
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) մեկ անձի է բերման ենթարկել՝ «Համաներդրումային հիմնադրամ»-ի նախկին նախագահ և «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նախկին դաշնակից Գիորգի Բաչիաշվիլիին վրաց-հայկական սահմանը «ապօրինի» հատելու հարցում «օգնելու» մեղադրանքով։ ՆԳՆ-ն ներկայացրել է հետաքննության վարկածը, թե ինչպես է Բաչիաշվիլին կարողացել փախչել երկրից։
Բաչիաշվիլին, որին Իվանիշվիլին մեղադրում էր խարդախության համար և դատի է տվել «կրիպտոարժույթի գործով», և որին սպառնում էր 9-ից 11 տարվա ազատազրկում, այժմ գտնվում է արտերկրում։ Անհայտ է, թե որտեղ։
Դատարանը այսօր որոշում է կայացրել, որ Բաչիաշվիլիի տունն ու բնակարանը, որով ապահովվել է նրա 2,5 միլիոն եվրո գրավը, պետք է վաճառվեն՝ գումարը վերադարձնելու համար։
Բաչիաշվիլիին օգնելու համար ձերբակալվել է 47-ամյա Շ.Ք.-ն: Քննության տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերին Շ.Ք.-ի հետ կապ է հաստատել նրա ընկերը (նախնական՝ Դ.Գ.-ն, որի անունը ևս ՆԳՆ-ն չի նշում) և գումարի դիմաց առաջարկել «հարցը լուծել»։ Շ.Ք.-ն համաձայնել է Դ.Գ-ի առաջարկին։
Ըստ ՆԳՆ-ի՝ 2024 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին Շ.Ք.-ի հետ կապվել է Գիորգի Բաչիաշվիլիի հայրը՝ Ալեքսանդրե Բաչիաշվիլին` Դ.Գ.-ի անվան տակ և խնդրել է նրան գնալ որոշակի հասցե: Շ.Ք.-ն գնացել է նշված հասցեն և այնտեղ հանդիպել Գիորգի Բաչիաշվիլիին: Վերջինս գումարի դիմաց նրան առաջարկել է Վրաստանից «մեկ անձի» գաղտնի տեղափոխում. Շ.Ք.-ն համաձայնել է։
Առաջին փուլում, ըստ հետաքննության՝ Գիորգի Բաչիաշվիլին Շ.Ք.-ին է փոխանցել Google արբանյակային հեռախոս, խնդրել է իր հետ շփվել միայն այդ հեռախոսահամարով, հանձնարարել է գնել մուգ գույնի Toyota Camry մոդելի մեքենա, փոխանցել է ավտոմեքենա գնելու համար նախատեսված գումարը։ Ըստ հետաքննության՝ Բաչիաշվիլիի առաջադրանքը եղել է հետևյալը՝ Շ.Ք.-ն պետք է ցերեկվա ու գիշերվա տարբեր ժամերի մի քանի անգամ հատեր վրաց-հայկական սահմանը և «մանրամասն տեղեկություն տրամադրեր այնտեղ տիրող իրավիճակի մասին»։
Ըստ ՆԳՆ-ի՝ Բաչիաշվիլին նրան խնդրել է նաև տեսանկարահանող սարքեր տեղադրել մեքենայի առջևի և հետևի դիմապակու վրա, որոնց ձայնագրություններն ինքն է վերծանել՝ սահմանին իրավիճակն ուսումնասիրելու համար։ Հետաքննության տվյալներով, Բաչիաշվիլին խնդրել է Շ.Ք.-ին մի քանի օրով մեքենան թողնել կոնկրետ հասցեում, որի ընթացքում նա հատուկ թաքստոց է պատրաստել մեքենայի մեջ։ Ըստ ՆԳՆ-ի՝ Բաչիաշվիլին այդ պահոցը տեղադրել է «մեքենայի հետևի նստատեղի և բեռնախցիկի միջև»։ Միայն դրանից հետո, ըստ հետաքննության՝ Բաչիաշվիլին Շ.Ք.-ին բացահայտել է, թե «իբր` պետք է գաղտնի հատեր պետական սահմանը»։
Բաչիաշվիլին և Շ.Ք.-ն մարտի 2-ին շարժվել են դեպի վրաց-հայկական սահման՝ Սադախլո-Բագրատաշենի անցակետ։ Քննության տվյալներվ, Գիորգի Բաչիաշվիլին Սադախլոյի անցակետի մոտ թաքնվել է իր ստեղծած թաքստոցում, իսկ Շ.Ք.-ն անցել է անձնագրային հսկողության ընթացակարգեր։ ՆԳՆ-ի նկարագրմամբ՝ սահմանապահները ստուգել են տվյալ անձի փաստաթղթերը, կատարվել է ավտոմեքենայի տեսողական զննություն, և ոչինչ չեն հայտնաբերել։ Ընթացակարգերն ավարտելուց հետո մեքենան ուղղվել է դեպի Հայաստանի սահմանային անցակետ, որը վրացական անցակետից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է։
Հայաստանի սահմանային անցակետում Բաչիաշվիլին դուրս է եկել մեքենայից և ներկայացրել իր անվամբ տրված ՌԴ քաղաքացիությունը հաստատող ևս մեկ այլ անձնագիր։ «Այլ», քանի որ ինչպես հայտարարել է դատախազ Միխեիլ Սադրաձեն, Բաչիաշվիլին իր վրացական և ռուսական անձնագրերը դատախազություն է ներկայացրել 2023 թվականի հուլիսից։ Ըստ հետաքննության՝ Գիորգի Բաչիաշվիլին այսպես է հատել Հայաստանի պետական սահմանը։
ՆԳՆ-ի հետաքննությունը նաև նշում է, որ սահմանը հատելուց հետո Շ.Ք.-ն Բաչիաշվիլիին տեղափոխել է Երևանի միջազգային օդանավակայան։ Այնտեղ հասնելուց հետո Բաչիաշվիլին պահանջել է վերադարձնել հեռախոսը, փոխանցել է խոստացված գումարը, խորհուրդ տվել հեռանալ երկրից։
ՆԳՆ-ից հայտնում են, որ իրենք «օպերատիվ տեղեկությունների» հիման վրա հետաքննություն են անցկացրել և Շ.Ք.-ին ձերբակալել են մարտի 5-ին, երբ նա փորձում էր երկրից հեռանալ վրաց-թուրքական Սարփիի անցակետով: Ըստ ՆԳՆ-ի՝ նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք, որոնք «հնարավոր է` ինչ-որ տեղեկություն ունեին դեպքի վերաբերյալ»։
Խուզարկվել է Շ.Ք.-ի «անձնական և բնակելի բնակարանը», առգրավվել են համակարգչային տեխնիկա, բջջային հեռախոսներ, 3800 ԱՄՆ դոլար, 525 լարի և 66 հազար հայկական դրամ (մոտ 470 լարի)։ Ոստիկաններն առգրավել են նաև մեքենան, որով, ըստ հետաքննության տվյալների՝ շրջում էին Բաչիաշվիլին և մեղադրյալը։
Նախաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 344-րդ և 25-344-րդ հոդվածներով։ 344-րդ հոդվածը սահմանի ապօրինի հատումն է, որը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում 3-ից 5 տարի ժամկետով: 25-րդ հոդվածը վերաբերում է «հանցագործի և հանցակցի պատասխանատվություն»:
Բաչիաշվիլին մարտի 4-ին գրել էր, որ ստացել է «արժանահավատ տեղեկություն» իր անվտանգությանը սպառնացող «իրական սպառնալիքների» մասին, որոնք, ըստ նրա, «կարող են մահացու հետևանքներ ունենալ այսօրվա Վրաստանում»։
Բաչիաշվիլիին արգելված էր լքել երկիրը և հատել Վրաստանի սահմանը 2023 թվականի հուլիսից, իսկ նրա վրացական և ռուսական անձնագրերն առգրավվել էին։
Բաչիաշվիլին մարտի 4-ին ասել էր, որ օգտագործել է «համակարգի թերությունները» երկիրը լքելու համար: ՆԳՆ-ի վերջին հայտարարությունից հետո նա դեռ չի մեկնաբանել։
Ուշագրավ է, որ Բաչիաշվիլիի «փախուստը» ՀՀ-ով՝ իշխանական փորձագետի համար հարմար «առիթ» էր հակահայ գրառում անելու համար: Իվանիշվիլիի համար դատախազությունը երրորդ մեղադրանքն է առաջադրել:
Ով է Գիորգի Բաչիաշվիլին
Գործարար Գիորգի Բաչիաշվիլին, որն այժմ 40 տարեկան է, տարիներ շարունակ համարվում է վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ամենամոտ ու վստահելի մարդկանցից մեկը։
Բաչիաշվիլին` «Իվանիշվիլիի անձնական ֆինանսիստը», ինչպես նրան երբեմն անվանում էին լրատվամիջոցները, կառավարում էր Իվանիշվիլիի առանցքային ընկերությունները Ռուսաստանում և Վրաստանում:
Հենց Գիորգի Բաչիաշվիլին հայտնաբերեց շվեյցարական Credit Suisse բանկի փաստաթղթերում Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսների հետ կապված փաստաթղթերում անհամապատասխանություններ, որոնք սկիզբ դրեցին միլիարդատեր նախկին վարչապետի բազմամյա վեճին բանկի հետ։
2022 թվականի սեպտեմբերի 9-ին Բաչիաշվիլին ցուցմունք է տվել Իվանիշվիլիի օգտին Սինգապուրում Իվանիշվիլիի վեճի մեկ այլ դրվագում՝ որպես նրա խորհրդական։
Բացի այդ, Իվանիշվիլիի շրջապատը, որը հաճախ խոսում է միլիարդատեր նախկին վարչապետի դեմ «Արևմուտքի դավադրության» մասին, Բաչիաշվիլիի գործը կապում է նաև «Գլոբալ պատերազմի կուսակցության» վերաբերյալ «դավադրության» հետ։