«Ալիք Մեդիա»-ն շարունակում է «Ինտեգրման օրակարգ» փոդքասթների շարքը Վրաստանում էթնիկ հայերի ինտեգրման թեմայով։
Այսօրվա հյուրը Սոցիալական արդարության կենտրոնի Հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն է.
Միքելաձեի հետ զրուցել ենք ինտեգրման նշանակության, կարևորության մասին, սահմանել ենք «ինտեգրում» եզրույթը, քննարկել՝ թե ինչ է արվում այս ուղղությամբ Վրաստանում, և ինչ դեր ունի հասարակական հատվածը այս հարցում։ Միքելաձեն խոսում է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչների առջև ծառացած խնդիրների, խոչընդոտների մասին։
«Ինձ համար ինտեգրումն ունի մեկ հիմնարար սկզբունք՝ կապված ոչ գերիշխող էթնիկ խմբերի համար արդար և հավասար միջավայր ստեղծելու հետ, նրանց համար պետական ծառայություննեերի հասանելիության ապահովման, սոցիալական և քաղաքական ակտիվ մասնակցության հետ»։
Միքելաձեն նշում է՝ նրանց համար պետք է ստեղծվի հավասարություն` ոչ միայն ֆորմալ, այլև բոլոր առումներով։ Միքելաձեն կարծում է, որ պետությունը պետք է ներդնի տարբեր ռազմավարություններ, քվոտավորման մեխանիզմներ էթնիկ փոքրամասնությունների ինտեգրումը խթանելու համար։