
Դատավոր Զվիադ Ցեկվավան «Ինդիգո» լրատվամիջոցի լրագրող Սաբա Սորդիային տուգանել է 2500 լարիի չափով։ Սաբա Սորդիան մտադիր է բողոքարկել որոշումը։
Սաբա Սորդիան վարչական կարգով ձերբակալվել է ապրիլի 6-ին մետրոյի «Մարջանիշվիլի» կայարանի մոտ՝ ոստիկանին չենթարկվելու մեղադրանքով։ Փաստաբան Մարիամ Կվելաշվիլիի խոսքով՝ լրագրողին ոստիկանությունը ձերբակալել է այն բանից հետո, երբ նրան կանգնեցրել են «մակերեսային խուզարկության» ժամանակ, իսկ նույնականացման քարտը ներկայացնելուց հետո նրանից պահանջել են ցույց տալ պայուսակի պարունակությունը։
Ձերբակալությունից հետո Սաբա Սորդիան 48 ժամ պահվել է քննչական մեկուսարանում։ Բերման ենթարկված լրագրողը պատմել է, որ իրեն ոստիկանական պարեկային մեքենայում փորձել են նվաստացնել ականջօղ կրելու համար: