Ինչ է փոխվել ընտրական քվեաթերթիկում

Այս տարի հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները արդեն որակվում են պատմական՝ տեխնոլոգիական առումով․ առաջին անգամ Վրաստանում ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ընտրողների գրեթե 90 տոկոսը քվեարկելու է էլեկտրոնային սարքերի միջոցով։ Այսուհանդերձ, փոփոխվելու է նաև ընտրական քվեաթերթիկը։

Նույնականացման սարքի միջոցով ինքնության ստուգումը բարեհաջող անցնելուց հետո ընտրողը գրանցողից ստանում է քվեաթերթիկ և քառակուսի ծրար: Գրանցողը նշում է քվեաթերթիկի վրա առկա փորձնական շրջանակը՝ ընտրողին ցույց տալու համար, թե ինչպես պետք է ճիշտ քվեարկել:

Այնուհետև ընտրողը պետք է մտնի գաղտնի քվեարկության խցիկ, որտեղ արգելված է լուսանկարել և տեսանկարահանել։ Ընտրողը քվեախցիկում պետք է քվեարկի ցանկալի սուբյեկտի օգտին:

Քվեաթերթիկի հետ կապված կարևոր փոփոխություններից մեկն այն է, որպեսզի քվեն հաշվվի, իսկ քվեաթերթիկը չզրոյացվի, ընտրողը պետք է գունավորի ցանկալի թեկնածուի անունի դիմաց շրջանակը, ոչ թե շրջագծի այն: Նշենք, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրական քվեաթերթիկի վրա ցանկալի թեկնածուին նշելու համար պետք է շրջագծեր ցանկալի քաղաքական սուբյեկտի դիմաց նշված թիվը։

Խցիկից դուրս գալուց հետո նա պետք է մոտենա ձայների հաշվման էլեկտրոնային սարքին, քվեաթերթիկը չպետք է ծալի, անմիջապես պետք է դնի ծրարի մեջ գաղտնիությունը պահպանելու համար։ Դրանից հետո նա պետք է շրջի քվեաթերթիկը և ծրարի օգնությամբ սահեցնի ձայների հաշվման էլեկտրոնային հատուկ մեքենայի մեջ, որից հետո պետք է սպասի մի քանի վայրկյան՝ համոզվելու համար, որ մեքենան իսկապես ստացել է քվեաթերթիկը, ապա ծրարը թողնի սեղանին և լքի ընտրատեղամասը:

Հատկանշական է, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններում երկու հիմնական սարք է օգտագործվելու՝ նույնականացման սարք և ձայների հաշվման էլեկտրոնային մեքենա։

Նույնականացման սարքի մասին ավելի մանրամասն կարդացեք նյութում՝

Ինքնության էլեկտրոնային ստուգումը վրաստանյան ընտրություններում