Երևանը գիտակցում է ռուսական ազդեցության վտանգները, երկրի ինքնիշխանության կարևորությունն ու այդ պատճառով է բացահայտորեն շարժվում դեպի Արևմուտք, Վաշինգտոնի հետ ստորագրում է ռազմավարական գործընկերության համաձայնագիրը. Թբիլիսին, ցավոք, ավելի է խրվում ռուսական բռնապետության ճահիճը և մեկուսանում ժողովրդավար աշխարհից, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին փորձագետները:
Ըստ փորձագետների, Վրաստանի բազմամյա գործընկերները՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, «Վրացական երազանք»-ի բացահայտ ռուսամետ արտաքին քաղաքականության պատճառով սառեցրել են հարաբերություններն ու գործընկերությունը երկրի հետ, իսկ ահա Հայաստանը հստակ քայլում է ժողովրդավարության ուղղությամբ:
Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց՝ Ղարաբաղյան 2-րդ պատերազմից հետո Հայաստանը հասկացավ, որ սխալ էր կախվածությունն ու ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ. այդ պատճառով էլ դիվերսիֆիկացնում է արտաքին քաղաքական կուրսը:
Ըստ նրա՝ Երևանը նոր անվտանգային երաշխիքներ է փնտրում, այդ փնտրտուքի ճանապարհին հանգրվանում է ԵՄ-ում և ԱՄՆ-ում: Նկատելի է, որ վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը դեպի Արևմուտք է:
«Վրաստանի ներկայիս իշխանությունների օրոք անհնար է պատկերացնել, որ երկիրը կվերականգնի իր հարաբերությունները ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ: Վրաստանում իշխանափոխության դեպքում երկու երկրները՝ Վրաստանն ու Հայաստանը, միասին ավելի արդյունավետ կգործեն, կարագանա երկու երկրների եվրատլանտյան ինտեգրումը», — ասաց Բիլանիշվիլին:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը, դրական գնահատելով Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, ասաց՝ Հայաստանի և ԱՄՆ-ի գործընկերության որակը կախված կլինի Վրաստանի հետ ԱՄՆ համագործակցության վերականգնումից։
Փորձագետի կարծիքով, քանի դեռ Վրաստանը չի վերադարձել եվրատլանտյան ինտեգրման ուղի, Հայաստանը կդժվարանա կայուն հարաբերություններ կառուցել Արևմուտքի հետ։ Թումասյանի գնահատմամբ` Հայաստանի ձեռնարկած քայլերը միջազգային հանրության ուշադրությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ պահպանելու և արևմտամետ դիրքերն ամրապնդելու փորձեր են ։
«Վրաստանում իշխանությունը զավթած ռուսական ռեժիմի հակաժողովրդավարական և հակաաարևմտյան քայլերի պատճառով Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը սառեցված է. իհարկե` սա մեծ վտանգ է թե՛ Վրաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ Հայաստանի շահերի համար», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց Թումասյանը:
Հիշենք՝ 2024 թվականի նոյեմբերի 30-ին Միացյալ Նահանգները դադարեցրել է երկարամյա գործընկերությունը Վրաստանի հետ։ Վրաստանի հետ գործընկերությունը դադարեցնելուց երկու օր առաջ՝ նոյեմբերի 28-ին, «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ 4 տարով հետաձգում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը:
Քաղաքագետ, «Կովկասյան տուն» հասարակական կազմակերպության նախագահ Լևան Լորթքիփանիձեն Facebook-ում գրել է.
- Ադրբեջանը հաղթել է պատերազմում, նավթադոլարներով հարուստ է, հասարակության մեջ ամուր արմատավորված է դինաստիկ ավտորիտարիզմը, երկիրը զինված է մինչև ատամները, Թուրքիայի ազդեցությունը հավասարակշռում է Ռուսաստանով, իսկ Ռուսաստանինը՝ Թուրքիայով… Ուստի բռնապետը տարածաշրջանի տերն ու առաջնորդը դառնալու հավակնություն ունի և դրա համար ագրեսիվ է պայքարելու։
- Հայաստանն իր անսպառ սփյուռքի օգնությամբ կփորձի դառնալ Արևմուտքի գլխավոր դաշնակիցը տարածաշրջանում և դրանով իսկ գտնել իր սեփական տեղը։
- Մե՞նք… Մենք լինելու ենք թյուրիմացություն, ոչնչություն, անգործունակ սուբյեկտ՝ ֆուտբոլիստ նախագահ, ֆուտբոլիստ քաղաքապետ, ըմբիշ պատգամավոր, միլիարդատերը՝ Աստված։
Հայաստանն ու Միացյալ Նահանգները Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրել են հունվարի 14-ին։ Փաստաթուղթը ներառում է համագործակցության մի քանի ոլորտներ՝ պաշտպանության, անվտանգության, ժողովրդավարության, արդարադատության, տնտեսական, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներ: Ընդգծվում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը։ Հայաստան, որն ի զորու կլինի պաշտպանել իր միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը: