«Ինքներդ ստուգեք՝ որտեղ եք քվեարկել». վրաստանյան ընդդիմադիր «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիան նոր արշավ է սկսել:
Կոալիցիայի ներկայացուցիչ Թամար Կորձաիան ասել է՝ դրա համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են կայքում ավելացնել ընտրություններին մասնակցած ընտրողների տվյալների բազան:
«Սա նշանակում է, որ ընտրողը պետք է կարողանա ստուգել՝ կա՞ արդյոք այն ընտրատեղամասի ցուցակում, որտեղ քվեարկել է»,- ասել է Կորձաիան:
«Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան պահանջել է ընտրողների ամբողջ բազան տեղափոխել չեզոք, օբյեկտիվ հարթակ, որտեղ յուրաքանչյուր ընտրող պետք է կարողանա ստուգել.
- մասնակցել է, թե՝ ոչ ընտրություններին,
- որ ընտրատեղամասում է քվեարկել,
- որ ժամին է քվեարկել:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ ընտրողների այս տեսակի բազայի ստեղծումը սահմանափակված է օրենքով։ Բացի այդ, ԿԸՀ-ն հայտարարել է, որ «նման տվյալների բազայի ստեղծումը պարունակում է անձնական տվյալների բացահայտման ռիսկեր, ինչը հակասում է ընտրությունների ճանաչված հիմնարար սկզբունքներից մեկին և միջազգային փորձին»:
ԿԸՀ-ն կարծում է, որ «կուսակցությունների ներկայացուցիչները քաղաքական օրակարգից ելնելով անիրատեսական պահանջներ են ներկայացնում՝ ընկալում ստեղծելու համար, որ ընտրական վարչությունը թաքցնում է տեղեկությունը»։
ԿԸՀ-ին ի պատասխան՝ Կորձաիայի, ասել է, որ այն պետք է լինի ճիշտ նույն տվյալների բազան, ինչ ընտրողների միասնական ցուցակը, որտեղ մուտքագրված են ավելի քան երեք միլիոն մարդու անձնական տվյալներ, և կներառվեն ընտրություններին եկածների անձնական տվյալները։
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 53,931 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս, «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:
Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում նրանք ցույց են արել: Ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջել, Զուրաբիշվիլին երդվել է մինչև վերջ ժողովրդի կողքին մնալ: Փորձագետներն ասում են՝ ընտրությունների ճակատագիրը որոշվել է ընտրություններից շատ առաջ:
Դիտորդական կազմակերպությունների տվյալներով՝ ընտրությունների օրը և նախընտրական շրջանում նկատվել են քվեաթերթիկների լցոնման դեպքեր, «կարուսել», մատնանշման, քվեարկության գաղտնիության խախտումներ և այլն:
Միջազգային հանրության, արևմտյան գործընկերների հիմնական կոչն է՝ ուսումնասիրել ընտրախախտումները։
Անցկացված ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականներ են տվել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։ Նրանց գնահատմամբ՝ ընտրությունների օրը եղել են խախտումներ, հաճախ խախտվել է քվեարկության գաղտնիությունը, եղել են նաև ընթացակարգային անհամատեղելիություններ։