«Ալիք Մեդիան» օրերս հրապարակված «Հարավկովկասյան երկաթուղում իրադրության վերաբերյալ «ՀԿԵ-ում բացահայտված չարաշահումները հասել են 104 մլն դոլարի. Ինչո՞ւ է ռուսական կողմը խոչընդոտում հայկական երկաթուղու զարգացմանը» հոդվածում անդրադարձել էր նաև քրեական գործում առկա «Շին Արտս» ՍՊԸ-ից «ատկատ» պահանջելու դրվագին: Պարզվում է, որ այս ընկերության հետ առնչվող նյութերի մի մասով քրեական գործ է հարուցվել, անջատվել հիմնական քրեական գործից ու ամիսներ անց կարճվել:
Խնդրի վերաբերյալ զրուցել ենք «Շին Արտս»-ի գլխավոր տնօրեն և «Լիոն Փրինթինգ Սերվիս» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Սահակյանի հետ:
— Պարոն Սահակյան, Դուք ինչքա՞ն ժամանակ եք համագործակցել ՀԿԵ-ի հետ և ի՞նչ խնդիր է առաջացել:
— Մենք երկաթուղու հետ համագործակցել ենք 2000 թ-ից ի վեր, մատուցել ենք տպագրական ծառայություններ, մատակարարել ենք խիճ և գրասենյակային ու տնտեսական ապրանքներ: Համագործակցությունն ավարտվեց 2018 թ-ին, երբ ՀԿԵ նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի, գլխավոր հաշվապահ Վեներա Ավետիսյանի, անվտանգության գծով նախկին փոխտնօրեն Արմեն Դարբինյանի կազմակերպած «շոուներից» հետո մեր՝ մրցույթով հաղթած ու կնքած պայմանագրերն անտեսվեցին ու 1 ամիս անց, առանց որևէ պատճառաբանության, նոր մրցույթ հայտարարվեց: Ի դեպ, մեր պայմանագրերը չեն խզել, այլ, կարծես, դրանք չէին էլ եղել, ուղղակի նոր մրցույթ հայտարարեցին: Մենք հրաժարվել էինք իրենց պահանջած «ատկատը» վճարել: ԱԱԾ թոշակի գնացած, բայց ռեզերվում գտնվող գնդապետ Արա Մնացականյանն ու փոխգնդապետ Արթուր Դավիթավյանը, որոնք այդ ժամանակ աշխատում էին երկաթուղու համակարգում՝ Արմեն Դարբինյանի հովանու ներքո, փորձեցին մեզ ահաբեկել՝ սպառնալով նաև ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրաչյա Հարությունյանի («Կրակեմ Հրաչ») անունից: Նրանց մտքով չէր անցնում, որ երկրում հեղափոխություն կլինի: Ընդ որում՝ Մնացականյանն այժմ ղեկավարում է ՀԿԵ-ում բացված նոր՝ հակակոռուպցիոն բաժինը: Այնպիսի տպավորություն է, որ ԱԱԾ-ի անպիտան գնդապետները թոշակի գնալուց հետո աշխատանքի են տեղավորվում ԱԱԾ անպիտան գեներալ Դարբինյանի մոտ:
— Ձեր մասով քրեական գործն ի՞նչ վիճակում է:
— Գործը քննվում էր ՀԿԵ-ում չարաշահումների վերաբերյալ 2018թ-ին հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ քր.գործը հարուցումից 2 տարի անց դեռևս նախաքննության փուլում է: 2018-ին առերեսումներ են իրականացվել Արմեն Դարբինյանի, Վեներա Ավետիսյանի հետ, պարզվել է, որ 2014 թ-ից սկսած խախտվել է մրցութային ամբողջ հայեցակարգը: Սա մի խայտառակ քրեական գործ է: 2019-ի փետրվարին Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է ՀԿԵ-ում իր ստուգումների արդյունքները և, ըստ օրենքի, հանցագործություն պարունակող փաստերի առկայության դեպքում Քննչական կոմիտեի քննիչները պարտավոր են մեղադրանք առաջադրել, բայց կա՛մ ՔԿ ՀԿԳ վարչության աշխատակիցները միտումնավոր մեղադրանք չեն առաջադրում, կա՛մ նրանք անգրագետներ են և խախտում են օրենքը:
2019 թ-ին մեզ տուժող ճանաչեցին, բայց այս մի դրվագով նյութերը միտումնավոր առանձնացրեցին ընդհանուր գործից և նոր քրեական գործ հարուցեցին: Սրա պատճառով մենք մեկուսացվեցինք ընդհանուր գործի նյութերից և հիմա գտնվում ենք վկայի կարգավիճակում: 2020թ-ին մենք մի քանի հայց ենք ներկայացրել դատարան՝ բողոքարկելով քննիչների և դատախազության անգործությունը: Առաջին ատյանը մեր հայցը բավարարել է, դատախազությունը բողոքարկել է, վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի վճիռը: Ի դեպ, դատախազության ներկայացուցիչը դատարանում հայտարարեց, թե մենք ուզում ենք տուժող ճանաչվել, որպեսզի կարողանանք ընդհանուր գործի բնույթին ծանոթանալ: Անգամ դատավորը զարմացած էր այս հայտարարությունից: Ու թեև դատարանը որոշել է, որ մեզ պետք է տուժող ճանաչեն, ոչինչ չի փոխվել, ՔԿ-ն ու դատախազությունն անտեսում են դատարանի վճիռը և շարունակում նույն անգործությունը:
Քննչական խմբի ղեկավար Վահրամ Հովհաննիսյանի անգործության փաստով կրկին դիմել ենք դատարան, օգոստոսի 6-ին հերթական դատական նիստն է: Դատավորը Կարեն Ֆարխոյանն է, որի եղբայրը՝ Ջոն Ֆարխոյանը, ՔԿ բաժնի ղեկավար էր, անցած տարի հեռացվել է աշխատանքից՝ մեղադրվելով չարաշահումների ու կաշառքի մեջ: Ամեն դեպքում, եթե դատավորի եղբայրը երկար տարիներ Քննչական կոմիտեում է ծառայել, պատկերացրեք, թե ինչպիսի կապեր կարող է այնտեղ ունենալ, մի՞թե նրանք կգնան իրենց կոլեգաների հանդեպ ինչ-որ ոչ բարենպաստ վճիռ կայացնելու: Կարծում եմ՝ Ֆարխոյանը միտումնավոր ձգձգելու է գործը: Վաղը պարզ կդառնա:
Հետաքրքիր է, որ քրեական գործը հսկող դատախազը՝ Մ. Շահգալդյանը, դատավարությունից հետո հայտարարել է, որ լքում է համակարգը: Իսկ քննչական խմբի ղեկավար Վահրամ Հովհաննիսյանն արդեն հեռացել է համակարգից: Նա մի քանի անգամ մեզ ասել է, որ իրեն դատելու են այս գործով: Կարծում եմ՝ նրանից բացի, դատվելու են նաև գործը կոծկելու, ձգձգելու հրահանգ տվողները՝ թե՛ ՔԿ նախագահը, թե՛ ՔԿ վարչության պետերը:
— Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են ձգձգում գործը, ինչո՞ւ մեղադրանք չեն առաջադրում:
— Մի քանի կարևոր գործոններ կան, որ ազդում են այս ամենի վրա: Իրենք ասում են, որ եթե ռուսական ընկերությանը մեղադրանք առաջադրեն, դա իբր կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Մենք էլ ասում ենք՝ մի՛ խեղաթյուրեք, ի՞նչ ռուսական ընկերություն: Այն, որ ռուսական ընկերության անունից քանդում են մեր երկիրը, դա չի՞ ազդում, բայց որ մեկը հանցագործություն է արել, իրեն մեղադրանք առաջադրվի, դա կազդի՞ հայ-ռուսական հարաբերությունների վրա:
— Նիկոլ Փաշինյանը ևս Մոսկվայում լրատվամիջոցներին հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինն աջակցում է այս հարցում, և նա էլ է շահագրգիռ կոռուպցիայի դեմ պայքարով:
— Այո, Ն.Փաշինյանը «Կոմերսանտին» ասել էր, որ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ եկել են եզրակացության, որ այս գործն իրավական դաշտում է, ոչ թե քաղաքական, և իրավախախտում արած անձինք պետք է պատժվեն: Բայց փաստերը, Սերգեյ Լավրովի հայտարարությունը, հայ պաշտոնյաների վարքը հակառակի մասին են խոսում: Օրինակ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը 29 տարեկան հասակում, Սանկտ Պետերբուրգում դասախոսելով, 2019թ-ին դառնում է Հայաստանում փոխնախարար ու իր ձեռքն է վերցնում ամբողջ բանակցային պրոցեսը: Եթե նա աշխատավարձ է ստանում Ռուսաստանից, միթե՞ կարող է որևէ հակակոռուպցիոն քայլ անել ռուսական ընկերության դեմ:
— Օրերս մամուլում տեղեկություն կար, որ Արթուր Վանեցյանին հարցաքննության կանչելու ժամանակ շրջանառվել է նաև ՀԿԵ-ի խնդիրը, որ Վեներա Ավետիսյանը ծրարներ է փոխանցել ԱԱԾ պաշտոնյաներին:
— Խոսքը Վեներա Ավետիսյանի կողմից Արա Հարությունյանին ծրարներով գումարներ փոխանցելու մասին է, որին Վանեցյանը վերականգնել է ԱԱԾ համակարգում, և նա իբր թե 106 մլն դոլարի օգուտ է բերել երկրին: Ես ապշած եմ՝ դա իր տանից է բերե՞լ: Եթե ոչ, ապա դա գումարը ժամանակին գողացված է եղել․ ինչո՞ւ մինչև հիմա այդ գողերին մեղադրանք չի առաջադրվել: Արա Հարությունյանը երկար տարիներ երկաթուղու վերահսկողն է եղել, և եթե հայտարարվում է, որ Վեներա Ավետիսյանը ծրարով գումար է տվել նրան, ինչո՞ւ Ավետիսյանը ձերբակալված չի: Կամ՝ պետք է լրագրողին պատասխանատվության ենթարկեն զրպարտության համար:
Վեներա Ավետիսյանը հանցավոր կլան է ստեղծել երկաթուղում և զբաղված է համակարգը քանդելով: Ամբողջ ՀՀ քրեական օրենսգիրքը նրա դեմքին կարելի է կարդալ:
— Փաստորեն, ԱԱԾ-ն հովանավորե՞լ է ՀԿԵ-ում չարաշահումները, և արդյո՞ք հիմա էլ շարունակում է հովանավորել:
— Ես չեմ կարող ասել, հովանավորել է, թե ոչ: Բայց փաստ է, որ եթե նույնիսկ ոչ 104 մլն, ապա Փաշինյանի նշած 60 մլն դոլարի չարաշահումներ եղել են երկաթուղում: ԱԱԾ-ի պատասխանատու աշխատակիցները կո՞ւյր են եղել և այդ ամենը տարիներ շարունակ չե՞ն նկատել: ԱԱԾ գնդապետերն ու փոխգնդապետները տաքուկ տեղավորվել են ՀԿԵ-ում: Արմեն Դարբինյանի մասին մամուլը բազմիցս գրել է, որ ռուսական լրտես է, և նա ոչ մի անգամ չի հերքել դա: Արմեն Դարբինյանը ղեկավարում է երկաթուղու ԱԱԾ-ական կլանը, իր մոտ է բերել գնդապետներ Արա Մնացականյանին, Կարեն Անտոնյանին, Արթուր Դավիթավյանին, կազմել են 200 հոգանոց անվտանգության ծառայություն, որոնց մի մասը զինված հրաձիգներ են: Ինչի՞ համար են այս զորքը հավաքել: Որ մեր նման գործարարներին ահաբեկե՞ն: Տեսան՝ չի հաջողվում, ԱԱԾ-ի միջոցով՝ հարցաքննելով, վախեցնելով, փորձեցին մեզ ստիպել, որ հրաժարվենք մեր աշխատանքից: Քրեական գործի շրջանակներում արդեն ապացուցված է, որ 2017 թ-ին Ա.Դարբինյանը հանդիպել է մեր ընկերության հիմնադիրի հետ և, այսպես ասած, առաջարկել իր ընկերոջ ընկերությունը մտցնել 50% փայաբաժնի մեջ: Ընկերն էլ Գեղարքունիքի մարզի ԱԱԾ վարչության պետ Լյովա Խաչատրյանն էր: Սա մղձավանջ է: Եվ հիմա այս ԱԱԾ-ականների, քննիչների և երկաթուղու կլանների ղեկավարների ջանքերն ուղղված են գործը ամբողջությամբ քնեցնելուն և մոռացության մատնելուն: Բայց մոռանալ չկա, մեզ մեծ գումարների վնաս են պատճառել, մենք պատրաստ ենք մինչև վերջ գնալու և իրենք պետք է այս ամենի համար պատասխան տան:
Խոստանում եմ՝ Վեներա Ավետիսյանի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ մոտ 1 շաբաթից հրապարակել լուրջ փաստեր, որոնք արտացոլում են նրա գործունեությունը, թե ինչպես են երկաթուղային կշեռքներ գնել 30-40-ապատիկ թանկ գներով, և թե որ բաժնի ու ծառայության պետերն են խառնված այդ կշեռքների «լվացքին», ինչպես նաև սուբսիդավորման գումարների մսխումից մինչև մոտ 150 վագոնների վաճառք և այլն: Վեներա Ավետիսյանը այս և գրեթե մնացած բոլոր չարաշահումների «կնքատատն» է և պետք է պատասխան տա: Նա և նրա նմանները ՀԿԵ-ում այնպիսի փաստաթղթային նկարչությամբ են զբաղված, որ անգամ ստուգման ակտի մեջ նշված է, որ ՀԿԵ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին ու ՀՀ կառավարությանը միմյանց հակասող հաշվետվություններ է ներկայացնում:
Եվ այս ամենը պետք է բացահայտի կենսաֆիզիկ Արմեն Սիմոնյա՞նը: Քննչական կոմիտեն չի՞ տեսնում այդ նկարչությունը: Իհարկե, տեսնում է, և այս ամենը ապացուցված է, իսկ մեղադրյալներ չկան:
— ՀԿԵ-ի աշխատակիցները ցուցմունքներ տվե՞լ են:
— Կարծում եմ՝ գերակշռող մասը ցուցմունք տալուց հրաժարվել են: Նախաքննությունից հետո ՀԿԵ-ի ոչ մի ղեկավար անձ աշխատանքից չի ազատվել, որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել: Եթե շարքային աշխատողները, որ անձրևի ու արև տակ ամբողջ օրը չարչարվում են, գան ու ցուցմունք տան, 2-րդ օրն արդեն կհեռացվեն աշխատանքից: Վեներա Ավետիսյանը կթողնի՞, որ որևէ մեկը գա ու ցուցմունք տա: Ավելին՝ Ավետիսյանն իր մտերիմների միջոցով աշխատողներին հայտարարել է, որ հանկարծ ինչ-որ մեկը չփորձի ցուցմունք տալ, քանի որ քննիչների հարցերն արդեն վաղուց լուծված են:
Գայանե Խաչատրյան