Ապրիլի 24-ին Թբիլիսիում ևս տեղի ունեցավ հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման կոչերով բողոքի ցույց: Այս տարի, սակայն, ցույցի ընթացքը տարբերվում էր մնացածներից: Այն ուղեկցվում էր Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած երեխաների տոնին նվիրված տոնական միջոցառմամբ:
Պարզվում է՝ Թուրքիայում ապրիլի 23-ին տոնում են ազգային ինքնիշխանության և երեխաների տոնը, սակայն անհասկանալի պատճառներով Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատունն այս կապակցությամբ միջոցառում-համերգը կազմակերպել էր ապրիլի 24-ին: Սա աննախադեպ էր մոտ 15 տարի Թբիլիսիում հայոց ցեղասպանության օրը կազմակերպվող բողոքի ցույցերի պատմության մեջ:
Ինչպե՞ս անդրադարձավ վրացական մամուլը միաժամանակ ընթացող երկու միջոցառմանը: Ի՞նչ հոդվածներ հրապարակվեցին հայոց ցեղասպանության թեմայով: «Ալիք մեդիան» հետևել է հրապարակվող նյութերին:
Հայոց ցեղասպանության թեմայով այսօր գրել են հիմնականում Netgazeti.ge, On.ge, primetime.ge լրատվամիջոցները, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը:
«Նեթգազեթի» լրատվամիջոցը երկու հոդված է հրապարակել, որոնցից մեկում հեղինակը պատմում է հայոց ցեղասպանության մասին, նշելով, որ այս տարի լրանում է 104-րդ տարելիցը: «Նեթգազեթիի» հրապարակած մյուս նյութն իրադարձային է՝ ներկայացված են այսօր տեղի ունեցած ցույցի լուսանկարները: Նման հոդված է հրապարակել նաև On.ge լրատվամիջոցը: Հրապարակված լուսանկարների շարքում է նաև լուսանկար՝ «երեխաների տոնի» համերգից:
«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը հրապարակել է հոդված Սամցխե-Ջավախեթիում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասին:
Ինչ վերաբերում է մյուս լրատվամիջոցներին, հայոց ցեղասպանությանը վերաբերող հոդվածներ այս պահի դրությամբ չեն հրապարակվել: