Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, ըստ որի` «Հավաքների և ցույցերի մասին» Վրաստանի օրենքում նախատեսվող փոփոխություններով ինտենսիվ սահմանափակվում է արտահայտվելու/հավաքների ազատությունը:
Օմբուդսմենի գրասենյակը նշել է, որ ժողովրդավարական հասարակությունում խոսքի ազատության այդչափ ինտենսիվ սահմանափակումը կարող է հիմնավորվել միայն կարևոր, ծանրակշիռ շահի պաշտպանության անհրաժեշտությամբ, որը, սակայն, բացակայում է Վրաստանի խորհրդարանին ներկայացված օրենքի նախագծում։
Հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի կարծիքով` նախագիծը փաստարկ չի ներկայացնում, թե ինչու և ինչպես հավաքի/ցույցերի ժամանակ ժամանակավոր շինությունների (այդ թվում՝ վրանների) տեղադրումը կարող է վտանգ ներկայացնել հավաքի/ցույցերի մասնակիցների և/կամ երրորդ անձանց համար։
Ըստ օմբուդսմենի՝ օրենքի մեջ լրացուցիչ փոփոխության կարիք չկա։ Հանրային պաշտպանը կոչ է անում Վրաստանի խորհրդարանին` հաշվի առնել իր գնահատականները և պաշտպանել հավաքների իրավունքի սահմանադրական չափանիշը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին խորհրդարանում կներկայացվի «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
Վրաստանի ընդդիմադիր գործիչներն ու քաղհասարակությունը համարում են, որ օրինագծի նախաձեռնումն ու ընդունումը որակազրկում են Վրաստանի ժողովրդավարությունը:
Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոնը» (SJC) օրինագծի նախաձեռնումը գնահատում է որպես խոսքի ազատության դեմ ուղղված քայլ:
Վաղը՝ հոկտեմբերի 5-ի ժամը 14:00-ին, խորհրդարանի նիստին զուգահեռ, խորհրդարանի հետնամասում «Մերժում ռուսական օրենքին» խորագրով ակցիա կանցկացվի:
Օրենքում փոփոխությունը մարդու իրավունքների տեսանկյունից հետընթաց է. ՀԿ-ներ