Հոկտեմբերի 26-ի ընտրություններից մեկ ամիս անց՝ նոյեմբերի 25-ին, ո՛չ Սահմանադրական դատարանում (ՍԴ) վիճարկվող ընտրությունների արդյունքները, ո՛չ բողոքի ցույցերը չկարողացան կասեցնել 11-րդ գումարման չլեգիտիմացված, միակուսակցական խորհրդարանի լիազորությունների ճանաչումը: Միակուսակցական խորհրդարան ձևավորած իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները չլեգիտիմացված խորհրդարանի շենք մտան ոստիկանական բազմաշերտ շղթայի ուժեղացված պաշտպանության ներքո, քաղաքացիների՝ «ռուսնե՛ր, ստրուկնե՛ր» վանկարկումների ուղեկցությամբ:
Միակուսակցական 11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանը ճանաչեց բոլոր 150 պատգամավորների լիազորությունները, չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը ներկա չէր, չի պատրաստվում մտնել խորհրդարան և դիմել է մանդատները չեղարկելու պահանջով:
Քաղհասարակությունը «Վրացական երազանք»-ի ձևավորած խորհրդարանը ինքնահռչակ է անվանում, սահմանադրագետները և իրավական հարցերով փորձագետները՝ հակասահմանադրական: Ըստ նրանց, հետագայում այս չլեգիտիմացված խորհրդարանի հաստատած կառավարությունը և նախագահի ընտրությունը ևս հակասահմանադրական են լինելու:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նախ, խորհրդարանի նիստը հակասահմանադրական որակեց, իսկ ավելի ուշ` օրը «սև երկուշաբթի Վրաստանում»: Նախագահի գնահատմամբ՝ խորհրդարան այլևս գոյություն չունի:
«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպության իրավաբան Գիորգի Մոնիավան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ նոր խորհրդարանականների լիազորությունների ճանաչումը հակասահմանադրական է, քանի որ ընտրությունների արդյունքերը վիճարկվում են ՍԴ-ում:
Մոնիավան պարզաբանեց՝ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի համաձայն, պատգամավորների լիազորությունները ճանաչելու մասին որոշման մեջ չի կարող ներառվել խորհրդարանի այն անձի ազգանունը, որի խորհրդարանի անդամ ընտրվելու օրինականությունը վիճարկվում է ՍԴ-ում:
«Խորհրդարանը հակասահմանադրական է, հետևաբար՝ նրանց ընդունած հետագա բոլոր որոշումներն ու օրենքները ևս հակասահմանադրական կլինեն: Հակասահմանադրական կլինեն նաև նոր ձևավորվելիք կառավարությունը, ինչպես նաև նոր ընտրվող նախագահը: Կստացվի՝ երկրում գործում է հակասահմանադրական խորհրդարան, որի ընդունած օրենքները հակասահմանադրական կլինեն, կգործի հակասահմանադրական կառավարութուն և նախագահ, ինչը բացասական հետևանքներ կունենա թե՛ երկրի ներքաղաքական իրավիճակի, թե՛ արտաքին քաղաքական իրավիճակի վրա», — ընդգծեց Մոնիավան:
Ուշագրավ է, որ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 86-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի մանդատը չի փոխանցվում այն քաղաքական գործչին, ում ընտրությունը բողոքարկվում է ՍԴ-ում
Չնայած այս հանգամանքին, Վրաստանի միակուսակցական խորհրդարանը 2-րդ նիստում հայտարարել է, որ կառավարության կազմը նախատեսում է հաստատել նոյեմբերի 28-ին, իսկ ահա երկրի 6-րդ նախագահի ընտրությունը, որը պատմական ընտրություն է, քանի որ առաջին անգամ ժողովրդի փոխարեն երկրի նախագահ կընտրի հատուկ կոլեգիան, կանցկացնի դեկտեմբերի 14-ին։
Սահմանադրագետ Բեսո Լոլաձեի խոսքով, խորհրդարանը, որը ճանաչում է իր լիազորությունները մինչև ՍԴ-ում ընտրական վեճերի ավարտը, չունի անձնական ժողովրդավարական լեգիտիմություն, այսինքն՝ նրա անդամները չեն համարվում ժողովրդի ներկայացուցիչներ։
Նրա գնահատմամբ՝ սա ջարդում է «ժողովրդավարական լեգիտիմության շղթան», որը սկսվում է ժողովրդից և տարածվում խորհրդարանի միջով մինչև խորհրդարանից լեգիտիմություն ստացող բոլոր մարմինները/պաշտոնյաները.
«Անձնական լեգիտիմության բացակայությունը հանգեցնում է օբյեկտիվ, նյութական լեգիտիմության բացակայությանը. խորհրդարանի և համապատասխան մարմինների/պաշտոնյաների ընդունած որոշումները լեգիտիմություն չունեն»:
Իրավական և ընտրական հարցերով աշխատող վրաստանյան քաղաքացիական հասարակական կազմակերպությունները (ՀԿ) նշել են՝ խորհրդարանի նիստը և ընդունած որոշումները հակասահմանադրական են:
ISFED-ի դիտարկմամբ՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարան է ներկայացվել 2 հայց՝ դրանով իսկ վիճարկելով խորհրդարանի բոլոր 150 անդամների ընտրության օրինականությունը։ Ըստ այդմ, ՀԿ-ն հակասահմանադրական է համարում նոյեմբերի 25-ին Վրաստանի խորհրդարանի կողմից նոր անդամների լիազորությունների մասին ծանուցումը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը հայտարարել էր՝ խորհրդարանի առաջին նստաշրջանը և նրա կողմից խորհրդարանի անդամների լիազորությունների ճանաչումը Վրաստանի Սահմանադրության և Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի ակնհայտ և կոպիտ խախտում է։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն նիստին զուգահեռ տարածած հաղորդագրության մեջ նշել էր՝ եթե Վրաստանի խորհրդարանը ճանաչի նոր անդամների լիազորությունները, դրանով իսկ կխախտի Սահմանադրությունը և խորհրդարանի կանոնակարգը։
Վրաստանի նախագահը Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել այս խորհրդարանի լեգիտիմության դեմ: Զուրաբիշվիլին բողոքում է սահմանադրական երկու իրավունքների՝ քվեարկության գաղտնիության և ընտրությունների համընդհանուրության խախտման դեմ։ 30 պատգամավոր դիմել է ՍԴ՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու համար։