Թբիլիսիի Ավլաբարի մետրոյի մերձակայքում շինարարություն իրականացնող «Էյ-Պի-Էս» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել Ավլաբարի մետրոյի մոտ նախատեսվող նախագծի մասին վերջին օրերին տարբեր աղբյուրների և լրատվամիջոցների չճշտված տեղեկությունների տարածման առնչությամբ:
«Էյ-Պի-Էս» ՍՊԸ-ի փոխանցմամբ, պատմականորեն նշված տարածքում եղել են շինություններ, այդ իսկ պատճառով քաղաքի երկու գլխավոր հատակագծերով այս հողամասում ընդլայնվել է բարձր ինտենսիվ զարգացման գոտի։ 1993 թվականին նշված տարածքում համաձայնեցվել է ճարտարապետական նախագիծ, որի հեղինակներն են Գիգա Բատիաշվիլին և Անրի Կղրուաշվիլին։
«Մեր ընկերությունը նշված հողամասը ձեռք է բերել 2004 թվականին՝ հաշվի առնելով, որ եղել է համաձայնեցված նախագիծ և շինարարության թույլտվություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս նախագիծը անտեսել է պատմական կառուցվածքը, ընկերությունը համաձայնել է նախագծի հեղինակների հետ փոփոխություններ կատարել նախագծում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ ընկերության պնդման, 2013 թվականին փոփոխված (ուղղված) նախագիծը համաձայնեցվել է Թբիլիսիի տարածքային խորհրդի և Թբիլիսիի ճարտարապետական ծառայության հետ:
«Վերջին 4-5 տարիների ընթացքում Թբիլիսիի քաղաքապետարանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում այս նախագծի իրականացման շուրջ։ Այս ընթացքում Թբիլիսիի քաղաքապետարանը մշտապես պահանջել է կրճատել մշակման ծավալներն ու տարածքը։ Ի վերջո, ընկերությունը ստիպված է եղել համաձայնել քաղաքապետարանի խնդրանքին։
2022 թվականին Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համաձայնեցվել է նոր, ճշգրտված նախագիծ, որի մշակման տարածքը կրճատվել է ինչպես սկզբնական նախագծի, այնպես էլ 2013 թվականի համաձայնեցված նախագծի համեմատ։ Նախագիծը բազմաֆունկցիոնալ, ոչ բնակելի շենք է (գետնից 3 հարկով), և տարածքի զգալի մասը հատկացված է հանրային տարածքին»,- նշել են ընկերությունից:
Նրանց փոխանցմամբ, ընկերությունը 18 տարվա ընթացքում ծախսել է մեծ ռեսուրսներ, կատարվել են մի շարք պատմական ուսումնասիրություններ և վերլուծություններ, տարբեր ճարտարապետների մասնակցությամբ անցկացվել է մի քանի ճարտարապետական փակ մրցույթ, ստեղծվել է ավելի քան 30 էսքիզ, հանրային քննարկում է կազմակերպվել մասնագիտական շրջանակներում, ուստի կարևոր է, որ այսօր իրենք ունեն փոխհամաձայնություն Թբիլիսիի քաղաքապետարանի հետ, կա համաձայնեցված և հաստատված նախագիծ, որը ընկերությունը մտադիր է իրականացնել։