Ինչ փոփոխություններ են սպասվում դպրոցներում սեպտեմբերի 15-ից

Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարության հրամանով 2022-2023 ուսմանական տարվանից վրաստանյան դպրոցներում մի շարք փոփոխություններ են նախատեսված:

«Ալիք Մեդիան» համառոտ ներկայացնում է այն փոփոխությունները, որոնք կգործեն արդեն վաղվանից՝ սեպտեմբերի 15-ից:

Կորոնավիրուսային սահմանափակումների մի մասի վերացում

Չեղարկվել է դեզոբարիերով (ոտքերի ախտահանիչ հարմարանք) դպրոցի շենք մտնելու, ջերմային զննում անցնելու և պարտադիր դիմակ կրելու պարտավորությունը։

Կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցած աշխատակիցները պետք է 10 օր ինքնամեկուսացում անցնեն:

Նոր ուսումնական տարվանից կհանվի դասարաններում և միջանցքներում աշակերտների միջև մեկ մետր հեռավորություն պահպանելու և հիբրիդային ուսուցման ներդրման պարտավորությունը՝ աշակերտներին հերթափոխով վերաբաշխելու կամ դասացուցակը թեթևացնելու նպատակով։

2022-2023 ուսումնական տարվանից հեռավար ուսուցում ընտրելու հնարավորություն կունենան միայն այն աշակերտները, ովքեր իրենց առողջական վիճակով պայմանավորված ռիսկային խմբում են՝ համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքի և ծնողի դիմումի հիման վրա:

2022-2023 ուսումնական տարվանից Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում կվերականգնվի դպրոցական բուֆետների և դպրոցական շրջանակների գործունեությունը։

Նոր ուսմնական տարվանից դասերի տևողությունը կավելանա

Մինչ այժմ համավարակի պատճառով դպրոցներին թույլատրվում էր կրճատել դասաժամերը մինչև 30-35 րոպե, նոր ուսումնական տարվանից դասաժամերը կտևեն 40-45 րոպե:

Նոր առարկաներ կդասավադվեն

2022-2023 ուսումնական տարվանից համակարգչային տեխնոլոգիաների ուսուցումը պարտադիր է դառնում բոլոր դպրոցների II-VI դասարանների աշակերտների համար:

2022-2023 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում կսկսվի «Զինվորական գործ» կրթական նոր նախագծի փորձարկումը, որին կմասնակցի բարձրլեռնային շրջանների 18 դպրոցների հիմնական մակարդակի (VII-IX դասարաններ) ավելի քան 300 աշակերտ:

2022-2023 ուսմնական տարվանից առաջին դասարանում շախմատի դասավանդումը պարտադիր է դարձել: ԿԳ նախարարության և Վրաստանի շախմատի ֆեդերացիայի համագործակցության արդյունքում ամառվա ընթացքում շախմատ դասավանդելու համար վերապատրաստվել է 4000 ուսուցիչ:

ԿԳՆ-ի տվյալներով՝ Վրաստանի դպրոցներում առաջինից մինչև տասներկուերորդ դասարան կհաճախի 632 հազար 726 աշակերտ։

Նշենք, որ 2022-2023 ուսումնական տարում Վրաստանի դպրոցներում կսկսեն սովորել, ընդհանուր առմամբ, 55 հազար 717 առաջին դասարանցի. նրանցից 1 868-ը առաջին դասարան է հաճախելու «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն, որը թույլ է տալիս մինչև հոկտեմբերի 1-ը 6 տարին լրացած երեխաներին դպրոց ընդունվել։

ԿԳՆ-ը դպրոցներին նոր առաջարկություններ է ուղարկել

4000 ուսուցիչ է վերապատրաստվել շախմատ դասավանդելու համար