Ամերիկացի նախկին կոնգրեսական Ադամ Քինզինգերն արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:
«Բացարձակ սուտ է, և վարչապետը դա նույնպես գիտի: Ինչո՞ւ պետք է պատերազմ ցանկանանք Վրաստանում, մենք դա չենք ուզում, և իրենք դա գիտեն»,- անդրադառնալով Ղարիբաշվիլիի հայտարարությանը, թե Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ, ասել է Քինզինգերը։
Քինզինգերն ընդգծել է, որ ինքը լավ է ճանաչում վրաց ժողովրդին, իսկ վարչապետին՝ ոչ:
«Ինչո՞ւ է «Վրացական երազանքը» ցանկանում պարտված և ահաբեկչական պետություն Ռուսաստանի կողքին լինել»,- տարակուսել է նախկին կոնգրեսականը։
Ի դեպ, Ղարիբաշվիլին երեկ ասել է, որ Վրաստանում շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ մի քանի պատգամավորներ հայտարարել են, որ ռեժիմը պետք է տապալել ու փոխել։
«Ուզում եմ ձեզ մի բան ասել ողջ պատասխանատվությամբ. նրանց ցանկությունն էր և է Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ և կռվել Ուկրաինայի հետ միասին։ Սա է գլխավոր նպատակը։ Ընկերներ, ուզում եմ դիմել բոլորիդ. մենք՝ վրացիներս, պետք է առողջ բանականություն ունենանք։ Պետք է զգուշություն դրսևորենք, սառը հաստատակամություն ու զգոնություն՝ ոչ մի սադրանք թույլ չտալու համար»,- ասել է Ղարիբաշվիլին։