Transparency International-Georgia և «Արդար ընտրություններ» հասարակական կազմակերպությունների կողմից հուլիսի 21-ին հրապարակված հետազոտությունն ապացուցում է, որ երկրում անցկացված վերջին ընտրությունները կեղծվել են: Հիշյալ ՀԿ-ների տարածած հայտարարությունում նշվում է, որ հետազոտությունը կազմվել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլիի տրամադրած փաստաթղթերի հիման վրա:
Հետազոտությունը ցույց է տալիս անօրինական ճանապարհով իշխող կուսակցության օգտին ընտրողների ձայների մոբիլիզացման լայնածավալ սխեման, որը մեծ հավանականություն ունի ապացուցելու պետական մարմինների (այդ թվում՝ իրավապահ մարմինների) օգտագործումը ընտրական/կուսակցական նպատակներով։
ՀԿ-ների տվյալներով՝ բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների և այլ քաղաքացիների անձնական տվյալները հավաքագրվել են հավանաբար այդ գերատեսչությունների միջոցով՝ ենթադրաբար հետագայում նրանց վրա ճնշում գործադրելու նպատակով։
Հետազոտության մեջ մասնավորապես նշված է՝
«Ընտրություններում աջակցության դիմաց տարբեր պետական գերատեսչությունների միջոցով քաղաքացիներին տրամադրվել են տարբեր տեսակի արտոնություններ։
Ամբողջական սխեմայի մասշտաբը թույլ է տալիս ենթադրել, որ այս մեթոդներով ընտրական գործընթացին միջամտելու արդյունքում հնարավոր է եղել մեծ մասշտաբով մոբիլիզացնել ընտրողների ձայները հօգուտ իշխող կուսակցության։
Ավելի կոնկրետ՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները, օգտվելով տարբեր պետական գերատեսչությունների ծառայություններից, իբր կոնկրետ անձանց խոստացել են քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ ազատում, կասեցված/բռնագրավված վարորդական իրավունքի վերականգնում, վճարների նվազեցում (վերաորակավորում), քրեական գործերով պատիժ կրելու պայմանների բարելավում, ժամկետային զինծառայողների կանչի հետաձգում և այլն»,- նշված է ՀԿ-ների կողմից տարածած հայտարարության մեջ: