«Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր Իրակլի Ռուխաձեն վստահ է՝ որպես ԱՄՆ քաղաքացի Միացյալ նահանագների պատժամիջոցներն իրեն չեն սպառնում։
Ռուխաձեն նման կարծիք է հայտնել «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ պատասխանելով Կոնգրեսից ԱՄՆ նորընտիր պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղարկված նամակի մասին հարցին։ Նամակում, ի դեպ, պատժամիջոցների տակ հայտնված Իվանիշվիի շրջապատի 26 կոնկրետ անձանց թվում է նաև Ռուխաձեն։
«Իհարկե, ինձ չեն ուրախացնում պատժամիջոցները։ Ես, սակայն, չեմ կարծում, որ ինձ պատժամիջոցներ են սպառնում։ Կարող եմ մանրամասնել, թե ինչու եմ այդպես կարծում․․․ Ես ուրախ չեմ, որ Ուկրաինան իմ նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել, հսկայական բիզնես ունեմ Ուկրաինայում, սիրում եմ այդ երկիրը։ Անհավանական ողբերգություն եմ համարում, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա» — ասել է Իրակլի Ռուխաձեն:
Եվս մեկ՝ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հղված նամակում, որը ձեռք է բերել «Ազատություն» ռադիոկայանը, նշվում է «Իմեդի» հեռուստաընկերության գործունեության մասին։
Անդրադառնալով նամակին Ռուխաձեն նշել է՝ պնդում են, թե «Վրաստանում «Իմեդի» հեռուստաընկերությունը պարբերաբար հեռարձակում է Բիձինա Իվանիշվիլիի քարոզչությունը, ամբողջ աշխարհի խնդիրներում մեղադրելով ԱՄՆ-ին»։
«Արդյո՞ք դա է արտացոլում «Իմեդիի» գործունեությունը։ Իհարկե, ոչ, այդպես չէ․․․ Ես շատ եմ սիրում Ամերիկան: Ես պարզապես անընդհատ ասում եմ, որ Ամերիկան պաշտպանում է ամերիկյան շահերը Վրաստանում, ոչ թե Վրաստանի շահերը», — պատասխանել է Ռուխաձեն:
Վերջում, Ռուխաձեն շեշտել է, որ այդ նամակները իրեն ամենևին էլ չեն անհանգստացնում.
«Ի՞նչ են նրանք պատրաստվում անել, ինձ դատի տա՞լ: Ինձ անհանգստացնում է անարդարությունը։ Ինչու է պատժամիջոցն անարդար գործիք, որովհետև եթե Անգլիան, կամ Եվրոպան պատժի ինձ, ես իրավունք չունեմ դատարան դիմելու»:
Հատկանշական է, որ հարցազրույցը համացանցում ակտիվ քննարկման առիթ է դարձել, քաղհասարակության մի մասը վրդովված է․ դա բացատրում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի «չեզոք հարցադրումներով», իսկ մյուս մասն անիմաստ է համարում հարցազրույցն իշխանական հեռուստաընկերության սեփականատիրոջ հետ: