Դեկտեմբերի 16-ի հանդիպմանը ԵՄ արտգործնախարարները Բրյուսելում քննարկել են նաև Վրաստանի խնդիրը։ Եվրամիությունը սկսում է դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի չեղարկման ընթացակարգը և այս փուլում պատժամիջոցներ չի սահմանում «Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
«Վրաստանում իրադարձությունները չեն զարգանում այն ուղղությամբ, որը վայել է թեկնածու երկրին», — դեկտեմբերի 16-ի առավոտյան՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի հերթական նիստի մեկնարկից առաջ ասել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Արտաքին հարաբերությունների խորհրդին մասնակցել են ԵՄ անդամ բոլոր երկրների արտգործնախարարները, իսկ Խորհրդի նախագահի բարձր ներկայացուցիչն այսուհետ Կայա Կալասն է։ Խորհրդի նիստն առաջինն էր էստոնացի քաղաքական գործչի համար իր նոր պաշտոնում։
Եվրոպական ԱԳ նախարարների այսօրվա հանդիպման գլխավոր հարցերից մեկը Վրաստանն էր։ Նրանք քննարկել են այստեղ տեղի ունեցող զարգացումներին ի պատասխան ձեռնարկվելիք միջոցառումների հարցը։
Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Կայա Կալասն ասել է, որ հանդիպմանը քննարկվել է «խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների հետևում կանգնած վրացի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը»։ Այս փուլում Եվրամիությունը համաձայնել է, որ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը կչեղարկվի վրացական դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար։
«Շատ բուռն քննարկում ունեցանք, և ցանկություն կար ավելին անելու: Շատերն ասում էին՝ տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, և մենք պատրաստ ենք լրացուցիչ քայլեր ձեռնարկել։ Սա առաջին քայլն է, բայց` խորհրդանշական», — ասել է Կալասը:
Ըստ Politico պարբերականի՝ Կալասը պատկանում է այն խմբին, որը կողմ է վրացի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ խստացմանը։
Այսօր Բրյուսելում կրկին կքննարկեն Վրաստանի հարցը։ Եվրամիության ընդհանուր հարցերով խորհուրդը կքննարկի ընդլայնման զեկույցի ամփոփումը, որտեղ նշված է Վրաստանը։