Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն անդրադարձել է Աջարիայի հարցին, բացատրել, թե ինչու, ելնելով կորոնավիրուսի հետ կապված վիճակից, «կարմիր գոտի» հայտարարված շրջանը չի փակվում:
Համեմատելով շրջանների հետ, որոնք ավելի քիչ վարակման դեպքերի ժամանակ փակվում էին վարակի տարածման նախնական շրջանում, Գամկղրելիձեն նշել է, որ այն ժամանակ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելու կարիք կար, իսկ հիմա Վրաստանը շատ բան է սովորել:
«Զարգացրել ենք կոնտակտների լուրջ հետազոտությունը, ընդլայնել ենք PCR թեստավորման քանակը: Եթե մարտին մեկ օրվա ընթացքում արվում էր 100-150 հետազոտություն, ապա այսօր այդ թիվը հասնում է 7000-ի ու սրան գումարվում է նաև օրական 1500 արագ թեստերով թեստավորումը»,- ասել է Գամկղրելիձեն:
Նշենք՝ Աջարիայում դեպքերի մեծ քանակի պատճառով փակվել են մի շարք խանութներ, ակումբներ: Տարածքում հնարավոր է անվճար թեստավորում անցնել հիմնական ճանապարհի հատվածում, ինչպես նաև կլինիկաներում: Նախօրեին կառավարությունը հաղորդագրություններ էր ուղարկել քաղաքացիներին՝ հորդորելով, որ, եթե վերջին 12 օվա ընթացքում եղել են Աջարիայում, անպայման թեստավորում անցնեն: