
Թբիլիսիի «Դինամո Արենա»-ում մարտի 23-ին կայացավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղը, որն ավարտվեց Վրաստանի հավաքականի հաղթանակով: 6:1 հաշվով՝ հօգուտ Վրաստանի խաղից հետո վրացի մի խումբ երկրպագուների կողմից հայ երկրպագուների ուղղությամբ իրեր նետելն ու անպարկեշտ ժեստիկուլացիաները վրաց հասարակության և պաշտոնյաների սուր քննադատությանն են արժանացել: Փորձագետները, պաշտոնյաներն ու հասարակությունը վրաց երկրպագուների քայլը հրահրված են գնահատում, ներողություն խնդրում հայ հանրությունից, նշում են, որ տեղի ունեցածն ամոթալի է:
Խաղադաշտ մտած երկրպագուների պահվածքին արձագանքել են մարզադաշտում ներկա մյուս երկրպագուները՝ վանկարկելով «ամոթ է», իսկ միջադեպից հետո սոցցանցերում մասսայական ներողություն էին խնդրում հայերից՝ այդ պահվածքի համար: Ուշագրավ է նաև այն, որ երբ Հայաստանի հավաքականը խփեց իր առաջին գոլը՝ ամբողջ մարզադաշտում ծափեր էին հնչում հաջակցություն հայ ֆուտբոլիստների:
Փորձագետներից ոմանք այս քայլը հայատյացություն են անվանում և նշում՝ սրան նպաստող հանգամանք է, օրինակ, իշխանամետ POSTV-ի և TV Imedi-ի կողմից վերջին շրջանում հայատյաց սյուժեները: Որոշ փորձագետներ էլ մեղադրում են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ նշելով, որ ամենը կատարվել է նրանց լուռ համաձայնությամբ:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում տեղի ունեցածը հայատյացություն չի անվանում: Թումասյանը երկու կարևոր կետ է առաջ քաշում. առաջին՝ ոստիկանները չեն ցանկացել կարգուկանոն պաշտպանել, երկրորդ՝ երկրպագուները ինքնակա՞մ են գործել, թե հանձնարարություն ունեին ստացած:
«Այս ամենի մեկ դրական կողմն այն է, որ Հայաստանի կառավարությունը դժվարությամբ էր հասկանում, որ իշխանության ներսում թաքնված ռուս գործակալներին (նկատի ունի «Վրացական երազանք»-ին — հեղ.), որոնք ծածկված էին վրացական դրոշով, չեն կարող վստահել: Ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, կարծես թե երկու երկրների հարաբերությունները գտնվում են գագաթնակետին, և հիմա սա է տեղի ունենում», — ասաց Թումասյանն ու նշեց՝ չի բացառում, որ այս անկարգության հետևում հենց «Վրացական երազանք»-ն է թաքնված:
Ըստ նրա՝ ավտորիտարիզմի և ոստիկանական պետության ֆոնին ոչ ոք չի կարող հավատալ, որ իրավապահները չեն կարողացել կարգուկանոն պահպանել. գոնե փոքր-ինչ կարգուկանոն չեն պահպանել։
«Քանի դեռ Վրաստանում ռուսներն են իշխանության, և այս երկիրը կառավարվում է Մոսկվայից, վրաց-հայկական հարաբերությունները վտանգի տակ են, քանի որ Հայաստանն այլևս չի կառավարվում Մոսկվայից, և ռուսները չեն կարող դա ներել հայերին», — հավելեց Թումասյանը:
«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձենի խոսքով, այս օրերին ամոթալի է հայատյացության այն ալիքը, որը նկատվում է հասարակության մեջ։ Ըստ նրա՝ POSTV-ն արդեն ամիսներ շարունակ հայատյացություն է մշակում.
«Նրանց կատակերգուները, որոնք Շալվա Ռամիշվիլիին համարում են իրենց էթիկայի ու մշակույթի չափանիշը, ուղարկվել են Երևան և այնտեղից նողկալի նյութեր են ձայնագրել հայերի մասին։ Այս ամենի շարունակությունն է մարզադաշտում տեղի ունեցած ագրեսիայի դեպքը։ Բարոյական դեմքի կորուստ է, երբ հաղթողն այսպես է վերաբերվում պարտված հյուրին»:
Նրա դիտարկմամբ՝ տարիներ շարունակ տարբեր քաղաքական ուժեր միտումնավոր օգտագործում են ազգայնական նարատիվները, և հայատյացությունը մշտապես եղել է այդ նարատիվների կենտրոնական թեման:
«Մեր կրթական համակարգը դրա համար գործնականում ոչինչ չի տալիս, մնում է մշակութային առումով ստերիլ և էթնոկենտրոն: Վրաստանի բազմազգ ժողովուրդը պատմականորեն միասին կառուցել է այս երկիրը։ Հայերը, ադրբեջանցիները, հրեաները, եզդիները, քիստները և այլ էթնիկ խմբերը միշտ եղել են այս տարածքի մաս և ստեղծել են ընդհանուր մշակույթ, պատմություն և տնտեսություն: Բացառիկ մեծ է հայերի ներդրումը մեր քաղաքների և մշակույթի զարգացման գործում։ Հուսանք, որ թիմի անդամներից գոնե մի քանիսը կարձագանքեն այս հայատյաց արարքներին ու չեն լռի։ Որքան ցավալի է, որ նույնիսկ այսքան տարի անց ոչինչ չի փոխվել։ Բայց երբ այս երկիրը կառավարում է նման քաղաքական դասը և օգտագործում է նման ստոր դիսկուրսներ կառավարման համար, մենք դեռ լավ ենք», — գրել է Միքելաձեն:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին Facebook-ում գրել է. «Ի տարբերություն այս հաղթանակի, խաղից հետո խաղադաշտում ծավալված իրադարձություններն այն դեպքն են, երբ մի քանի կրետինների պահվածքը ցեխ շպրտեց բոլորիս վրա։ Այս պահվածքը, այս վայրենությունը ուղղակի ամոթալի է»:
Վրաստանի անվտանգության քաղաքականության ինստիտուտի հիմնադիր Դավիդ Բրագվաձեի խոսքով, «Դինամո Արենա»-ում ոչինչ չէր լինի, եթե պետությունը կատարեր իր գործառույթը և ստադիոնի անվտանգության միջոցները պահպաներ։ Նրա դիտարկմամբ՝ կոնֆլիկտ չէր լինի, եթե մարդիկ մարզադաշտ չմտնեին արգելված իրերով (ջրի շշերով), և եթե ոստիկանությունը խոչընդոտեր մարդկանց մուտքը խաղադաշտ:
«Հիմա, գործող կանոններով, պետք է պատժվենք։ Նրանք պետք է ֆինանսական պատժամիջոցներ կիրառեն մեր նկատմամբ, որից մենք, ամենայն հավանականությամբ, չենք խուսափելու։ Նաև, կանոնի համաձայն, մենք պետք է տնային 1 կամ ավելի խաղ անցկացնենք փակ դռների հետևում, ինչից, հուսով ենք, կարող ենք խուսափել։ Սակայն, եթե չխուսափենք, ապա գոնե ուղեղը լվացված մարդիկ, որոնք սրտանց սիրում են Վրաստանի հավաքականը, կհասկանան, թե ինչ է նշանակում կոտրված պետություն՝ կենտրոնացած միայն իշխող կլանի իշխանության պահպանման վրա։ Եթե ինչ-որ մեկը մեզ հետ նման բան արած լիներ, մենք անպայման կպահանջեինք, որ խստագույնս պատժվեն։ «Այդպիսի բաներ ամենուր են լինում»-ը արդարացում չէ։ Դա իրականում ամեն տեղ չի լինում, իսկ եթե լինի, համապատասխան պատժամիջոցներ կհետևեն…», — գրել է Բրագվաձեն:
Իրավիճակին երկու հրապարակմամբ արձագանքել է նաև Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: 5-րդ նախագահն առաջին հրապարակմամբ ներողություն է հայցել հայ ժողովրդից:
«Որպես դեռևս լեգիտիմ նախագահ, իմ նախագահի դերում ես ցանկանում եմ ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների անվայել պահվածքի համար: Մենք կանք և կլինենք բարիդրացիական պետություններ, հին քրիստոնեական հավատքի ժողովուրդներ և ապրելու ենք խաղաղ եվրոպական Կովկասում», գրել է Զուրաբիշվիլին:
Իսկ ահա իր երկորդ գրառման մեջ Զուրաբիշվիլին խոսել է հայատյացության մասին.
«Մասնավորապես, հայատյացությունը կամ նախանձը վրացիների նկատմամբ և ընդհանրապես Կովկասի պետությունների և ժողովուրդների միջև կոնսոլիդացիայի փոխարեն առճակատման խթանումն ու հրահրումը, մշտական հակամարտության պատկեր ստեղծելը ռուսական իմպերիալիզմի ավանդական լծակն էր»:
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին ևս արձագանքել է միջադեպին. հայտարարություն է տարածել և «անընդունելի» գնահատել Հայաստանի հավաքականի երկրպագուների նկատմամբ իրականացված գործողությունները։
«Այս միանգամայն անընդունելի արարքի պատճառով վիրավորվել են և՛ հյուրերի երկրպագուները, և՛ մեր թիմին հնարավորություն չի տրվել հաղթանակը տոնելու իր հավատարիմ երկրպագուների հետ: Նման գործողությունը վնասում է ֆուտբոլին և ստվեր գցում մեր երկրի միջազգային իմիջի վրա», — նշել է նա:
Կոբիաշվիլին շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականին և երկրպագուներին, «որոնք իրենց համար ընկերական միջավայր են ստեղծել թե՛ Թբիլիսիում, թե՛ Երևանում», և հույս է հայտնել, որ «և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը կընդունեն ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը 2029 թվականին»։
Վրաց հասարակության քննադատությունը
Վրացի որոշ երկրպագուների այդ քայլը բացասաբար են գնահատել նաև ֆուտբոլասերները: Facebook-յան հարթակում օգտատերերը տարբեր բացասական գնահատականներ են տվել արարքին:
Լիկունա Կոպանաձեն գրել է. «Այն, ինչ այսօր տեսա մարզադաշտում՝ միջնամատներ ցույց տալն ու նրանց ուղղությամբ պինդ առարկաներ նետելը, վրացիություն չէ։ Ամոթ է»:
Գիորգի Շուբիթիձեն նշել է. «Այսօր տեղի ունեցածը ոչ միայն ամոթ է սպորտի, այև ողջ երկրի համար։ Վրացի մարդու բնավորության մեջ երբեք չի եղել ծաղրել կամ արհամարհել ընկածներին։ Երբ դու երկու խաղում հաղթում ես մրցակցիդ 9-1 հաշվով և դեռևս վազում ես խաղադաշտ և հակառակորդ թիմի երկրպագուների վրա բաներ ես նետում, դու այլ բան չես ուզում, քան վատ բան քո երկրի համար, դա հայրենասիրություն չէ, դա սնապարծություն է: Անձամբ ես ներողություն եմ խնդրում այն հայ ժողովրդից, որը եկել է Վրաստան՝ աջակցելու իրենց երկրին, և մենք չկարողացանք մատուցել այն հյուրընկալությունը, որը նրանք մեզ մատուցեցին»:
Մարզադաշտում տեղի ունեցած միջադեպին է անդրադարձել ակտիվիստ Թամթա Թաթարաշվիլին՝ նշելով. «Հայերը մեզ 10:0 հաշվով հաղթեցին հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով, մարդասիրությամբ: Ամոթ ու ինքնաոչնչացում: Այս մասին կա՛մ ազգային հավաքականը, կա՛մ ֆեդերացիան պետք է գոնե բարձրաձայնեն ու ներողություն խնդրեն հայկական կողմից»:
Հայ հասարակությունից ու երկրպագուներից տարբեր հրապարակումների մեկնաբանություններում ներողություն է հայցում նաև վրաց հասարակության գերակշիռ մասը:
Մարտի 23-ին Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղից հետո մի խումբ մարդիկ ներխուժել են «Դինամո Արենա» մարզադաշտի Հայաստանի հավաքականի համար նախատեսված տարածք և թույլ տվել ոտնձգություններ, որը Վրաստանի հասարակության բազմաթիվ անդամներ անընդունելի պահվածք են որակել և ներողություն խնդրել Հայաստանից ժամանած քաղաքացիներից: