
Վրաստանում մի քանի օր առատ ձյուն է տեղում, որն արդեն երկրի արևելյան մասում ողբերգական հետևանքներ է ունեցել տեղի բնակչության համար։
Որոշ մարզերի դպրոցներում դադարեցվել է նաև ուսումնական գործընթացը։ Վրաստանը լեռնային երկիր է, և առատ ձյունը չպետք է առանձնահատուկ անակնկալ լինի, սակայն, ցավոք, եղանակի կտրուկ վատթարացումը, հատկապես անոմալ օդերևութաբանական իրադարձությունները, հաճախ խնդիրներ են ստեղծում կարևոր ենթակառուցվածքների համար և վտանգ ներկայացնում մարդկանց համար։
Չնայած Վրաստանի հայաբնակ մունիցիպալիտետներում նման իրավիճակ չի ստեղծվել, բայց եղանակային պայմանները վատ են, ուստի հարկ է ծանոթանալ առատ ձյան դեպքում տանը, դրսում կամ երթևեկելիս անհրաժեշտ մի քանի խորհուրդների:
Ծանոթանալու համար իրավիճակին Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ծալկայի ճանապարհներին, անցեք հղումով:
CENN-ը տրամադրում է ուղեցույց, թե ինչպես վարվել առատ ձյան ժամանակ և ինչ անել ձյան հետևանքով ստեղծված իրավիճակից առաջ, ընթացքում և հետո:
Տանը` առատ ձյան դեպքում
Ամուր փակեք պատուհանները, դռները և օդափոխման խողովակները: Պատուհանների ապակիներին թղթե ժապավեն կպցրեք, փակեք փեղկերը: Պատրաստի ունեցեք առաջին անհրաժեշտության դեղորայք, լուսավորության աղբյուրներ` եթե անջատեն հոսանքը (լապտերներ, լամպեր, մոմեր):
Դրսում` ձյան և մերկասառույցի դեպքում
Դրսում ձյան և մերկասառույցի դեպքում ոտքով տեղաշարժվելիս խորհուրդ է տրվում քայլել դանդաղ, ոտքը դնելով կոշիկի ամբողջ ներբանով, ազատ ձեռքերով: Վնասվածք ստանալու դեպքում դիմեք վնասվածքաբանության կենտրոն կամ դիմեք շտապ օգնությանը:
Տարեցներին խորհուրդ է տրվում քայլել ռետինապատ ձեռնափայտով: Զգալու դեպքում, որ սահում եք` իջեք ծնկի անկման բարձրությունը նվազեցնելու համար:
Ավտոմեքենայով երթևեկելու դեպքում
Առատ ձյան դեպքում եթե ստիպված եք տեղաշարժվել ավտոմեքենայով, ապա մեքենան վարեք միայն հիմնական ճանապարհներով և մայրուղիներով, եթե կա դրա հնարավորությունը: Երթևեկեք միայն ձմեռային անվադողերով:
Քանի որ բարձր է հոսանքազրկման հավանականությունը, նախապես լիցքավորեք հեռախոսը հնարավոր մեկուսացման դեպքում կապից չզրկվելու համար: