Ինչպես են ընտրություններն անցկացվելու նոր տեխնոլոգիաների կիրառմամբ

2024 թվականի խորհրդարանական ընտրությունները պատմական են լինելու Վրաստանի համար: Նախ, այս ընտրություններն իրենց էությամբ գործնականում հավասարազոր են հանրաքվեի, քանի որ դրանց արդյունքները կախված են լինելու այն իրողությունից, թե ուր կգնա երկիրը՝ եվրատլանտյան ուղղությա՞մբ, թե դեպի ռուսական իմպերիալիզմ։

Հոկտեմբերի 26-ի ընտրությունները պատմական են լինելու նաև տեխնոլոգիական առումով։ Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ընտրողների գրեթե 90 տոկոսը քվեարկելու է էլեկտրոնային սարքերի միջոցով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նշել է, որ օրենքով իրենք պարտավոր են ընտրական տեղամասերի առնվազն 70 տոկոսում իրականացնել էլեկտրոնային ընտրություններ, սակայն վարչակազմը որոշում է կայացրել և սահմանել որոշակի չափանիշներ, ըստ որոնց՝ եթե ​​ընտրատեղամասերը գտնվում են շրջանային հանձնաժողովի գրասենյակից 20 կիլոմետր շառավղով հեռավորության վրա, և ընտրատեղամասում 300-ից ավելի ընտրող կա, ապա նման տեղամասերում ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային համակարգով։ 2024 թվականի ընտրությունների համար ստեղծված ընտրական տեղամասերի ցանկը, որտեղ ընտրությունները կանցկացվեն նոր և հին մեթոդներով, կարող եք ծանոթանալ այստեղ։

Ընտրություններում երկու հիմնական սարք է օգտագործվելու: Ստուգող սարք, որը կօգտագործվի ընտրողներին ստուգելու համար և լիովին փոխարինում է ավանդական աղյուսակներով ցուցակներին: Ինչ վերաբերում է ձայների հաշվառման հատուկ մեքենային, ապա դրա հիմնական խնդիրը ընտրողի քվեարկության գաղտնիության ապահովումն է, ինչպես նաև հնարավորինս սեղմ ժամկետներում հանրությանը տեղեկացնելն ընտրությունների նախնական արդյունքների մասին։ Այս սարքերն աշխատում են միմյանցից անկախ և միացված չեն ինտերնետին:

Ստուգող սարքը կփոխարինի թղթի վրա տպված ցուցակներին: Եթե ​​նախկինում ընտրողների գրանցումը կատարվում էր թղթի վրա տպված ցուցակների միջոցով, ապա այս դեպքում ընտրողը կգրանցվի էլեկտրոնային եղանակով։ Յուրաքանչյուր տեղամասում լինելու է 2-ից 5 ստուգող սարք՝ կախված ընտրողների թվից։ Մեքենաները համատեղված են միմյանց հետ, և ցանկացած ընտրող հնարավորություն կունենա մոտենալու ցանկացած ազատ գրանցողի։ Նա այլևս ստիպված չի լինի գնալ այբբենական կարգով որոշված ​​գրանցողի մոտ ու հերթ կանգնել։ Սա մեծապես կարագացնի ընտրական գործընթացը։

Ինչ վերաբերում է էլեկտրոնային քվեարկության սկաներին, ապա դա կարող ենք պատկերացնել որպես exit poll-ի փոխարինող։ Ընտրատեղամասում կլինի նաև պլանշետային համակարգիչ, որն ամենակարճ ժամկետում կուղարկի ընտրատեղամասում գրանցված գործողությունները և քվեարկության նախնական արդյունքները ԿԸՀ անվտանգ սերվեր։ Էլեկտրոնային սկաներով քվեարկելիս քվեաթերթիկները սկանավորվում են, ինչն ապահովում է ընտրատեղամասերի փակվելուց հետո ամենակարճ ժամկետում նախնական արդյունքների հրապարակումը։

Հոկտեմբերի 26-ին ընտրատեղամասերը կբացվեն ժամը 8-ին։ Հասնելով ընտրատեղամաս՝ հերթի կառավարողը կստուգի, թե արդյոք ընտրողը մատնանշում ունի։ Դրանից հետո ընտրողը պետք է մոտենա գրանցողին։ Այս ընտրություններում գրանցողն այլևս չունի թղթի վրա տպված ցուցակներ, ուստի ընտրողները կարող են դիմել ցանկացած ազատ գրանցողի: Ընտրողը պետք է ներկայացնի նույնականացման քարտ կամ անձնագիր: Նշենք, որ մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը տրված անձը հաստատող, այսպես կոչված՝ լամինացված փաստաթղթերը չեղարկվել են, և դրանց միջոցով հնարավոր չէ մասնակցել ընտրություններին։ Երբ գրանցողը հաստատի, որ ընտրողը ճիշտ ընտրատեղամասում է, մատնանշում կանի, ստուգման սարքից կտրոն կտպի, որտեղ ընտրողը պետք է ստորագրի. այդ կտրոնը մնում է գրանցողի մոտ։ Գրանցողն ընտրողին է տալիս քվեաթերթիկ և քառակուսի ծրար: Գրանցողը կնշի քվեաթերթիկի վրա առկա փորձնական շրջանը՝ ընտրողին ցույց տալով, թե ինչպես պետք է ճիշտ նշի իր ընտրությունը: Դրանից հետո ընտրողը պետք է մտնի գաղտնի քվեարկության խցիկ, որտեղ արգելված է լուսանկարել և տեսանկարահանել։ Ընտրողը քվեախցիկում պետք է գունավորի ցանկալի քաղաքական սուբյեկտի երկայնքով շրջանակը: Խցիկից դուրս գալուց հետո նա պետք է մոտենա ձայների հաշվման էլեկտրոնային սարքին, քվեաթերթիկը չպետք է ծալի, անմիջապես պետք է դնի ծրարի մեջ գաղտնիությունը պահպանելու համար։ Դրանից հետո նա պետք է շրջի քվեաթերթիկը և ծրարի օգնությամբ սահեցնի ձայների հաշվման էլեկտրոնային հատուկ մեքենայի մեջ, որից հետո պետք է սպասի մի քանի վայրկյան՝ համոզվելու համար, որ մեքենան իսկապես ստացել է քվեաթերթիկը, ապա ծրարը թողնի սեղանին և լքի ընտրատեղամասը:

ԿԸՀ-ից ասում են, որ 2023 թվականի հոկտեմբերին կայացած միջանկյալ ընտրությունները ցույց են տվել էլեկտրոնային սարքերի առավելությունները, այն է՝ արագ ստուգում, հերթերի բացակայություն, արդյունքների ամենակարճ ժամկետում հրապարակում, ձայների անվտանգություն և մարդկային գործոնով պայմանավորված անճշտությունների բացակայություն։

Ընդդիմախոսները կարծում են, որ էլեկտրոնային հաշվառման մեխանիզմն առաջին հայացքից լուծում է բազմաթիվ խնդիրներ, սակայն, այնուամենայնիվ, թողնում է խարդախության մի շարք գործիքներ։ Այդ թվում՝ «կարուսելը» պտտելու հնարավորությունը, երբ նույն մարդը գնում է մի քանի ընտրատեղամաս ու քվեարկում։ Մնում է նաև ընտրական ցուցակները շահարկելու հնարավորությունը: 2024 թվականի ընտրություններում և՛ նույնականացման, և՛ ձայների հաշվառման էլեկտրոնային սարքերը կլինեն հանձնաժողովի այն անդամների ձեռքում, որոնց ընտրում կամ նշանակում է ԿԸՀ-ն։

«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպության իրավաբան Գիորգի Մոնիավան ասաց, որ տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև ընտրությունների անցկացման ավանդական մեթոդն ուղեկցվում են մարտահրավերներով։ Ըստ նրա՝ կարևոր է նշել, որ ինչպես ցույց է տալիս փորձը, խախտումների մեծ մասը տեղի է ունենում նախընտրական շրջանում, այդ թվում՝ խախտումներ, որոնք կարող են ազդել վերջնական արդյունքների վրա։

«Ես նկատի ունեմ ընտրողների կամքի վերահսկողությունը, օտարերկրյա պետական ​​կառույցների ներգրավումը, ընտրակաշառքը, բռնությունը, վարչական ռեսուրսի օգտագործումը և այլն»,- ասաց Գիորգի Մոնիավան:

Ինչ վերաբերում է ընտրությունների օրը մանիպուլյացիաների ռիսկերին, Մոնիավան ասաց, որ մանիպուլյացիայի վտանգը տեսականորեն գոյություն ունի, բայց դա եղել է նաև ավանդական ձևով ընտրությունների ժամանակ։ Նրա խոսքով, որոշ սպառնալիքներ ու մարտահրավերներ, որոնք կային ավանդական ընտրությունների ժամանակ, արդի են նաև էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ ընտրությունների ժամանակ։ Մոնիավան ասաց նաև, որ այս տարի, ավանդական ընտրությունների համեմատ, «կարուսել» կազմակերպելը համեմատաբար կդժվարանա:

Ընդդիմադիր «Դրոա» կուսակցությունից Քեթի Բարբաքաձեն ասել է, որ եթե նախկինում համակարգողները վերահսկում էին ընտրողների ցուցակը, ճանաչում էին ընտրողներին, քանի որ գիտեին համախոհների անունները և արձանագրում էին թղթի վրա, ապա այսօր դա կարելի է վերահսկել էլեկտրոնային եղանակով, քանի որ ԿԸՀ-ն կարող է տեսնել այդ ցուցակը։

Այս թեմայի վերաբերյալ Գիորգի Մոնիավան ասաց, որ չկան փաստեր այն մասին, որ տեխնոլոգիաները կարող են ինչ-որ կերպ կիրառվել ընտրողներին իրականում վերահսկելու կամ պարզելու համար, թե որ ընտրողն ում օգտին է քվեարկել։ Նա ասաց, որ դա իրականում անհնար է անել: Ըստ նրա՝ ընտրողի քվեարկությունը գաղտնի է, և նրա ընտրությունը հրապարակելու տեսական տարբերակ չկա։

«Լելոն Վրաստանի համար» կուսակցության ԿԸՀ անդամ Գիորգի Սիորիձեն ասել է, որ հնարավոր է մանիպուլյացիաներ արվեն ընտրացուցակի հետ կապված։ «Տեսականորեն հնարավոր է, որ անձը կրկնօրինակվի մի քանի տեղամասերի ցուցակում, միայն տեսականորեն: Մեկ ընտրատեղամասում երկրորդ անգամ քվեարկելու դեպքում սարքը  ազդանշան կարձակի մեկ այլ ընտրատեղամասում՝ ելնելով այն հանգամանքից, որ այնտեղ այլ ընտրողների ցուցակ է: Մյուս ընտրատեղամասերը նման ազդանշան չեն տալիս, և դրա տեսական հնարավորությունը կա»,- ասել է Սիորիձեն։ Նա չի բացառել նաև, այսպես կոչված, ընտրողների «կարուսելի» մեթոդի կիրառումը։

Գիորգի Մոնիավան ընդգծել է, որ ավանդական մեթոդով ընտրությունների ժամանակ ինչ սպառնալիքներ կային, դրանք բոլորն էլ կլինեն նաև տեխնոլոգիայի կիրառմամբ ընտրությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ հնարավորինս շատ ընտրողներ գնան քվեարկության և գրանցեն իրենց ընտրությունը, քանի որ որքան շատ լինի մասնակցությունը, այնքան տեսականորեն քիչ հավանական է, որ ընտրությունները կեղծվեն։

ISFED-ը հրապարակել է 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ընկած ժամանակահատվածի հաշվետվությունը։ Փաստաթղթում մանրամասն խոսվում է գալիք ընտրությունների նշանակության, երկրում տիրող քաղաքական միջավայրի, քաղաքական կուսակցությունների գործունեության և լրատվական միջավայրի մասին։

«Քվեարկության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, եթե կա քաղաքական կամք, կարող է դրական ազդեցություն ունենալ քվեարկության գործընթացի վրա։ Միաժամանակ կարևոր է, որ երկիրը պատրաստ լինի ընդառաջել այդ մասշտաբի նորույթին»,– նշել է ISFED-ը:

ISFED-ի զեկույցում ասվում է, որ «ռուսական օրենքը» հատկապես բացասաբար կանդրադառնա տեղական դիտորդական կազմակերպությունների վրա, որոնք պլանավորում են վերահսկել 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրությունները։

Նշվում է նաև, որ կազմակերպություններից ոմանք կարող են կանգնել աշխատանքի հարկադիր դադարեցման վտանգի առաջ։

Ըստ կազմակերպության՝ այդ իրավիճակում ընտրական գործընթացները հանրության կողմից գնահատելու և վստահելու համար էլ ավելի մեծ նշանակություն է տրվում ընտրությունների անաչառ դիտարկմանը։

2023 թվականի ապրիլի 29-ին կայացած Փոթի-Սենակի-Խոբի մեծամասնական պատգամավորների, Գուրջաանիի, Թիանեթիի, Ախալցիխեի, Տկղիբուլիի, Քութայիսիի ավագանիների անդամների, ինչպես նաև Ցագարեի և Թերջոլայի քաղաքապետերի միջանկյալ/արտահերթ ընտրություններում անցկացվել են փորձնական էլեկտրոնային ընտրություններ, 165 ընտրատեղամասերից 117-ում քվեարկությունն իրականացվել է էլեկտրոնային եղանակով:

2023 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի են ունեցել Վրաստանի խորհրդարանի Գորի-Կասպի մեծամասնության պատգամավորի միջանկյալ և Գուրջաանիի քաղաքապետի արտահերթ ընտրություններ։ Էլեկտրոնային տեխնոլոգիաներ են կիրառվել 133 ընտրատեղամասերից 103-ում (ընտրողների 85 տոկոսը)։

ISFED-ը մշտադիտարկել է ապրիլյան ընտրությունները հիմնականում էլեկտրոնային քվեարկության գործընթացն ուսումնասիրելու նպատակով։

ISFED-ը ամփոփ զեկույցում գրել է, որ ընտրությունների ընթացակարգերը հիմնականում անցկացվել են պատշաճ կերպով։ Էլեկտրոնային տեխնոլոգիաներն արագացրել են ընտրողների գրանցման գործընթացը. «Գրեթե բոլոր ընտրատեղամասերում հանձնաժողովն առանց խնդիրների տպել է էլեկտրոնային քվեարկության և հաշվիչ մեքենաների նախնական արդյունքների անդորրագիրը, իսկ քվեաթերթիկների հաշվման գործընթացն անցել է հրապարակային և թափանցիկ։ Ընտրական նյութերը կնքվել են օրենքով սահմանված կարգով»։

«Արդար ընտրությունները» նշել է նաև, որ էլեկտրոնային ընտրությունների դեպքում «անվավեր քվեաթերթիկների» հարցը շատ ավելի կանոնակարգված է, քանի որ «մարդկային գործոնը, սուբյեկտիվ վերաբերմունքն ավելի շատ է բացառված»: Որպես դրական գործոն՝ ISFED-ը նշել է այն փաստը, որ քվեաթերթիկն այլևս անվավեր չի համարվի, եթե չկրի գրանցողի կնիքը, ինչը երբեմն կասկածներ էր առաջացնում, որ գրանցողները դիտավորյալ են թույլ տվել նման «սխալներ»։

Ըստ ISFED-ի, ակնառու խնդիր է եղել տեխնոլոգիաների իրազեկության պակասը ոչ միայն ընտրողների, այլև հանձնաժողովի անդամների շրջանում:

«Անգամ չվիճարկվող ընտրությունների պայմաններում իշխող կուսակցությունը չհրաժարվեց ընտրողների մոբիլիզացիայից ու գրանցման պրակտիկայից։ Շատ դեպքերում դա տեղի է ունեցել նաև ընտրատեղամասի մոտ՝ 100 մետր հեռավորության վրա, ինչն արգելված է Վրաստանի օրենսդրությամբ»,- ասված է ISFED-ի 2023 թվականի ապրիլի 29-ի միջանկյալ/արտահերթ ընտրությունների վերաբերյալ զեկույցում։

Այստեղ հարկ է նշել, որ ընտրատեղամասերի տեխնիկապես հագեցված լինելու և կադրերի պակասը լրացնելու համար ԿԸՀ-ն հուլիսի 8-ից սկսել է «ԿԸՀ ընտրական դպրոցներ» ուսումնական նախագիծը։ Մինչ այդ նախագիծը սկսելը, ԿԸՀ-ն անցկացրել է թրեյներների ինտենսիվ վերապատրաստում (ToT):

«Ընտրական տեխնոլոգիաների միջամտությունը վարչակազմին կանգնեցրել է բազմաթիվ մարտահրավերների առաջ, որոնցից մեկը որակյալ կադրային ռեսուրսներն ենն։ Այդ իսկ պատճառով ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը ընտրական խնդիրների և հատկապես տեխնոլոգիաների վերաբերյալ, իսկ մյուս կողմից՝ պատրաստել պոտենցիալ ընտրական ադմինիստրատորներ։ Ընտրական դպրոցի հաջող իրականացման համար այն պոտենցիալ դասընթացավարների վերապատրաստման ցիկլը, որոնք հետագայում կներգրավվեն այս նախագծում և կվերապատրաստեն մասնակիցներին ողջ երկրում, ակտիվ ռեժիմում է»,- ToT-ի բացման ժամանակ ասել է ԿԸՀ ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլին: 

Ելնելով վերոգրյալից՝ կարելի է ենթադրել, որ առկա է ընտրությունների նախնական արդյունքների վրա ազդելու վտանգ կա ինչպես ավանդական եղանակով, այնպես էլ էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ կայանալիք  ընտրությունների ժամանակ։ Օրինակ՝ ընտրողների սիրտը շահելու մեթոդը, ընտրողներին կաշառելու մեթոդը, վախ սերմանելու մեթոդը և այլն։ Կարելի է ենթադրել, որ ընտրությունների ժամանակ տեխնոլոգիայի կիրառմամբ ընտրությունների արդյունքները շահարկելու վտանգ տեսականորեն չկա։ Կարևոր է նաև նշել, որ էլեկտրոնային տեխնոլոգիայի կիրառմամբ ընտրությունների ժամանակ քվեարկությունը գաղտնի է լինելու։ Գաղտնիությունը կարող է խախտվել միայն այն դեպքում, եթե ընտրողը հայտարարի իր ընտրության մասին։ Կարևոր է նաև, որ քվեն ու ընտրությունը պաշտպանելու միակ և լավագույն միջոցն ընտրությունների ժամանակ ընտրողների բարձր ակտիվությունն է մնում։