Ինչու պետք է մասնակցել ընտրություններին

Ընտրությունները ժողովրդավարության և քաղաքացիական ներգրավվածության հիմնաքարն են: Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարևոր է գիտակցել քվեարկության կարևորությունը մեր համայնքների և ապագայի համար:

Քվեարկությունը ոչ միայն իրավունք է, այլև պատասխանատվություն, որը հնարավորություն է ընձեռում ներգործելու հասարակության կողմնորոշման վրա՝ պատասխանատվության ենթարկելու ընտրած պաշտոնյաներին։ Քվեարկելով՝ քաղաքացիներն օգնում են ձևավորել քաղաքականություն և որոշումներ, որոնք ազդում են մեր կյանքի բոլոր ոլորտների վրա` սկսած կրթությունից և առողջապահությունից մինչև ենթակառուցվածքներ ու քաղաքացիական իրավունքներ:

Քվեարկության կարևորությունն ընդգծելու նպատակով զրուցել ենք փորձագետների հետ. նրանք վստահեցնում են, որ ընտրությունները մեզ բացառիկ հնարավորություն են տալիս ազդելու մեր համայնքների և երկրի ապագա զարգացման վրա:

ԹՊՀ-ի պրոֆեսոր Զուրաբ Դավիթաշվիլին ասում է. «Դա բոլորիս պատասխանատվությունն է։ Մարդիկ պետք է հասկանան, որ սա մեր երկիրն է, որի պատասխանատուն մենք ենք: Այն մտածելակերպը, թե մեկ ձայնը որևէ բան փոխել չի կարող, շատ վատ է անդրադառնում ընտրողների ակտիվության վրա։ Մի հայտնի խոսք կա. «Լավ մարդիկ վատ կառավարության իշխանության գալուն նպաստում են ընտրություններին չմասնակցելով»»։

«Նիհիլիզմ» կոչվածն արտահայտվում է նաև հասարակական ոլորտի հանդեպ վերաբերմունքի մեջ։ Սրա մասին ավելի որոշակի զրուցեցինք «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման (PMMG) գործադիր տնօրեն Ալեքսանդրա Կալատոզիշվիլիի հետ։

«Հասարակական ոլորտի հանդեպ նման վերաբերմունքը հաստատ նոր չէ, ինչը պայմանավորված է նաև հասարակական ոլորտին ուղղված նեգատիվ քարոզարշավով», — ասաց նա` ընդգծելով հասարակական ոլորտի կարևորությունը ժողովրդավարական հասարակության շրջանում: Կալատոզիշվիլիn նաև հավելեց, որ «ցավոք, հասարակական ոլորտը չի կարող աշխատել ողջ երկրի մասշտաբով»։

ԹՊՀ դասախոս, լրագրության դոկտոր Մանանա Շամիլիշվիլին նշեց, որ 2012 թվականին՝ փոփոխություններից առաջ, ևս նիհիլիզմ կար.

«Չնայած մեր հասարակության շրջանում ամրապնդված նիհիլիզմին, որի արմատները բավականին խորն են, մենք ունենք նաև լավ օրինակ՝ 2012 թվականի ընտրությունները, երբ ընտրողները կատարեցին իրենց բանական ընտրությունը, ինչը բավականին մեծ բան է մեզ նման երկրի համար, որն անկախության կարճ պատմություն ունի։ Մեր հասարակությունը պասիվ է։ Հասարակության միավորումն է կարևոր, հասարակությունը պետք է գիտակցի, որ իր ընտրած իշխանությունը հաշվետու է իրեն։ Նիհիլիզմի հիմքում անփորձությունն է»։

Մեր զրուցակիցներն ընդգծեցին նաև ընտրություններին էթնիկ փոքրամասնությունների մասնակցության կարևորությունը, ասացին, որ էթնիկ փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչները սկսել են կոտրել մի շարք կարծրատիպեր, այդ թվում` այն համոզմունքը, որ փոքրամասնությունները միշտ ընտրում են իշխող կուսակցությանը:

Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան