Ինչպես է աշխատում օմբուդսմենի ինստիտուտը Վրաստանում

Վերջին շրջանում Վրաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին, մասնավորապես՝ բանտարկյալների հացադուլի, անգվածային ցույցերի, նաև օրեր առաջ Բաթումիում պատահած  ողբերգության, մեդիադաշտում էլ ավելի են հաճախացել քննարկումները հասարակական պաշտպանի (օմբուդսմենի) մասին։

Վրաստանի հասարակական պաշտպանի մասին օրենքում կարդում ենք, որ «Վրաստանի հասարակական պաշտպանը  վերահսկում է Վրաստանի տարածքի և նրա իրավասության շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանությունը», անկախ «ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ կարծիքից, ազգային, էթնիկ և սոցիալական պատկանելությունից, ծագումից, գույքային և կոչումային կարգավիճակից, բնակության վայրից կամ այլ հանգամանքներից», որի համար օմբուդսմենը պետք է վերահսկի պետական իշխանության, մունիցիպալ մարմինների, հանրային հաստատությունների, պաշտոնատար անձանց գործունեությունը։ 

Օմբուդսմենի ինստիտուտը ծագել է դեռ 1809 թվականին՝ Շվեդիայում, սակայն միայն 20-րդ դարում է տարածվել տարբեր պետություններում։ Տարբեր երկրներում  գործում են նաև  շրջանային, մարզի, գավառի հասարակական պաշտպաններ։ 

Օմբուդսմենի ինստիտուտը Վրաստանում 1997 թվականից է գործում։ Ավելի շուտ 1992 թվականին Վրաստանի Հանրապետության Պետական ​​խորհրդի նախագահությունը որոշում է ընդունել «Վրաստանի Հանրապետության ազգամիջյան հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության պետական ​​կոմիտեի ստեղծման մասին»: Սակայն, ելնելով մարդու իրավունքների պաշտպանությանը տրված առաջնահերթությունից, այս կոմիտեն շուտով վերանվանվեց «Վրաստանի Հանրապետության մարդու իրավունքների և ազգամիջյան հարաբերությունների պաշտպանության կոմիտե»։ Հենց այս կոմիտեի հիման վրա էլ Վրաստանում ձևավորվեց  օմբուդսմենի ինստիտուտը։  

Հասարակական պաշտպանի ընտրելու կարգը

Հասարակական պաշտպանի գործունեությունը ապահովելու համար ստեղծվում է Վրաստանի հասարակական պաշտպանի աշխատակազմը, որի կառուցվածքը, աշխատանքի կարգը և կազմակերպումը սահմանվում են Վրաստանի հասարակական պաշտպանի աշխատակազմի դրույթով: 

Վրաստանի հասարակական պաշտպանն ունի առաջին տեղակալ և տեղակալներ։ Տեղակալների թիվը և լիազորությունները սահմանվում են աշխատակազմի դրույթով։ 

Տվյալ պաշտոնին Վրաստանի խորհրդարանը ընտրում է Վրաստանի քաղաքացու՝ 6 տարի ժամկետով։ Նույն անձին անընդմեջ երկու անգամ ընտրելն արգելվում է: 

Վրաստանի հասարակական պաշտպանն  իրավունք չունի լինել պետության, Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների և մունիցիպալիտետի  ներկայացուցչական մարմինների անդամ, լինել վարձատրվող պետական կամ հանրային ծառայող, բացառություն է գիտական, մանկավարժական, փորձագիտական և արվեստի գործունեությունը: 

Վրաստանի ժողովրդական պաշտպանը չի կարող լինել քաղաքական կուսակցության անդամ կամ մասնակցել քաղաքական գործունեությանը: Բացառություն է այն դեպքը, երբ Վրաստանի ժողովրդական պաշտպանին օրենքի կամ այլ նորմատիվ ակտի հիման վրա պաշտոնապես հանձնարարվում է զբաղեցնել այլ պաշտոն: 

Ընտրվելուց հետո մեկամսյա ժամկետում պարտավոր է դադարեցնել իր պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությունը: Եթե ​​նշված ժամկետում Վրաստանի ժողովրդական  պաշտպանը չկատարի սահմանված պահանջները, նրա լիազորությունները կդադարեցվեն, և խորհրդարանը կընտրի Վրաստանի նոր ժողովրդական պաշտպան։

Իրավասությունները

Օմբուդսմենի գործունեությունը կայանում է Վրաստանի քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց, քաղաքական և կրոնական միավորումների դիմումները և բողոքները քննարկելու մեջ,  որոնք վերաբերում են պետական իշխանության և քաղաքապետարանի համապատասխան մարմինների, հանրային հաստատությունների և պաշտոնատար անձանց գործողություններին կամ ակտերին։ 

Վերահսկում է խտրականության բոլոր  տեսակների վերացումը և հավասարության ապահովումը։ 

Վրաստանի ժողովրդական պաշտպանի/հատուկ կանխարգելիչ խմբի անդամը ստուգում է մարդկանց իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը քրեակատարողական հաստատություններում, կալանքի և ազատության սահմանափակման այլ վայրերում, ինչպես նաև հոգեբուժական հաստատություններում, ծերերի ապաստարաններում և մանկատներում: Անձամբ հանդիպում և զրուցում է կալանավորների, բանտարկյալների և դատապարտյալների հետ: Ստուգում է նշված հաստատություններում նրանց գտնվելու փաստաթղթերը: Տվյալ հաստատություններում հանդիպումները գաղտնի են։ 

Օմբուդսմենը Վրաստանի խորհրդարանին տարեկան մեկ անգամ՝ մարտ ամսին  զեկույց է ներկայացնում երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին։ Զեկույցը պետք է պարունակի երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ ընդհանուր գնահատականներ, եզրակացություններ և առաջարկություններ: 

Բոլոր իշխանական և մունիցիպալ մարմինները, պաշտոնատար անձինք կամ իրավաբանական անձինք պարտավոր են ամեն կերպ աջակցել Վրաստանի հասարակական պաշտպանին, արգելվում է նրա գործունեությանը խոչընդոտելը։ 

Վրաստանի հասարակական պաշտպանի  աշխատակազմը  ֆինանսավորվում է Վրաստանի  պետական բյուջեից, այն քանակով, որն ապահովում է նրա գործառույթների պատշաճ  կատարումը:  Վրաստանի հասարակական պաշտպանի  անկախությունն  ապահովելու նպատակով պետությունը պարտավոր է նրա համար ստեղծել  գործունեության և կյանքի համար պատշաճ պայմաններ: 

Վրաստանի օմբուդսմենն անձեռնմխելի է:

2023 թվականից այս պաշտոնը զբաղեցնում է իրավաբան, «Քաղաքացիներ» քաղ. կուսակցության նախկին պատգամավոր Լևան Իոսելիանին։ Նինո Լոմջարիայի ժամկետը սպառելուց հետո նոր օմբուդսմեն ընտրելու ընթացակարգը ձգվեց՝ քաղաքական խառը իրավիճակի պատճառով։ Հիշեցնենք, որ նույն թվականին առաջին անգամ էր առաջադրվել «Գործակալների օրենքը»։ Լևան Իոսելիանին, որն ընտրվելուն պես հայտնեց քաղաքական գործունեությունն ավարտելու մասին, ընդդիմության որոշ անդամների կողմից անվանվեց «կոմպրոմիսային տարբերակ», չնայած կար նաև քննադատություն պատգամավորին/խորհրդարանի անդամին այս պաշտոնին ընտրելու պատճառով։ 

Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան