Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի խոսքով, ինքը կատարում է հանրային պաշտպանի գործառույթները և չի կիսում իր հասցեին հնչած քննադատությունները։
Հունվարի 17-ին օմբուդսմենի գրասենյակի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Իոսելիանիին քննադատել են եվրոպամետ հանրահավաքների մասնակիցների վերաբերյալ իր մեկնաբանությունների համար, մասնավորապես, հեռուստատեսային հաղորդումներից մեկում նա հայտարարել է, որ «բողոքի մասնակիցների համակարգված խոշտանգումներ չի տեսել»։
Հանրային պաշտպանի գրասենյակի մոտ տեղի ունեցած հանրահավաքից հետո Իոսելիանին ասել է, որ «այս ինստիտուտը չի գործի մի քանի ակտիվիստների քմահաճույքով»։
«Ես Վրաստանի պատմության մեջ առաջին հանրային պաշտպանն եմ, ով եղել է յուրաքանչյուր սոցիալական բնակարանային հաստատությունում, յուրաքանչյուր ապաստարանում, գիտի բոլորի խնդիրները և հրապարակավ խոսում է ամեն ինչի մասին և չի ստում», — ասել է Իոսելիանին։
Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ հանրային պաշտպանի նախկին տեղակալ Գիորգի Բուրջանաձեն, այսօր կայացած ճեպազրույցում ասել են՝ հանրային պաշտպանը աչք է փակում եվրոպամետ ցույցերի մասնակիցների համակարգված խոշտանգումների վրա և փորձում է հարցը մեղմացնել։
Հանրային պաշտպանին քննադատում են նաև 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրությունների վերաբերյալ արած հայտարարության համար. նա ասել էր, որ «ընտրակեղծիքների ապացույցներ չի տեսել»: