Մարտի 6-ին պարզ դարձավ, որ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քաղաքականություն է վերադառնում: Նա զբաղեցնելու է իշխող «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը: Ղարիբաշվիլիի վերադարձը ողջունեցին ինչպես «Վրացական երազանքի» անդամները, այնպես էլ վերջերս կուսակցությունից հեռացածները, մինչդեռ, ինքը` Ղարիբաշվիլին, անհասկանալի է համարում հեռացած պատգամավորների պահվածքը, նրանց գործողությունները բնորոշում «թշնամու ջրաղացին ջուր են լցնում» արտահայտությամբ:
Իրակլի Ղարիբաշվիլին ծնվել է 1982 թվականին Թբիլիսիում: Ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Սովորել է Սորբոնի համալսարանում, քաղաքական գիտությունների ֆակուլտետում:
Բավականին երկար տարիներ` 2004-2012 թվականներին աշխատել է «Քարթու գրուպ»-ում, որը պատկանում է Բիձինա Իվանիշվիլիին: Ղարիբաշվիլին, ինչպես և «Վրացական երազանքից» վերջերս հեռացած պատգամավորները, կուսակցության հնաբնիկներն են: Նա ակտիվորեն ներգրավված էր 2012 թվականի նախընտրական պայքարին, հանդիսանում է կուսակցության հիմնադիր-անդամ, իսկ ընտրությունների արդյունքում կուսակցության մեծամասնական ցուցակով պատգամավոր ընտրվեց: Իշխանափոխությունից հետո նա նշանակվեց ներքին գործերի նախարար, իսկ Բիձինա Իվանիշվիլիի` վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո, Ղարիբաշվիլին վարչապետ նշանակվեց 2013 թվականին և այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ը: Պատճառը, ինչպես Ղարիբաշվիլին էր նշում «հեռանալն էր ուղղակի հեռանալու համար»: Հետագայում, Բիձինա Իվանիշվիլին նույնպես հայտարարեց, որ պատճառը դա է, թեև հավելեց, որ Ղարիբաշվիլին խնդիներ ուներ` իր բարեկամներին պաշտոններ տալու տեսանկյունից: Ընդ որում, Ղարիբաշվիլիին նման մեղադրանքներ էին առաջադրում նաև ընդդիմությունն ու քաղհասարակությունը: Մասնավորապես, խոսվում էր, որ Ղարիբաշվիլին աջակցություն էր ցուցաբերում աներոջ քրոջ որդուն` Թամազ Ջանկղարաշվիլիին, ով ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության ղեկավար պաշտոն էր զբաղեցնում:
Միևնույն ժամանակ, Ղարիբաշվիլին հայտնի էր որպես, այսպես կոչված, «Կախեթական կլանի» անկյունաքարային անձ: «Կախեթական կլանը» հիմանականում բախկացած է ուժայիններից` ՆԳՆ և Պետական անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից: Վրաստանում նույնիսկ ժամանակին որոշ ընդդիմադիրներ կատակում էին, թե 2012 թվականին Վրաստանի քաղաքական կենտրոնը Կախեթին է:
Այս ամենի հետ մեկտեղ, «Քրոնիկա +» թերթի խմբագիր Էլիսո Կիլաձեն պնդում է, որ Ղարիբաշվիլիին պաշտոնից հեռացրել են, քանի որ վերջինս կապ է ունեցել ռուսական քաղաքական էլիտայի հետ, մասնավորապես «Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Օթար Արշբայի հետ: Կիլաձեն հայտարարել է, որ Ղարիբաշվիլին ներկա է եղել Արշբայի հյուրանոցի բացմանը Բաթումիում, որտեղ էլ բանակցություններ են վարել:
Ինչու՞ է Ղարիբաշվիլին վերադարձել.
Ղարիբաշվիլիի վերադարձի պաշտոնական վարկածը կուսակցությունում սպասվող վերակազմավորումն է: Նշենք, որ բոլորովին վերջերս կուսակցությունից մի շարք պատգամավորներ հեռացան: Պաշտոնական պատճառը` դատավորներին անժամկետ նշանակելն ու այդ դատավորների անուններն էին: Քանի որ «Վրացական երազանքի» հին թիմը դեմ արտահայտվեց այն դատավորների նշանակմանը, որոնք Սաակաշվիլիի կառավարության տարիներին աչքի էին ընկել մի շարք աղմկահարույց գործերով, այդ թվում Սանդրո Գիրգվլիանիի սպանության: Սանդրո Գիրգվլիանին բանկի աշխատակից է եղել, ում, ըստ շրջանառվող լուրերի, ռեստորաններից մեկում վեճի բռնվելուց հետո սպանել էին ՆԳՆ և Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում շրջանառվում էր այս գերատեսչությունների ղեկավարների անունները: Մինչդեռ դատարանի որոշմամբ պատասխանատվության էր ենթարկվել ընդամենը մի քանի ոստիկան, որոնց հետագայում Սաակաշվիլին ներում էր շնորհել:
Մինչդեռ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Սերգո Ռատիանին պնդում է, որ Իվանիշվիլին ուղղակի այլ բան չէր մնում, քան Երազանքի հներից մեկին վերադարձնել, քանի որ կուսակցությունը կորցնում է գրավչությունը: Բացի դրանից, նշվում է, որ Ղարիբաշվիլիին վերադարձրել են «հներին ու նորերին բալանսավորելու համար»: