Ինչ կտա ԵՄ «տեխնիկական առաքելության» այցը Վրաստանին. կարծիքներ

Բրյուսելում կայացած հետընտրական Վրաստանին առնչվող քննարկումը, դրանից առաջ և հետո արած հայտարարությունները, և որ` Վրաստան է ժամանելու Եվրամիության հանձնաժողովի «տեխնիկական առաքելությունը», փաստում են՝ Եվրամիությունը չի ճանաչի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն այնքան ժամանակ, քանի դեռ բավարար ապացույցներ չկան այս կամ այն ուղղությամբ, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին վերլուծաբանները:

Ըստ վերլուծաբանների՝ Եվրամիությանն անհրաժեշտ են բավարար ապացույցներ վերջնական եզրակացություն անելու համար:

Վրաստանի հանրային նախկին պաշտպան, «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր Ուչա Նանուաշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ ԵՄ-ից «տեխնիկական առաքելություն» ուղարկելու որոշումը ողջունելի է. Եվրամիությունը պետք է արձագանքի ընտրակեղծիքների բազմաթիվ դեպքերին:

«Դրա համար կարևոր է նման տեխնիկական առաքելության ստեղծումը, որպեսզի բոլորը համոզվեն, թե այստեղ ինչ չափի խախտումներ են կատարվել: Եվ, համապատասխանաբար, ծրագրվի երկրի զարգացումը, ներառյալ` նոր ընտրությունների անցկացումը, չեզոք ընտրական վարչակազմի կողմից», — ասաց Նանուաշվիլին:

«Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիայի անդամ, «Ընտրի՛ր Եվրոպա» քաղաքացիական շարժման համահիմնադիր, վերլուծաբան Լելա Ջեջելավայի խոսքով, «տեխնիկական առաքելություն» ուղարկելը վկայում է, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի արևմտյան գործընկերների դիրքորոշումը հստակ և միաձայն է. այս ընտրությունները ոչ արդար էին, ոչ` թափանցիկ:

Ջեջելավայի դիտարկմամբ՝ «տեխնիկական առաքելության» այցը Վրաստան նախապայման կլինի նրա համար, որ արևմտյան գործընկներներն օգնեն պարտադրել «Վրացական երազանք»-ին՝ նոր ընտրական վարչությամբ և միջազգային ադմինիստրացիայի վերահսկողությամբ նոր ընտրություններ անցկացնել:

«Առաջին հերթին սպասում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունների նախնական գնահատականներին: Դրանից բացի, նաև վրացի դիտորդական առաքելությունների գտած և ներկայացրած ընտրակեղծարարությունների դեպքերին և այն պաշտոնական հայցերին, որոնք կներկայացվեն դատարան»,- հավելեց Ջեջելավան:

Քաղաքագետ Գիա Խուխաշվիլիի խոսքով, Եվրոպային անհրաժեշտ են բավարար ապացույցներ վերջնական եզրակացություն անելու համար. ապացույցներ կա՛մ այս, կա՛մ այն ​​ուղղությամբ: Ըստ նրա՝ Վրաստանը հիմա գտնվում է մի գործընթացի և ճգնաժամի մեջ, որի ավարտն այնքան էլ հեշտ չի լինելու.

«Դա երկար գործընթաց է, և դրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Եթե ​​նույնիսկ հիմա ԱՄՆ-ում լինի անցումային կառավարություն։ Եվրոպան առանց ԱՄՆ-ի ռազմավարական որոշումներ չի կայացնում այս կամ այն ​​երկրի վերաբերյալ: Ռազմավարական հարցերում ԱՄՆ-ն ու Եվրոպան գործում են սինխրոն. Եվրոպան նույնպես որոշակի դադար է վերցնում։ Միաժամանակ նրանք ուշադիր հետևում են, թե ինչպես են զարգանում Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Նրանք վերլուծում են ամեն ինչ, և այդ ամենը ժամանակ է պահանջում»:

ԵՄ արտաքին գործերի (ԱԳ) նախարարների հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է՝ տեխնիկական առաքելությունը կվերլուծի, թե ինչ է տեղի ունեցել ընտրությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները մեծ անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։

«Սա կլինի տեխնիկական առաքելություն, և տեխնիկական առաքելության նպատակը տեղում վերլուծելն է, թե ինչ է տեղի ունեցել ընտրությունների ընթացքում, և այդ տեղեկատվությունը պետք է լինի հետևողական. ընտրությունները կասկածահարույց են, և դրա դեմ բողոքում է հենց նախագահը։ Իրավիճակը պետք է ստուգվի, վերլուծվի»,- ասել է Բորելը։

Նոյեմբերի 18-ին կայացել է Եվրամիության արտաքին գործերի (ԱԳ) նախարարների հանդիպումը: Որոշվել է՝ ԵՄ տեխնիկական առաքելությունը կժամանի Վրաստան և կուսումնասիրի երկրում ընթացող զարգացումները։ Այլ հարցերի շուրջ՝ ընտրությունների գնահատում, պատժամիջոցներ, թե առանց վիզայի ռեժիմի կասեցում, Եվրամիությունում կոնսենսուս չկա: ԱԳ նախարարներից ոմանք հանդիպումն անվանել են «տխուր քննարկում Վրաստանի մասին»:

Վրաստանի վերաբերյալ «տխուր քննարկում» Բրյուսելում