«Ինդիգո»-ի լրագրողին տեղափոխել են Թբիլիսիի քաղաքային դատարան

Բերման ենթարկված «Ինդիգո» լրատվամիջոցի լրագրող Սաբա Սորդիան տեղափոխվել է Թբիլիսիի քաղաքային դատարան։

Ոստիկանությունը լրագրողին ձերբակալել էր ապրիլի 6-ին, նա մեղադրվում է անհնազանդության համար [Վարչական իրավախախտումների մասին օրենքի 173-րդ հոդված]։

Սաբա Սորդիայի կալանքը մեկուսարանում երեկ՝ ապրիլի 7-ին, երկարացվել է։

Լրագրողի պնդմամբ`ինքը եղել է մետրոյի Մարջանիշվիլիի կայարանում, երբ նրան են մոտեցել երկու ոստիկաններ և պահանջել նրա նույնականացման քարտը։ Նրա խոսքով` դիմադրություն չի եղել, և անձը հաստատող փաստաթուղթը հանձնելուց հետո ոստիկանության աշխատակիցները պահանջել են բացել պայուսակը։ Սորդիան բացել է պայուսակը, բայց հետո ոստիկաններն իրենք են փորձել բացել պայուսակի գրպաններից մեկը, և Սաբան ասել է, որ ինքը կբացի։ Դրանից հետո ոստիկանության աշխատակիցները նրան նստեցրել են մեքենա և տարել Մարջանիշվիլիի փողոցի վրա գտնվող ոստիկանական բաժին։