա առողջական վիճակը ծանր է։