Ինչ լավ է, որ եղել ենք, կանք,
Մեկ մոտիկ ենք ու մեկ՝ հեռու
Մի օր էլի թե մոռանանք,
Ցոլք, նորից մեզ հիշեցրու….
Վիկտոր Հովսեփյան
Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցում կայացավ վիրահայ գրող, բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի անտիպ գործերի «Նանե՛, նանե՛, կրա՛կ տուր ինձ» խորագրով ժողովածուի արդեն երկրորդ շնորհանդեսը:
Գիրքը լույս է տեսել դեռևս ապրիլ ամսին, այն նվիրված է հեղինակի 70-ամյակին: Սա Հովսեփյանի թվով 16-րդ գիրքն է, դրանցից 7-ը հրատարակվել են հետմահու: Առաջին անգամ գրքի շնորհանդեսը կայացել է մայիսին՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում:
Գրքում տեղ են գտել Վիկտոր Հովսեփյանի տպագրված և անտիպ ստեղծագործությունները: Բանաստեղծի դուստրը՝ Գիսանե Հովսեփյանն «Ալիքի» հետ զրույցում ասում է՝ նման գիրք հրատարակելու գաղափարը պատկանում է հեղինակին:
Գրքի շնորհանդեսը կազմակերպվել էր դպրոցի տնօրինության կողմից, աշակերտներն ասմունքներով ու փոքրիկ ներկայացմամբ փոխանցեցին հովսեփյանական գործերը:
«Այս տողերում կգտնեք ձեզ, ձեր մանկությունը»,- իր խոսքում ասում է Գիսանե Հովսեփյանը, ավելացնելով՝ «ամենադժվարն անտիպ գործերը հրատարակելն է, մանավանդ, եթե դա քո հոր ստեղծագործություններն են»: