Մայիսի 29-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում՝ Գորգասալի հրապարակում (Մեյդան) կանցկացվի Սայաթնովյան 108-րդ ավանդական «Վարդատոնը»։ Այս տարի մի շարք նորամուծություններ են սպասվում։
«Վարդատոնի» բեմում ելույթ կունենա վրացի կոմպոզիտոր, երգիչ Ջեմալ Սեփիաշվիլին, հանդես կգա Էլդար Շոշիտաշվիլի «Քսովրելեբի» ժողգործիքների համույթը, հրավիրված են նաև մշակութային խմբեր Հայաստանից։
«Միջոցառումը կսկսվի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնից, այնուհետև հյուրերը վարդերով կշարժվեն դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի։
Ծրագրին մասնակցում են Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի թատերախումբը, երգիչ Ջեմալ Սեփիաշվիլին, Էլդար Շոշիտաշվիլի «Քսովրելեբի» համույթը, Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի ստեղծագործական խումբը և այլք», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է միջոցառման կազմակերպիչ, «Վիրահայերի Միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մարի Առաքելովան:
Առաքելովան նշում է, որ միջոցառումն անցկացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո, Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու և Հայաստանի դեսպանության աջակցությամբ։
«Վարդատոնը» հիմնադրվել է 1914 թվականին վրացի գրականագետ Իոսեբ Գիրշաշվիլու, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, որին ավանդաբար մասնակցում են հայ և վրացի գրողներ, հասարակական գործիչներ, ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչներ։
Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը ժողովուրդների բարեկամության երգչին նվիրված տոնը մեծ շուքով անցկացվում է Թբիլիսիի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող Մեյդան թաղամասում։
«Վարդատոնն» ավանդական է դառնում նաև Երևանում, արդեն մի քանի տարի է թբիլիսյան «Վարդատոնին» նախորդող շաբաթվա վերջին օրը Հայաստանի մայրաքաղաքում ևս նշվում է որպես Թիֆլիսի մեծ աշուղի հիշատակի և հարգանքի օր:
Միջոցառման գլխավոր ինֆորմացիոն գործընկերներն է «Ալիք մեդիան»։
Կարդացեք նաև՝