Թբիլիսիում մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ հաղթանակը նշանավորվեց «անմահ գնդի» երթով, մի քանի հակաակցիաներով: Սովորաբար, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են Եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Այս տարի, սակայն, Թբիլիսիում և Ջավախքում այն չկարևորվեց: Ինչպե՞ս են արձագանքում համայնքային կազմակերպությունները:
Տարիներ շարունակ Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կենտրոնը կազմակերպել է համերգներ, միջոցառումներ: Հարկ է նշել նաև, որ 2014 թվականին ծրագրվում էր մեծ համերգ անցկացնել Թբիլիսիի «Արտհոլ» համերգասրահում: Համերգասրահի վարչությունը, սակայն, համերգից մի քանի ժամ առաջ պատճառաբանելով ադրբեջանական իշխանությունների դժգոհությունը, հրաժարվել էր պայմանավորվածությունից: Չնայած այդ հանգամանքին, տոնը նշվել էր Թբիլիսիի սբ Էջմիածին եկեղեցու բակում:
Վիրահայոց թեմի մամլո դիվան Սուսաննա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասում է, որ որոշ հարգելի պատճառներով այս տարի միջոցառումը հետաձգվել է, սակայն այն անպայման տեղի կունենա:
Ինչ վերաբերում է Թբիլիսիում գործող «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությանը, 2016 թվականին վերջիններիս նախաձեռնությամբ մեկնարկեց Եռատոն խորագրով փառատոնը, ինչից հետո այն այլևս չի նշվել՝ համենայնդեպս համերգի ձևաչափով: ՀԿ-ի նախագահ Սամվել Մկրտչյանն ասում է՝ որևէ արտառոց կամ հատուկ պատճառ չկա, «ուղղակի այդպես է ստացվել, որ այս տարի չի նշվել՝ ելնելով իրադրությունից ու հնարավորություններից»:
Եռատոնին նվիրված համերգ այս տարի կայացել է Ախալքալաքիի երիտասարդական կենտրոնում, որի ընթացքում տեղի է ունեցել նաև ՀՀ Սփյուռքի նախարարութան անունից պարգևատրում:
Հատկանշական է, որ մայիսի 8-ին Մառնեուլիում Վրաստանի ադրբեջանցիների ինտեգրացիայի կենտրոնում անցկացվել է Շուշի քաղաքի «գրավման» 27-րդ տարվան նվիրված միջոցառում՝ «Կորցված դրախտ» խորագրով: