«Կունենանք երկրների ցանկ, որոնք անարդար են վերաբերվում Վրաստանի նկատմամբ»
Օրեր առաջ հենց այս միտքը բարձրաձայնեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն` ասելով, որ Վրաստանը կկազմի «Անարդարացի երկրների ցանկ»։
Որտեղ և ինչպես է առաջացել «Անարդարացի երկրների ցանկ»-ը
Դեռևս 2018 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել էր, որ Ռուսաստանը պետք է «ցուցակագրի» ոչ բարեկամ երկրներին։ 2022 թվականից ի վեր եղել են երկու նմանատիպ ցուցակներ, որոնք ներառում են ավելի քան 50 երկիր։ Վրաստանը ներառված չէ Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես ստեղծել է այն երկրների ցուցակը, որոնք «անբարյացակամ գործողություններ են կատարել հանրապետության դեմ» 2022 թվականին։
Վրացի վերլուծաբանները և քաղաքական գործիչները փաստում են՝ իշխող ուժի կայացրած որոշումները ռուսական մեխանիզմներ են, այլևս ոչ ոք դրանում կասկած չունի.
«Վրաստանն արդեն իսկ ունի «անարդարացի երկրների ցանկ», որտեղ այն երկրներն են, որոնք ճանաչել են Վրաստանի որոշ տարածքների օկուպացիան. առաջին հերթին դա Ռուսաստանն է, Վենեսուելան, Սիրիան և այլն:
Մի քիչ ծիծաղելի է, որ «Վրացական երազանք»-ը հիմա փորձում է այդ ցուցակին ավելացնել այնպիսի երկրներ, որոնք Վրաստանին բազմիցս օգնել են աճի և բարգավաճման հարցում»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին:
Ըստ Մելաշվիլիի, սա ռուսական գրքից վերցված էջ է և փորձ՝ հավասարակշռելու ռուսական ազդեցությունը և մեր արևմտյան գործընկերների համագործակցությունը:
«Ոչ ոք այլևս հարցեր չունի՝ կապված «Վրացական երազանք»-ի կողմնորոշման հետ, նրա ռուսական ազդեցության տակ գտնվելը գաղտնիք չէ, գլխավորը՝ ինչ անում են Արևմտյան երկրները, որոշ չափով ճնշում գործադրելն է իշխող ուժի նկատմամբ, որպեսզի վրաց ժողովուրդը չտուժի նրանց կայացրած որոշումներից»,- ընդգծեց Մելաշվիլին:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ, քաղաքագետ Գրիգոլ Գեգելիան ևս փաստում է` Կոբախիձեն պատճենում է Կրեմլի մարտավարությունը։
«Վրաստանը, ինքնավարության ներքո, փորձում է ընդօրինակել Ռուսաստանի, Կրեմլի մեխանիզմները։ Նման դիրքորոշումը ոչ մի Արևմտյան երկիր չի ընդունի»-ընդգծեց Գեգելիան։
Ըստ Գեգելիայի` այս մեխանիզմը եթե նույնիսկ ընդունվի, մեծ նշանակություն չի ունենա։
«Իմ կարծիքով, սա մեծ բան չի փոխի երկրում, քանի որ ինչպես հիմա է վարվում իշխանությունն իր քաղաքացիների հետ, դրանից ավելի վատ բան չի կարող լինել։
Չնայած սրան, պարզ է, որ Ռուսաստանը չի լինի Վրաստանի «Անարդարացի երկրների» ցանկում, քանի որ Ռուսաստանն ամեն ինչ է և միակ օրինակը Կոբախիձեի համար։
Քաղաքական գործիչը նշեց, որ տվյալ ցուցակում հավանաբար կլինեն այն երկրները, որոնք պաշտպանում են ժողովրդավարական արժեքները։
Հիշեցնենք. Վրաստանում եվրոպամետ ցույցերը շարունակվում են։
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգ չի ներառի մինչև 2028 թվականի վերջը։