Խորհրդարանի լիագումար նիստում տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը և հարցրել. «Որտե՞ղ եք կանգնած, ինչո՞ւ եք հեռացել ժողովրդի կամքից և նրանից ստացած մանդատից»:
Խորհրդարանում ներկա են նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և կառավարության այլ ներկայացուցիչներ։
Նախագահը վերհիշել է 2012-ից մինչ օրս տեղի ունեցած իրադարձությունները և «Վրացական երազանք»-ին ասել է, որ կամաց-կամաց «գունափոխություն» են սկսել։
- «2012 թվականին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եվրոպամետ քաղաքական որոշում կայացրեց և իր առաջին միջազգային այցը կատարեց Բրյուսել։
- 2014 թվականին ստորագրվել է Ասոցացման համաձայնագիրը, իսկ վիզաների ազատականացումը ձեռք է բերվել 2016 թվականին։
- 2018 թվականին մեր եվրոպական ապագան ամրագրվել է Վրաստանի Սահմանադրության մեջ: Նույն տարում, կարծում եմ, իմ նախագահական թեկնածության աջակցությունը եվրոպական այս ճանապարհի մի մասն էր։
- 2019 թվականին կայացել է Բաթումիի «Վրաստանի եվրոպական ուղին» հաջողված միջազգային համաժողովը։
- 2021 թվականին էլ դուք այն կառավարությունն էիք, որը ժողովրդին խոստացավ, որ մինչև 2024 թվականը Վրաստանը կդիմի ԵՄ անդամակցության համար։
- Իշխող կուսակցությունը եվրոպական այս ուղին միաձայն անվանել է «մեր քաղաքակրթական ընտրությունը»։
- Ուստի ես հիմա չեմ կարող ասել, թե որտե՞ղ եք դուք և ինչու՞ եք հեռացել ժողովրդի կամքից և նրանից ստացած մանդատից։ Այսօր դուք այն իշխանությունն եք, որը կամաց-կամաց սկսել է «գունափոխվել»»,- ասել է նախագահը:
Զուրաբիշվիլին նաև դիմել է խորհրդարանի անդամներին՝ նշելով, որ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ և փոփոխություններ, որոնք հապճեպ ընդունվել են, ծառայում են միայն «իշխանության համախմբմանը»:
Նախագահը նշել է՝ երկրի ապագայի համար անհրաժեշտ դատաիրավական բարեփոխումները «մտել են փակուղի» և «Վրացական երազանքին» ասել է, որ իրենք «չեն կոտրել այն արատավոր շրջանակը, որի վրա տարիներ շարունակ քայլում են նույն մարդիկ և որը կարող է ծառայել նաև իշխանության ամրապնդմանը»։
Ըստ նախագահի՝ «Վրացական երազանքի» կառավարությունը վերջին տարիներին իր «անհասկանալի քայլերով» դեմ է դուրս եկել երկրի արտաքին նպատակին և ժողովրդի մանդատին։