Ինչ է պարունակում վրաստանյան կաթնամթերքը. լրագրողական հետաքննություն

Վրաստանում տարիներ շարունակ արտադրվել ու վաճառվել է կաթնամթերք, որի ստացման համար անասուններին կերակրում էին հավի ծերտով. կերակրման այս եղանակը վտանգավոր է և արգելված է Եվրոպայում: Վրաստանի բնակչությունն ահազանգել է, որ իրենց ձեռք բերած կաթնամթերքի մեջ ևս անթույլատրելի նյութեր են եղել: Այս խնդիրը բարձրաձայնվել է վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանի լրագրողական հետաքննությամբ:

Վրաստանի հում կաթի խոշորագույն ֆերման՝ «Կղվարելիի Բագա»-ն, որը պատկանում է գործարար Լաշա Պապաշվիլիին, շահել է «Չիրինա» (Բիու-Բիու) հավի մսամթերք արտադրող ընկերության դեմ դատական ​​գործը, որին պարտավորեցրել են վճարել 4,7 մլն լարի: Հետաքննության տվյալներով՝ 2018 թվականին «Կղվարելիի Բագա»-ն «Չիրինա»-ից գնել է մոտավորապես 2700 տոննա հում, չմշակված հավի ծերտ։

Վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանի լրագրողական հետաքննության համաձայն՝ մեկ տարի անց «Կղվարելիի Բագա»-ն հայտնել է, որ «Չիրինա»-ից գնած հավի ծերտի հետևանքնով, որով նա կերակրում էր իր կովերին, սատկել են անասուններն ու պատճառել 1,65 միլիոն լարիի վնաս։ «Չիրինա»-ն չի ընդունել բողոքները և պատասխանել է, որ հավի ծերտը վաճառում է որպես պարարտանյութ, ոչ թե որպես սնունդ։

2020 թվականին Լաշա Պապաշվիլիի ընկերությունը դատի է տվել «Չիրինա»-ին։ Ըստ նյութերի՝ «Կղվարելիի Բագա»-ի 1 կովն օրական կերել է մոտավորապես 6-7 կիլոգրամ հավի ծերտ (այլ կերերի շաղախին խառնած)։

«Ազատություն» ռադիոկայանը ցուցակագրված ընկերություններից հետաքրքրվել է, թե արդյոք ստուգել են «Կղվարելիի Բագա»-ից ստացված կաթի բոլոր խմբաքանակները, և քանի՞ անգամ են հակաբիոտիկներ հայտնաբերվել դրա մեջ։ Նրանք նաև գիտեի՞ն, որ կաթ մատակարարողը կովերին կերակրելու համար օգտագործում էր հավի ծերտ, որն այն ժամանակ արգելված էր Եվրոպայում:

«Սանտե» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին գրել են, որ չեն ցանկանում մեկնաբանել այդ հարցը։

«Պեպսիկո» ընկերությանը պատկանող «Սոփլիս նոբաթի»-ի սեփականատերը պատասխանել է. «Ցավոք, այդ ժամանակահատվածի արխիվը չի պահպանվել, օրենքով փաստաթղթերի պահպանման համար կիրառվում է երեք տարի ժամկետ: Ընդհանրապես, եթե կաթի կամ որևէ բաղադրիչի որակը չի համապատասխանում «Պեպսիկո»-ի սահմանած չափանիշներին և օրենսդրության պահանջներին, ապա այդպիսի բաղադրիչը համարվում է թերի և թույլ չի տրվում արտադրել»:

Հարցին, թե արդյոք նրանք գիտե՞ն, որ կաթի մատակարարը հավի ծերտ է օգտագործում իր կովերին կերակրելու համար, որն այն ժամանակ Եվրոպայում արգելված էր, «Պեպսիկո»-ն պատասխանել է՝ ոչ:

«Ազատություն» ռադիոկայանին «Ագրոհաբ»-ը պատասխանել է, որ այդ ժամանակ իրենք կաթ էին գնում «Կղվարելիի Բագա»-ից, բայց տեղյակ չեն, որ կովերին ծերտով են կերակրում։

Հոդվածում կարդում ենք, որ դատական ​​փաստաթղթերի համաձայն` մեկ տարվա ընթացքում հաճախորդները «Կղվարելիի Բագա»-ի կաթի մեջ հակաբիոտիկների հետքեր են հայտնաբերել մոտ 10 անգամ, բայց` ոչ գնված կաթի յուրաքանչյուր խմբաքանակում։

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ: