Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արագացված կարգով փոփոխություններ է կատարել «Ընտրական օրենսգրքում». կատարված փոփոխությունները փորձագետներն ու ընդդիմադիրները լեգիտիմ չեն համարում, թեև նշում են՝ «Վրացական երազանք»-ը պատրաստվում է 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին:
Ըստ փորձագիտական խմբերի՝ «Վրացական երազանք»-ի չլեգիտիմացված, միակուսակցական խորհրդարանի վերջին օրերին ընդունած բոլոր օրենքները լեգիտիմ չեն. «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններով «Վրացական երազանք»-ն իր ստեղծած զուգահեռ իրականությունում արդեն «հաղթում է 2025-ի ՏԻՄ ընտրություններում»:
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանի կատարած փոփոխություններով սակրեբուլոներում (քաղաքային ավագանի) համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները կրճատվում են, իսկ մեծամասնականները՝ ավելանում:
«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպության իրավաբան Գիորգի Մոնիավան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդհանուր գնահատական տալով` ասաց, որ նախատեսվող փոփոխությունները հետընթաց են 2017 թվականին եղած իրավիճակից և հրաժարում 2021 թվականին ստորագրված «Շառլ Միշելի համաձայնագրից»:
Ըստ Մոնիավայի՝ այս փոփոխությունները ոչ թե կլուծեն 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում բացահայտված խնդիրները, այլ ընդհակառակը՝ ավելի կխորացնեն ընտրական ոլորտում առկա ճգնաժամը:
«Առհասարակ ավելի ճիշտ կլինի դիտարկել, թե որքան լեգիտիմ կլինի այս ոչ լեգիտիմ խորհրդարանի ընդունած ցանկացած օրենք: Ավելի կասկածելի կլինի ոչ լեգիտիմ կառավարության անցկացրած ցանկացած ընտրություն: Ելնելով այն հանգամանքից, որ այս խորհրդարանը լեգիտիմ չէ՝ ցանկացած ընդունած նոր օրենք ևս լեգիտիմ չի լինի», — ասաց Մոնիավան:
Ուշագրավ է, որ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացրած տվյալների, «Վրացական երազանք»-ը Վրաստանի մասշտաբով ստացել էր մեծամասնական մանդատների 89,5 տոկոսը, մինչդեռ համամասնորեն կարողացել էր ստանալ մանդատների միայն 55,6 տոկոսը։ ԿԸՀ-ի տվյալները ցույց են տալիս, որ ի տարբերություն ընդդիմության` իշխող կուսակցության համար ավելի հեշտ է հաղթել մեծամասնականով, իսկ մանդատների համամասնական վերաբաշխումը մեծացնում է ընդդիմադիր կուսակցությունների սակրեբուլո մտնելու հնարավորությունը։
Փորձագետների գնահատմամբ՝ հենց այս նպատակով է «Վրացական երազանք»-ը փոփոխություններ կատարում և ավելացնում մեծամասնականների թիվը, որպեսզի ավելի շատ ներկայացուցիչներ ունենա սակրեբուլոներում: Փորձագետները, սակայն, պնդում են՝ «Վրացական երազանք»-ը դեռ նոր խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացնի, որով կձևավորվի լեգիտիմ խորհրդարան, քանի որ կպարտվի արդար ընտրություններում, հետո նոր հարկ կլինի մտածել 2025-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման կարգի ու ձևի մասին:
«Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիայի անդամ, «Ընտրի՛ր Եվրոպա» քաղաքացիական շարժման համահիմնադիր, վերլուծաբան Լելա Ջեջելավայի խոսքով, «Վրացական երազանք»-ը փոփոխություններ է կատարում, քանի որ կարծում է` կհաղթեն 2025 թվականի ՏԻՄ ընտրություններում:
Ջեջելավայի դիտարկմամբ, «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելով` ««Վրացական երազանք»-ն իր տեսանկյունից փորձում է հեշտացնել հաջորդ ընտրություններում հաղթելու շանսերը»:
«Սա, իհարկե, «Վրացական երազանք»-ի համար երևակայական աշխարհ է. նրանց ընդունած ոչ մի օրենք ուժ չունի, քանի որ իրենց ձևավորած խորհրդարանը լեգիտիմ չէ, դրա լեգիտիմությունը չի ճանաչել ժողովրդավարական ոչ մի երկիր: Նրանք երկիրը դարձնում են Հյուսիսային Կորեա», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Ջեջելավան:
Իրավական հարցերի հանձնաժողովի նիստում օրինագծի հեղինակներից Գիվի Միքանաձեն ասել է, թե «ընտրողների շահերից ելնելով» է վերադարձը տարիներ առաջ (2017-ին) գոյություն ունեցող մոդելին։
Որպեսզի օրինագիծն օրենք դառնա, դա պետք է ստորագրի երկրի նախագահը։ Եթե նախագահը համաձայն չլինի փոփոխություններին, կարող է օգտվել վետոյի իրավունքից. այդ դեպքում օրինագիծը կարող է ստորագրել խորհրդարանի նախագահը և օրենքն ուժի մեջ կմտնի։ Խորհրդարանում օրինագծին կողմ է արտահայտվել 84 պատգամավոր
Օրինագիծն օրենքի ուժ ստանալու դեպքում.
- Թբիլիսիի սակրեբուլոյի 50 պատգամավորներից 25-ը կլինեն մեծամասնական (այժմ` 10),
- Ինքնավար քաղաքներում 35 պատգամավորներից 15-ը կլինեն մեծամասնական (այժմ` 7),
- Ինքնավար համայնքներում պատգամավորների ու մեծամասնականների թիվը տարբեր է: Գործող օրենքով մեծամասնականների թիվը տատանվում է 6-ից 15-ի սահմաններում, իսկ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թիվը կրկնակի մեծ է մեծամասնականների թվից։