
Իմերեթիի մունիցիպալիտետի մոտ 150 գյուղ կտրված է արտաքին աշխարհից առատ ձյան պատճառով։
«Առավոտից աշխատում է 148 տեխնիկա, որը մաքրում է ինչպես քաղաքը, այնպես էլ գյուղեր տանող ճանապարհները։ Այս պահի դրությամբ 149 գյուղ կտրված է արտաքին աշխարհից։ Մոտ 30 հազար բաժանորդի էլեկտրաէներգիա չի մատակարարվում, իսկ 237 բաժանորդի գազամատակարարումն ընդհատվել է։ Կան որոշ մունիցիպալիտետներ, որտեղ դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է»,- ասել է Իմերեթիի մարզպետ Լևան Զալկալիանին։
Արևմտյան Վրաստանում տեղացած առատ ձյունը խնդիրներ է առաջացրել Վրաստանի մի շարք շրջաններում, հատկապես Գուրիայում, Աջարիայում և Իմերեթում։ Բնակչության մի մասին էլեկտրաէներգիա, բնական գազ, ջուր չի մատակարարվում։ Տներ են վնասվել և փլուզվել, բազմաթիվ քաղաքացիներ կտրված են արտաքին աշխարհից և օգնության կարիք ունեն։
Փետրվարի 25-ից պաշտպանական ուժերը ներգրավված են արևմտյան Վրաստանում ձյան առատ տեղումներից տուժած բնակչությանն աջակցելու գործընթացում։