Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթին ներկայացված հերթական շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները մեզ, և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում:
Հեղինակ՝ Քնարիկ Քոսյան
Փոկան մի բառ է, որն ասելիս յուրաքանչյուր մարդ յուրօրինակ ձեւով է ընկալում: Իսկ ես հասկանում եմ մի ամբողջ հարստություն, որ ունեմ իմ ծննդյան օրից մինչ այսօր: Երբ խոսվում է գյուղիս մասին, ես չեմ կարողանում զսպել հուզմունքս, այնքան շատ եմ ուզում խոսել ու պատմել երկար-երկար, թեւ ժամանակը չի հերիքի: Ես կպատմեմ իմ բնակավայրի տեսարժան վայրերի մասին:
Փոկան հայաբնակ բնակավայր է Վրաստանի Նինոծմինդայի շրջանում, Փարվանա լճի ափին, պատմական Ջավախքի տարածքում: Գյուղի պատմությունը սկսվում է 1830 թվականներից՝ Արևմտյան Հայաստանի Ղարսի, Էրզրումի շրջաններից գաղթած ընտանիքներից։ Պատմության համաձայն՝ առաջին բնակիչները եղել էն Մադոյան եւ Առաքելյան ազգերը: Փոկան մնացած գյուղերից տարբերվում է ոչ միայն մշակույթով ու սովորություններով, այլ նաեւ խոսակցական բարբառով: Ինչպես և Ջավախքի այլ հայաբնակ համայնքները Փոկան Խորհրդային Միության փլուզումից հետո ունեցել է բնակչության արտահոսք։ Այսպես, 1991 թ. Փոկայում բնակվում էր շուրջ 2500 հայ: Համայնքում գործում է միջնակարգ դպրոց, որն ունի շուրջ 280 աշակերտ: Համայնքի բնակչության հիմնական զբաղմունքներն են հողագործությունն ու անասնապահությունը։ Շրջանը հարուստ է արոտավայրերով։
Բնակավայրի շրջակայքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով։ Մինչ մեր բնակություն հաստատելը գյուղով է անցել Սուրբ Նինոն: 1989 թ.-ից սկսած, գյուղում գործում են Սուրբ Նինոյի մենաստանները: Ամեն տարի հունիսի 1-ին Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի օրհնությամբ նշվում է Սուրբ Նինոյի օրը:
Գյուղում է գտնվում Վրաստանի ամենամեծ լիճը Փարվանան: Լճի մակերեսը 37,5 կմ², միջին խորությունը՝ 2,4 մ, առավելագույնը՝ 3,3 մ։ Ջուրը քաղցրահամ է, ջինջ, շրջապատված բազմերանգ ծաղիկներով զարդարված մերձալպյան մարգագետիններով։ Լճում կան տարբեր տեսակի ձկներ։
Փոկայում է գտնվում Սուրբ Նինոյի անունը կրող եկեղեցին։
Այս վայրից է սկսվել մեր երկրում վրաց մանկավարժ Սուրբ Նինոյի գործունեությունը: Սուրբ Նինոն Վրաստանից ժամանել է Հայաստան եւ առաջին անգամ կանգնել Փարվանա լճի մոտ, որտեղ երկու օր անցկացրել: Այստեղ նա հրաշալի տեսիլք է ունեցել: Երազում մի պայծառ մարդ նրան տվել է կնիք եւ պատվիրել գնալ Մցխեթա եւ տալ այն թագավորին: Արթնանալով սուրբն աղոթել է եւ գնացել Քարթլի:
Այստեղ գյուղացիները զբաղվում են ոչ միայն անասնապահությամբ ու դաշտավարությամբ, այլ նաև ձկնորսությամբ, մեղրաբուծությամբ, գյուղը իր ցուրտ ջերմաստիճանի պաճառով աղքատ է մրգերի տեսակներից:
Շատ քչերին է հայտնի, որ Փոկան ունի գանձեր։ 1979 թ.-ին այստեղ հայտնաբերվել են XIV դարին թվագրվող 155 մմ տրամագծով արծաթե մետաղադրամներ։ Գանձարանի հնագույն մետաղադրամի տարեթիվը համարվել է 1310 — 1316թթ․:
Փոկան ունի նաեւ մատուռ «աղոթատեղ», որը դարեր առաջ կառուցել են մեր պապերը: Սրբավայրը մինչև այսօր գործում է: Նրա հարակից տարածքում գտնվում է 1915 թ․ եղեռնի ու 1988 թվականի երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձան:
Փոկան նախկին տարիների համեմատ զարգանում է, գյուղում կառուցվել են բազմաթիվ նոր կառույցներ, ինչը դրական է ազդում հասարակության վրա։ 2 տարի առաջ կառուցվեց գյուղապետարան ու մանկապարտեզ, նաեւ վերանորոգվեց տեղի ակումբը:
Կարծում եմ՝ դուք էլ կունենաք ցանկություն գալ եւ տեսնել Փոկան եւ Փարվանա լիճը: