Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ անցյալ շաբաթ կառավարությունը հաստատել է իմունիզացիայի նոր ծրագիրը։
Ըստ Գամկղրելիձեի՝ վերջին տվյալներով իմունային շերտը երկրում կազմում է 85 տոկոս։
Իմունաբանը նաև հավելել է, որ եթե պարբերաբար չուժեղացվի իմունային շերտը՝ խթանիչ՝ booster դոզայով, ապա 6-7 ամիս հետո այն կթուլանա։
«Այժմ մենք սկսում ենք նոր արշավ՝ կրկին ներկայացնելու պատվաստման անհրաժեշտությունը։ Կառավարությունն ամեն ինչ անում է պատվաստանյութեր գնելու համար, և դրանք բավականաչափ կան։ Բոլոր մահացությունների 85 տոկոսը տեղի է ունենում 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ, ուստի այս տարիքի մարդկանց համար հատկապես կարևոր է ամբողջությամբ պատվաստված լինելը: Նույնիսկ ավելի լավ կլինի, եթե «խթանիչ» դոզայով էլ պատվաստվեն»,- ասել է Գամկղրելիձեն։
Հիշեցնենք՝ Գամկղրելիձեն նաև ասել էր, որ Վրաստանում իմունականխարգելման խորհուրդը կքննարկի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափն ընդունելու հարցը: