Մայիսի 28-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում՝ Գորգասալի հրապարակում (Մեյդան) կանցկացվի Սայաթնովյան 109-րդ ավանդական «Վարդատոնը»:
Հատկանշական է, որ փոփոխվել է «Վարդատոնի» համերգային բաժնի ժամը. համերգը կանցկացվի ժամը 17:00-ից՝ արդեն ավանդական դարձած Գորգասալի հրապարակում:
Միջոցառումը կսկսվի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, այնուհետև հյուրերը վարդերով կշարժվեն դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի։ Այս մասին «Ալիք Մեդիա»-ին փոխանցել է «Վիրահայերի միություն» ՀԿ-ի ղեկավար Մարի Առաքելովան։
Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի պատարագ, հետո` հոգեհանգստյան արարողություն, ծաղիկներ կխոնարհեն Սայաթ-Նովայի շիրիմին։
Համերգային ծրագրին կմասնակցեն Հայաստանի հանրային ռադիոյի աշուղական երգի «Սայաթ-Նովա» պետական վաստակավոր համույթը՝ պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, Հայաստանի Հանրապետության պետական համալսարանին կից գործող Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի ներկայացուցիչներ, հանդես կգա վրացի կոմպոզիտոր Էլդար Շոշիտաշվիլիի «Քսովրելեբի» ժողգործիքների համույթը, ինչպես նաև այլ կատարողներ ու պարի համույթներ Վրաստանից:
Նշենք, որ «Վարդատոնը» այս տարի կազմակերպել է «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանատան, Վիրահայոց թեմի, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո:
Ի դեպ, «Վարդատոնը» հիմնադրվել է 1914 թվականին վրացի գրականագետ Իոսեբ Գիրշաշվիլիի, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, որին ավանդաբար մասնակցում են հայ և վրացի գրողներ, հասարակական գործիչներ, ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչներ։
Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը ժողովուրդների բարեկամության երգչին նվիրված տոնը մեծ շուքով անցկացվում է Թբիլիսիի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող Մեյդան թաղամասում։
«Վարդատոնն» ավանդական է դառնում նաև Երևանում. արդեն մի քանի տարի է թբիլիսյան «Վարդատոնին» նախորդող շաբաթվա վերջին օրը Հայաստանի մայրաքաղաքում նույնպես նշվում է որպես Թիֆլիսի մեծ աշուղի հիշատակի և հարգանքի օր: