Ինքնության էլեկտրոնային ստուգումը վրաստանյան ընտրություններում

Այս տարի հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները արդեն որակվում են պատմական՝ տեխնոլոգիական առումով․ առաջին անգամ Վրաստանում ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ընտրողների գրեթե 90 տոկոսը քվեարկելու է էլեկտրոնային սարքերի միջոցով։

Ընտրություններում երկու հիմնական սարք է օգտագործվելու՝ նույնականացման սարք և ձայների հաշվման էլեկտրոնային մեքենա։

Նույնականացման սարքը կօգտագործվի ընտրողների ինքնությունը ստուգելու համար, այն լիովին կփոխարինի ավանդական ընտրացուցակներին: Այն տեղամասերում, որտեղ անցկացվում են էլեկտրոնային ընտրություններ, այլևս չեն պահանջվում ընտրական ցուցակներ։ Մատնանշում կատարելուց հետո ընտրողի ինքնությունը կհաստատվի հատուկ նույնականացման սարքի միջոցով՝ էլեկտրոնային ID քարտի կամ անձնագրի միջոցով։

Ավելի մանրամասն ներկայացնենք ընթացակարգը․

Մատնանշումն անցնելուց հետո ընտրողը մոտենում է վերիֆիկացման սարքին, և անցնում նույնականացման փուլը՝ էլեկտրոնային նույնականացման ID քարտի կամ անձնագրի միջոցով։

  • ID քարտ ունենալու դեպքում ԿԸՀ աշխատակիցը MRZ սկաների միջով անցկացնում է ID քարտը որից հետո վերիֆիկացման սարքի Էկրանին հայտնվում է ընտրողի լուսանկարը։
  • Իսկ անձնագրով ընտրություններին ներկայանալու դեպքում աշխատակիցը հավաքում է ընտրողի անձնական համարը, որից հետո նույնպես էկրանին է հայտնվում ընտրողի լուսանկարը։

Սարքի էկրանին հայտնված նկարի համապատասխանությունը ստուգում է ԿԸՀ աշխատակիցը (գրանցող), նույնականացման սարքը ընտրողի համար տպում է նույնականացումը հաստատող կտրոն։ Այնուհետև ընտրողը ստորագրում է կտրոնը։

Հարկ է նշել, որ ընտրատարածքում կլինի մի քանի նույնականացման սարք, և ընտրողը կարող է մոտենալ յուրաքանչյուրին։ Մինչ այս, 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին, երբ նույնականացումն իրականացվում էր ավանդական միջոցով, այսինքն՝ ընտրացուցակում գրանցողը գտնում էր ընտրողի տվյալները և կողքին փակցված լուսանկարի հետ համեմատում, ընտրողները գրանցողներին մոտենում էին իրենց ազգանվան առաջին տառից ելնելով (Օրինակ՝ եթե ընտրողի ազգանունը սկսվում է Ա-Դ տառերով, նա մոտենում է առաջին գրանցողին և այլն), ինչը հանգեցնում էր մեծ հերթերի։ Այս դեպքում ընտրողը կարող է մոտենալ նույնականացման սարքերից յուրաքանչյուրին։

Նշենք նաև, որ ԿԸՀ տեղեկատվական կենտրոնը փոխանցում է, որ նույնականացման սարքերը կապված կլինեն միմյանց հետ, հետևաբար եթե ընտրողը մեկ անգամ արդեն անցել է նույնականացման փուլը, երկրորդ անգամ (օրինակ՝ մեկ այլ սարքի միջոցով) սարքն ազդանշան կտա՝ չթույլատրելով ընտրողի նույնականացումը երկրորդ անգամ։

Կարդացեք նաև՝