Փոքրխանչալեցիները կատակներով են մթնեցնում իրենց օրը
Երբ ձգվում է ուղին,
Ես չեմ տեսել ճամփա, այսքան խիստ ու դժնին,
Այսչափ իմաստուն ու խեղճ:
Եվ զորությամբ մի խենթ՝ կապված դարի քայլին,
Կապված նախնիների զարկին սրտի ու տենչանքին,
Եվ հառնում է բարձրունք Փոքր Խանչալին:
Փոքր Խանչալի գյուղը գտնվում է Նինոծմինդա շրջանից 9 կիլոմետր հեռավորության վրա, Խանչալի լճի հարավ-արևմտյան ափին: Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի առաջին կեսին՝ Էրզրումի վիլայեթի Դինարիգոմ, Քյոշք և Մեղուս գյուղերից գաղթած հայերի կողմից:
2014 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով Փոքր Խանչալի գյուղում ապրում է 554 մարդ:
Փոքր գյուղ է Փոքր Խանչալին, բայց այս փոքր գյուղն ունի հիմնախնդիրների մեծ կծիկ: Գյուղի առաջնահերթ խնդիրը ճանապարի խնդիրն է: 9 կիլոմետրանոց ճանապարհը, որը կապում է գյուղը շրջկենտրոնի հետ, ծայրաստիճան անմխիթար վիճակում է: Խնդիրը գլուխ է բարձրացնում հատկապես գարնանամուտին՝ ձնհալի հետ և շարունակվում մինչև առաջին ձյունը: «Նոր մեքենա ենք գնում, մի ամսից վերանորգման կարիք է զգացվում»- նշում են գյուղացիները: Գյուղը շրջկենտրոնին կապող հանրային տրանսպորտ չկա:
Գյուղում մեծ խնդիր է գործազրկությունը: Փոքր խանչալեցիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու կարտոֆիլագործությունն է: Գյուղացիները բողոքում են-« Չարչարվում ենք, տանջվում, հեկտարներով կարտոֆիլ ցանում, որ մենք էլ մի բանի հասնենք մարդավարի ապրենք, բայց արդյունք չկա: Բերքը գին չունի: Ինչ գնով էլ վաճառենք, նույնիսկ իր ծախսը չի փակում: Էս ջահելներն էլ մեղք են, գործ չունեն»: Գյուղից արտագնա աշխատանքի քչերն են գնում: Պատճառաբանում են՝ փաստաթուղթ չունենք:
Գյուղում չկա նաև մանկապարտեզ: Այս խնդիրների լուծմանը գյուղացիները պասում են համբերատար-«ընտրությունից ընտրություն սպասում ենք բարեփոխումների: Ուր է թե մեր գյուղին էլ հերթ հասնի»:
Փոքր Խանչալին շրջանի ծայրամասային գյուղերից է: Այդ իմաստով անչափ կարևոր նշանակություն ունի խմելու ջրով ապահովելու հարցը: Հատկապես նշանավոր են Կարմիր գեզըն (աղբյուր), Բաղդու գեզըն, Սրբի սարի գեզըն: Ընդհանուր առմամբ գյուղի շրջակայքում կա 20-ից ավելի աղբյուր, որոնգ մաքրամաքուր ջրի հաշվին գյուղում հիմնականում լուծված է խմելու ջրի հարցը:
Գյուղի ծխական դպրոցը բացվել է 1860-ական թվականներին, 1968-ից այն միջնակարգ է: Այսօր, ազգագրագետ Վարդ Բդոյանի անունը կրող դպրոցում սովորում է 74 աշակերտ: Դպրոցի շենքը գտնվում է անմխիթար վիճակում: Շենքը վթարային է: Չնայած դրան՝ դպրոցում եռում է մշակութային և սպորտային կյանքը: Աշակերտները լավագույն արդյունքների են հասնում շրջանում կազմակերպված տարբեր մրցույթներում, դպրոցական օլեմպիադաներում: Դպրոցում առանձնահատուկ ուշադրությամբ է ուսուցանվում պետական լեզուն: Թբիլիսիի բուհերում սովորում է 10-ից ավելի փոքրխանչալեցի ուսանող: Բավականին մեծ թվով ուսանող կա նաև մայր հայրենիքի բուհերում:
Մեծ հաջողություններ են գրանցել գյուղի մանկապատանեական և մեծահասակների ֆուտբոլային թիմերը՝ շրջանային և միջշրջանային մրցաշարերում: Փոքր Խանչալիի մարզիկները առանձին թիմով մասնակցել են նաև ՀՀ-ում անցկացվող Համահայկական խաղերին:
Գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Հակոբի անունը կրող եկեղեցին, որը կառուցվել է 1875 թվականին: Եկեղեցին չի գործում, ունի ներքին հարդարման կարիք:
Փոքրխանչալեցիները ազգասեր մարդիկ են, նրանք խորապես գիտակցում ու գնահատում են հայ ազգային-ազատագրական պայքարի ֆիդայի հերոսների անձնվեր գործունեությունը: Դրա առհավատչյան Գևորգ Չաուշի, Մոնթե Մելքոնյանի հուշարձան- կոթողները, եկեղեցու բակում կանգնեցված Մեծ եղեռնի զոհերի հիշատակն անմահացնող խաչքարը:
Ջավախքում որձաքարի ամրությամբ լեռներ կան, այդ լեռների գրկում՝ ծվարած բազմաթիվ բնակավայրեր: Դրանցից մեկն էլ Փոքր Խանչալին է, որը հայրենիքին տվել է բազում անվանի մարդիկ՝ գիտության, սպորտի, արվեստի և այլ բնագավառներում:
Փոքր Խանչալիում ամեն տարի մեծ շուքով են նշում Համբարձման տոնը, որը տեղացիները անվանում են Կաթնապուր: Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը գյուղի երիտասարդները գնում են Ծաղկունանք կոչվող դաշտը: Հավաքում են յոթ գույնի ծաղիկներ, դրանցից կապում խաչ, անցկացնում յոթ առվից, տանում սուրբ Թևաթորոսի մատուռը: Մնացած ծաղիկները բաժանում են գյուղացիներին: Տոնի կուլմիանցիոն մասը տեղի է ունենում հունիսի առաջին կիրակի օրը: Գյուղի երիտասարդները լուսաբացը դիմավորում են սբ. Թևաթորոսի մատուռում, հետո իջնում են Սրբի Սարի աղբյուրը, ժողովրդական ծեսերով մընի՝ վիճակ են հանում: Այս ամենից հետո ամբողջ գյուղով հավաքվում են եկեղեցու բակում: Ահել-ջահել քոչարի են բռնում, երգում, կատարում ժողովրդական խաղիկներ: Տոնակատարությունը համախմբում է այլ գյուղի բնակիչների, պաշտոնատար անձանց: Հնում տոնի օրերին գյուղի կանայք կաթնապուր են պատրաստել ու շաղ տվել դաշտերում, որպեսզի տարին բերքառատ լինի:
Փոքր Խանչալի գյուղում հավուր պատշաճի նշվում է Տրնդեզը, Սուրբ Զատիկը:
Փոքրխանչալեցիները երգ ու պար գնահատող մարդիկ են: Նրանք անչափ բարի ու կատակասեր են: Հոգնատանջ աշխատանքից հետո հավաքվում են տղամարդիկ «ժամին դուռը», ամփոփում են անցողիկ օրը, գյուղից հասնում մայրաքաղաք, Եվրոպա ու Ամերիկա, ասում-խոսում, միմյանց ձեռք առնում, կատակներով մթնեցնոմ են իրենց օրը ՝ լավագույն ապագայի սպասելիքներով:
Արմենուհի Պոդոսյան