Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփված են. իշխող թիմն էլ հայտարարել է՝ նոյեմբերի 25-ին կկայանա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, թեև դժգոհում են՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի նշանակում առաջին նիստը: Փորձագետների կարծիքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից ընտրությունների ամփոփիչ արձանագրության հրապարակումից հետո, խորհրդարանի իրավասության ճանաչումը հնարավոր է հետաձգել իրավական և քաղաքական մի շարք մեխանիզմներով:
Սահմանադրագետ Վախուշտի Մենաբդեի խոսքով, ներկա իրավիճակում կարելի է կիրառել ընթացակարգային պայքարի բոլոր մեթոդները։ Ըստ սահմանադրագետի՝ ընթացակարգային պայքարում 2 քայլ կա անելու, որոնցից առաջինը ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո եռօրյա ժամկետում (ԿԸՀ արդյունքները հրապարակվել են նոյեմբերի 16-ին, հետևաբար՝ ամենաուշը նոյեմբերի 19-ին — հեղ.) նախագահը, 30 պատգամավորներ և հանրային պաշտպանը կարող են դիմել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ ընտրությունների սահմանադրականությունը ստուգելու համար: Ըստ Մենաբդեի՝ ՍԴ-ում պետք է բողոքարկվի.
- անվավեր ճանաչել անցկացված ընտրությունները կարգավորող նորմերը
- անվավեր ճանաչել անցկացված ընտրությունների արդյունքների էլեկտրոնային մասը:
Այստեղ հարկ է նշել, որ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան: ՀԿ-ն պահանջում է՝ անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ընդունած 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ամփոփ արձանագրությունը, չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները, արտահերթ ընտրություններ նշանակել:
«Քվեարկության գաղտնիությունը Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, և դրա խախտումն անթույլատրելի է։ Այդ իրավունքը ժողովրդավարական գործընթացների հիմքն է, և դրա անտեսումը խախտում է ընտրական գործընթացի օրինականությունը», — նշել է GYLA-ն:
Սահմանադրագետի խոսքով, 2-րդ քայլը հետևյալն է. նորընտիր օրենսդիր մարմնի լիազորությունների ճանաչման կարգը սահմանվում է խորհրդարանի կանոնակարգով։ Խորհրդարանի առաջին նստաշրջանում ձևավորվում է ժամանակավոր մանդատային հանձնաժողով, որը ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերի հիման վրա խորհրդարան է ներկայացնում հաշվետվություն, որի հիման վրա այն պատգամավորների ցանկը, որոնց լիազորությունները պետք է ճանաչվեն բարձրագույն ներկայացուցչական մարմնի կողմից։ Ցուցակում չեն ներառվի նրանք, ում պատգամավոր ընտրվելու օրինականությունը վիճարկվել է Սահմանադրական կամ ընդհանուր դատարանում։ Խորհրդարանը, որպեսզի ճանաչի իր լիազորությունները, այս ցուցակում պետք է լինի առնվազն 100 մարդ։ Լիազորված պատգամավորների թիվը 100-ից պակաս լինելու դեպքում լիագումար նիստը հետաձգվում և կրկին գումարվում է այն բանից հետո, երբ հնարավոր է դառնում լրացնել այդ թիվը։ ՍԴ-ում քննարկման ժամկետը չպետք է գերազանցի 30 օրը։
«Քանի դեռ հարցը սահմանադրական է, խորհրդարանը չի կարող ճանաչել սեփական իշխանությունը։ Ըստ կանոնակարգի՝ նա հայեցողություն չունի։ Բարձրագույն օրենսդիր մարմինը չի կարող ճանաչել այն պատգամավորների լիազորությունները, որոնց ընտրության օրինականությունը վիճարկվում է դատարանում, իսկ եթե նրանց թիվը 51-ից ավելի է, օրենսդիր մարմինը չի կարող լիարժեք լիազորություններ ձեռք բերել։ Վերը նկարագրված հայցի դեպքում վիճարկվում է բոլոր 150 պատգամավորների ընտրության օրինականությունը», — գրել է Մենաբդեն:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ ակնհայտ է, որ «Վրացական երազանք»-ը խախտելու է Սահմանադրությունն ու առանց նախագահի թույլտվության է հրավիրելու խորհրդարանի առաջին նիստը: Ըստ նրա՝ հավանաբար, հենց սա է պատճառը, որ ընդդիմությունը հայտարարել է՝ ֆիզիկապես թույլ չտալու նիստի մեկնարկը, որը գումարվում է ոչ օրինական ճանապարհով:
Փորձագետի խոսքով, ակնհայտ է՝ Վրաստանի շուրջ արտաքին և ներքաղաքական ճգնաժամ է, որը գնալով ավելի է խորանում. խորհրդարանի առաջին նիստի գումարումն էլ ավելի կխորացնի այդ ճգնաժամը:
Զուգահեռներ անցկացնելով 2020 թվականի հետընտրական ժամանակաշրջանում ստեղծված ճգնաժամի հետ, որը հանգուցալուծվեց Եվրոպայի խորհրդի նախագահ «Շառլ Միշելի համաձայնագրով», Թումասյանը բացառում է 2020-ի դեպքերի կրկնությունը. 2020-ին ԵՄ-ն ճանաչել էր ընտրությունները, այժմ խոսում է «լուրջ թերությունների մասին» և հետաքննության կոչ անում:
«2020-ին Եվրամիությունը ճանաչել էր ընտրությունների արդյունքները, ընդդիմությունը խոսում էր խախտումների մասին, ոչ թե կեղծելու մասին, սակայն «Վրացական երազանք»-ը խախտեց «Շառլ Միշելի համաձայնագիրը»: Այժմ ԵՄ-ն, ինչպես նաև ժողովրդավար աշխարհը չի ճանաչում ընտրությունները, ընդդիմությունը խոսում է լայնածավալ կեղծումների մասին: Եվ, հետևաբար՝ այս անգամ խոսք չի կարող գնալ որևէ համաձայնագրի մասին», — ասաց Թումասյանը:
Նշենք, որ նոյեմբերի 16-ին ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը. խորհրդարանական ընտրություններն ամփոփված են։
Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրները ունեն ընդհանուր 61 մանդատ։ Ընդդիմությունը պնդում է` ընտրությունները կեղծվել են։
Ընտրական վարչությունը և դատարանը չեն բավարարել հասարակական սեկտորի ներկայացրած բողոքների մեծ մասը։
Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։