Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ենթադրությունները, թե նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Թբիլիսի-Վաշինգտոն հարաբերությունները կկարգավորվեն՝ ինքնախաբեություն է, որով փորձում են վրաց ժողովրդի շրջանում պատրանք ստեղծել, թե երկիրը մեկուսացված ու ռազմավարական գործընկերներից զրկված չէ, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասացին վրացի որոշ փորձագետներ:
Փորձագետները չեն բացառում, որ Թրամփը կհաստատի նոր պատժամիջոցները. «Վրացական երազանք»-ի թիմը պետք է Սպիտակ տնից սպասի պատժամիջոցների նոր փաթեթ: Նրանք պնդում են, որ «Վրացական երազանք»-ի թիմը կպատժվի Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի հետ համագործակցելու համար։
Ըստ փորձագետների՝ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և նրա թիմի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները, անգամ՝ Թրամփի վարչակազմի օրոք, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն դադարեցրել դաժան բռնաճնշումները սեփական ժողովրդի նկատմամբ և չեն նշանակել նոր ընտրություններ:
«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ «Վրացական երազանք»-ը կարծում է, թե իրենց պահպանողականությամբ կգրավեն Թրամփի վարչակազմի ուշադրությունը, կարծում է, թե աշխարհաքաղաքական խնդիրները հանրապետականներին ավելի քիչ է հետաքրքրում, քան դեմոկրատներին, ինչը, իհարկե, սխալ է:
Միքելաձեն պարզաբանում է՝ Թրամփի վարչակազմը բացասաբար է նայում Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի ազդեցությանը, իսկ «Վրացական երազանք»-ը թվարկվածների հետ վերջին շրջանում ակտիվ քաղաքականություն է վարում. սա Վաշինգտոնի ոչ մի վարչակազմ չի ընդունի:
«Թրամփի վարչակազմի վերաբերյալ «Վրացական երազանք»-ի հույսերը սին են. այն, որ «Վրացական երազանք»-ն այսօր երկխոսում է ավտորիտար ուժերի հետ, շարժվում է դեպի ուլտրաաջ կողմնորոշում ունեցող ուժերը, Վաշինգտոնում տեսնում են, և ոչ մի վարչակազմ սա չի ընդունի», — ասաց Միքելաձեն:
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով` նախապես կռահել, թե ինչպես կզարգանան Թբիլիսի-Վաշինգտոն հարաբերությունները, դժվար է. պետք է սպասել, թե ինչ զարգացումներ կլինեն հունվարի 20-ից հետո:
Զաքարեիշվիլին նշեց՝ Թրամփի վարչակազմը, հավանաբար, ոչ նոր պատժամիջոցներ կսահմանի, ոչ էլ արդեն սահմանած պատժամիջոցները կվերացնի:
«ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմն` ի դեմս դեմոկրատների, ինչու ոչ՝ նաև հանրապետականների, մասնավորապես՝ Ջո Ուիլսոնի, մեծ աջակցություն են ցուցաբերում վրաց ժողովրդին, միաժամանակ պատժամիջոցներ են սահմանում Վրաստանում ժողովրդավարությունը խարխլողների նկատմամբ, ինչը կարևոր աջակցություն է: Ինչ կլինի Թրամփի օրոք՝ բարդ է ասել. Թրամփի համար Հարավային Կովկասն առաջնային չէ», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց կոնֆլիկտաբանը:
Ուշագրավ է, որ «Վրացական երազանք»-ի կառավարությունից ոչ ոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել: «Վրացական երազանք»-ի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին նույնպես հրավեր չի ստացել։ Թրամփի երդմնակալությանը, սակայն, հրավիրված է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նրան հրավիրել է ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջո Ուիլսոնը:
Հիշեցնենք. 2024 թվականի նոյեմբերի 30-ին Միացյալ Նահանգները դադարեցրել է երկարամյա գործընկերությունը Վրաստանի հետ։ Վրաստանի հետ գործընկերությունը դադարեցնելուց երկու օր առաջ՝ նոյեմբերի 28-ին, «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ 4 տարով հետաձգում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը: Այս որոշումը հազարավոր մարդկանց դուրս բերեց մայրաքաղաքի փողոցներ։ Եվրոպամետ բողոքի ցույցերը դեռ շարունակվում են:
Նշենք, որ Թրամփի երդմնակալության արարողությունը Վաշինգտոնում տեղի կունենա հունվարի 20-ին:
ԱՄՆ-ը խստացնո՞ւմ է «Վրացական երազանք»-ի դեմ պատժամիջոցները. կարծիքներ