
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում արդեն գրեթե մեկ շաբաթ քաղաքացիները սպասում են տեղի «պաշտոնյաների» բացատրություններին, թե ինչու է Ռուսաստանը որոշել լրագրող Ինալ Խաշիգին «օտարերկրյա գործակալ» հայտարարել։ Այլ հարցեր նույնպես կան ռուսական ազդեցության և պատժիչ մեխանիզմների վերաբերյալ, գրել է վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանը:
Ինչ-որ մեկին օտարերկրյա գործակալ պիտակավորելը, Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելը, արտաքսելը կամ սահմանին կանգնեցնելը՝ այս ցանկին վերջերս ավելացել է Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի Աբխազիայի շրջանում ՌԴ քննչական կոմիտեի գործունեությունը։
Ընդդիմադիր քաղաքական գործիչները, քաղաքացիական ակտիվիստները, լրագրողները մարտի 12-ին «խորհրդարանական հանձնաժողովի» նիստում քննարկել են տարիների ընթացքում կուտակված խնդիրները, իսկ մարտի 13-ին «օմբուդսմեն» Անաս Քիշմարիան նույնպես թվարկել է խնդիրներից մի քանիսը, նրան ևս հետաքրքրել է, թե ինչու են պատժել բոլորին հայտնի անձանց:
Զեկույցում Քիշմարիան նշել է, որ չի կարող անտեսել 2025 թվականին տեղի ունեցած իրադարձությունները.
- Ընդդիմադիր «պատգամավոր» Կան Կվարչիային զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից,
- Ընդդիմադիր հասարակական գործիչ Լևան Միքաային զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից,
- «Աբխազիայի քաղաքացուն» վտարել են Ռուսաստանից, իսկ դիրիժոր Բարաս Կուժբային 10 տարով արգելել են հատել «սահմանը»,
- Թուրքիայում բնակվող «Աբխազիայի քաղաքացի» Ումիթ Աշբային արգելել են մուտք գործել Ռուսաստան,
- «Երկքաղաքացի» լրագրող Ինալ Խաշիգը «օտարերկրյա գործակալ» է հայտարարվել,
- ՌԴ քննչական կոմիտեն քրեական հետաքննություն է սկսել Աբխազիայում բնակվող ՌԴ քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ ահաբեկության մեղադրանքով։
«Ես անընդունելի եմ համարում պետական մարմինների լռությունը, նրանք հրապարակային չեն մեկնաբանում Ռուսաստանի պետական մարմինների կայացրած որոշումները: Կարծում եմ՝ պաշտոնյաների արձագանքն այս իրավիճակին կորոշի, թե որքան միասնական է մեր պետությունը», — ասել է Քիշմարիան, և նրա ելույթը հարուցել է նոր դե ֆակտո նախագահի ներկայացուցիչների դժգոհությունը։
Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների լռությունը պատժվածների գլխավոր խնդիրն է. նրանց դեռ ոչ ոք չի բացատրել, թե կոնկրետ ինչ պահանջներ ունի Մոսկվան իրենց դեմ։
Աբխազիայում հայտնի լրագրող, «Չեգեմսկայա պրավդա» թերթի հիմնադիր ու հեղինակ Ինալ Խաշիգը մարտի 7-ին ՌԴ արդարադատության նախարարության կողմից «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ է ստացել, և այդ ժամանակից ի վեր լրագրողը կոչ է անում «իշխանություններին» գոնե մի քանի բառ ասել, սակայն՝ ապարդյուն:
Ռուսաստանի կողմից Խաշիգին «գործակալի» կարգավիճակ տալն Աբխազիայում համարվում է «խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ», և դա քննարկվել է նաև մարտի 12-ի հանդիպմանը։ Բազմիցս ասվել է նաև, որ «երկրի ինքնիշխան իրավունքները» պաշտպանող մարդկանց նկատմամբ ճնշումը հիմնականում մեծանում է: