Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և խորհրդարանի անդամների, ինչպես նաև իրավապահների և այլ մասնավոր անձանց նկատմամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի սահմանած անհատական պատժամիջոցներից և վիզային արգելքներից հետո ԵՄ-ն ևս քննարկում է պատժամիջոցների սահմանման հարցը։
Պարզաբանելու համար, թե ինչ պատժամիջոցներ են սպառնում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներին , խորհրդարանի անդամներին և պատժամիջոցների թիրախում հայտնված այլ անձանց, զրուցեցինք քաղաքական վերլուծաբան Գիորգի Մելաշվիլիի հետ։
«ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող ենք բաժանել 2 մասի. առաջինը երկիր մուտք գործել արգելող պատժամիջոցներն են, որոնց միջոցով որոշակի անձանց արգելվում է մեկնել ԱՄՆ, իսկ երկրորդը ֆինանսական պատժամիջոցներն են, ըստ որոնց` բոլոր ֆինանսական գործակալությունները, որոնք ներգրավված են միջազգային Swing համակարգում, պարտավորվում են այս պատժամիջոցների թիրախում գտնվող անձանց ֆինանսական փոխանցումների կատարումը սահմանափակել», — ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցների կիրառման դեպքում վրացի այն պաշտոնյաները, որոնք սովոր են արևմտյան կյանքին, իրենց երեխաներին ուսանելու են ուղարկում Արևմուտք և այլն, չեն կարողանա օգտվել նման առավելություններից․
«Դրանցից բացի` հեղինակության հարցը կա. սա կվնասի Վրաստանին՝ որպես պետության, Իրականում «Վրացական երազանքի» համար երկար ժամանակ է Վրաստանի հետաքրքրություններն առաջնային չեն, նրանք փորձում են իրենց անձնական շահերը պաշտպանել և պահպանել իշխանությունը։ Նրանց ունեցվածքը, որը թե՛ կոռուպցիայի, թե՛ այլ ճանապարհով է կուտակվել, կդառնա «անօգտագործելի» աշխարհի բազմաթիվ երկրներում, եթե այդ պատժամիջոցները սկսեն գործել» ։
Մելաշվիլին նշեց, որ վրացական բանկերի առջև նույնպես ծառացած է պատժամիջոցներին միանալու հարցը։ Այս հարցն էլ պետք է բաժանել երկու մասի, առաջին՝ պատժամիջոցներին եթե չմիանան, օրինակ, TBC բանկը և Bank of Georgia-ն, որոնք միջազգային համակարգերում են ընդգրկված, ապա այս դեպքում կկորցնեն միջազգային ֆինանսների կիրառման հնարավորությունները, իսկ փոքրիկ մասնավոր բանկերը գուցեև նման խնդիրներ չունենան։
«Կարծում եմ, վրաստանյան բանկերը ևս ունեն համապատասխան ռեսուրսներ, որպեսզի միանան այս պատժամիջոցներին, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն պատժամիջոցների ԱՄՆ-ի կողմից, որը նրանց ձեռնտու չէ», — հավելեց Մելաշվիլին։
Տնտեսական ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ-ի պատժամիջոցները. այս հարցը քննարկել ենք տնտեսագետ Ռամազ Գեռլիանիի հետ։
«Պատժամիջոցների սահմանման հետևանքով այդ անձինք չեն կարող ճանապարհորդել բավական մեծ տարածքում և անգամ չեն կարողանա մուտք գործել բազմաթիվ երկրներ։ Դրան գումարած, հնարավոր է նաև ֆինանսական պատժամիջոցներ սահմանվեն նրանց դեմ, որը նախատեսում է նրանց հաշիվների և ֆինանսների սահմանափակում, ինչը բացասական ազդեցություն կունենա թե՛ այս անձանց, թե՛ նրանց ընտանիքի անդամների և հարազատների վրա։ Եվ սա, բնականաբար, նաև բացասական ազդեցություն կունենա երկրի վրա. քաղաքական և տնտեսական վիճակը կարող է վատանալ, դա կարող է անդրադառնալ նաև լարիի կուրսի վրա», — ասաց տնտեսագետը։
Արդյոք պարտավո՞ր են վրացական բանկերը ևս միանալ այդ պատժամիջոցներին` հարցին տնտեսագետը պատասխանեց, որ վրացական բանկերը նման պարտավորություն չունեն․
«Ընդհանրապես պատժամիջոցներ սահմանում է մի երկրի կառավարություն, որից հետո, ցանկության դեպքում, միանում են այլ երկրներ. մեր բանկերը ևս կարող են միանալ, քանի որ համագործակցում են ԱՄՆ-ի հետ, սակայն հիմնականում չեն միանում նման պատժամիջոցների, քանի որ ենթարկվում են Կենտրոնական բանկին»։
Հիշեցնենք, որ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հունիսի 6-ի ճեպազրույցը բացել էր Վրաստանի խնդրի վերաբերյալ հայտարարությամբ։ Միլլերը կրկնել էր` Միացյալ Նահանգները կրկին խորապես անհանգստացած է «Վրացական երազանքի» հակաժողովրդավարական գործողություններով՝ վերջինիս հայտարարությունների և հռետորաբանության պատճառով: Ըստ նրա` այս գործողությունները վտանգի տակ են դնում Վրաստանի եվրոպական ապագան և հակասում են Վրաստանի Սահմանադրությանը, ինչպես նաև Վրաստանի ժողովրդի ցանկություններին։
Միլլերը նշել էր, որ պետքարտուղարն արդեն հայտարարել է երկկողմ համագործակցության վերանայման մասին, որի շրջանակներում Պետդեպարտամենտը սահմանել է վիզաների արգելման նոր քաղաքականություն․ «Պատժամիջոցների այս առաջին փուլում ներառվում են «Վրացական երազանքի» անդամները, պատգամավորները, ոստիկանները և մասնավոր անձինք»։
Պատժամիջոցների սահմանման պատճառն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումն էր, որը հունիսի 3-ին «Օրենսդրական տեղեկագրում» հրապարակվեց խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի ստորագրությամբ։
Չնայած այն հանգամանքին, որ հազարավոր մարդիկ բողոքում էին օրենքի նախագծի ընդունման դեմ, իսկ Վրաստանի գործընկեր երկրները դա համարում են եվրաինտեգրմանը խոչընդոտող գործոն, խորհրդարանի նախագահն այս օրենքն անվանել է «ամենավրացական օրենք»։
«Ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով տասնյակ հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում գրեթե երկու ամիս շարունակ բողոքում էին օրենքի դեմ։ Օրենքի թիրախում գտնվող կազմակերպությունները մտադիր չեն ենթարկվել օրենքին և դիմելու են բողոքի օրինական միջոցների։