Իմ գյուղը. Մեծ Գոնդուրա

Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթին ներկայացված առաջին շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները մեզ, և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում: Լավագույն շարադրությունների հեղինակները կխրախուսվեն «Ալիք մեդիայի» կողմից:

29542011_179737892655682_4820583686166536964_n

Հեղինակ՝ Աննա Կարոյան

«Իմ գյուղը» չեմ հասկանում, թե ինչպես և ինչից սկսել: Չեմ համբերում, թե երբ պիտի նկարագրեմ իմ գյուղը, բայց այս կյանքում ամեն ինչ ունի իր ժամանակը, դե ուրեմն սկսեմ սկզբից…

Իմ գյուղը գտնվում է Ջավախքում՝ Նինոծմինդայի շրջանում: Իմ նախնիները, երբ սկսեցին կառուցել գյուղը, պետք է որոշեին գյուղի անունը: «Փայտե կոշիկ»՝ սկզբնական անվանումն իմ Մեծ Գոնդուրայի: Թե ինչու են անվանել հենց «փայտե կոշիկ», կա երկու վարկած: Դե առաջինն այն է, որ իմ գյուղը սարի լանջին է և այնտեղ կա մի աղբյուր, որը փոսի մեջ է և մարդիկ այդ փոսը հեռվից նայելով նմանեցրել են կոշիկի և անվանել արհեստական կոշիկ, այսինքն՝ «փայտե կոշիկ»: Անդրադառնանք երկրորդ վարկածին: Կոշիկ բառն առաջ է եկել «գոնդ» բառից, մեր նախնիներն այն կոշիկներին, որոնք մի քիչ կրունկ և կոպիտ տեսք ունեին, անվանել են գոնդոլ, և նախնիներս մի տարածքից գտել են այդպիսի կոշիկ և գյուղն անվանել «փայտե կոշիկ», այսինքն՝ գոնդուրա, իսկ այն վայրից, որտեղից գտել են կոշիկը, այդ վայրը մինչ այսօր Գոնդիկ են անվանում: Գոնդուրան հետագայում ստացավ նաև Մեծ անվանումը, քանի որ առաջ եկավ մեկ ուրիշ գյուղ, որը մեր գյուղի հարևանությամբ է և այն նույնպես Գոնդուրա է կոչվում: Քանի որ մեր գյուղը շատ ավելի մեծ է, անվանվեց Մեծ Գոնդուրա:

Գյուղում շատ հետաքրքիր, մտավոր և ֆիզիկական ուժով առաջադեմ մարդիկ են եղել և այսօր էլ կան: Այստեղ է նաև բոլորի կողմից ճանաչված Ալբերտ Շիրինյանի ըմբշամարտի դպրոցը: Ամեն տարի ապրիլ ամսին տարբեր վայրերից գալիս են մեր գյուղ՝ ըմբշամարտի մրցումների: Մեր գյուղն էլ ունի բազմաթիվ մրցանակակիրներ:

Իմ գյուղի աշխարհագրական դիրքը նույնպես հետաքրքիր է. փոսի մեջ գտնվող հրացանի է նման: Իսկ ինչո՞ւ հրացան, դա էլ բացատրեմ։ Երբ բարձրանում ենք Մալագա սարը (դա այն սարն է, որի լանջին է գտնվում Գոնդուրանգյուղն այնտեղից նմանվում է հրացանի:

Սարերի գրկում գտնվող այս գյուղն ունի գետակ, որն անցնում է գյուղամեջով: Առաջներում անգամ այդ գետակից ջուր են խմել, հետո սկսեցին լողանալ այդ ջրի մեջ, իսկ այսօր գետակն օգտագործվում է ոռոգման համար: Գյուղում՝ հենց այս գետակի վրա էլ կառուցված է ջրաղաց: Այս գետակն ունի փոքրիկ ջրվեժ. փոքրիկ, բայց գեղեցիկ: Ջրվեժից քիչ հեռու գտնվում է մեր գյուղի եկեղեցին, որի դուռը միշտ բաց է այցելուների համար: Գյուղում շատ են մատուռները, կան նաև խաչքարեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր փոքրիկ պատմությունը:

Անցում կատարեմ և խոսեմ «Սարի քարի» մասին: Մալագա սարի վրա կա մի քար, որը սուրբ է: Այդ սուրբ քարն անվանում ենք սարի քար: Ասում են երիտասարդ տղա երազ է տեսել, որ այդ վայրը սուրբ է և նա այդ քարը փոքրիկ վերամշակումների է ենթարկել՝ ստանալով այսօրվա հիասքանչ քարը:

Դե երևի արդեն պատկերացում կազմեցիք իմ գյուղի մասին, ամեն մարդ կապված է իր ծննդավայրի հետ և հոգով ու սրտով. դե ես էլ բացառություն չեմ կազմում:

Սիրտս կապված է իմ գյուղին
Գյուղ որտեղ ես եմ ապրում
Այստեղ աշխատում, այստեղ հոգնում
Կատարյալ է ինձ թվում ամենինչ
Բայց հիմա արի ու տես, թե ինչ:
Գյուղ, որտեղ ծնվել եմ ես
Մեծացել ու ապրել եմ ես
Գյուղի աղջիկ համարվելով
Կյանքս գյուղի հետ կապելով:
Գյուղում ասում են կյանք չկա,
Բայց ով է ասել, լավ էլ կա…
Հարազատ է բնությունն իմ գյուղի
Կապված է սիրտս իմ հյուղին,
Երբ ինձ ասեն գնա գյուղից
Ձայն կհանեմ միանգամից
Ինչպես գնալ, ինչպես թողնել
Ոնց կարող եմ մտքիցս հանել
Սիրտս ավելի կկապվի
Արյունս կեռա էլի ու էլի
Իմ գյուղին նա կձգի
Մեծ Գոնդուրա այն կկանչի:

Բոլորը գնում են գյուղերից, բայց ինչ լավ կլիներ, եթե մնային և այսօր տեսնեին մեր փոքրիկ գյուղը, որը այսօր վերանվանվել և դարձել է Գոնդռիո, այն հին գյուղը չէ այլևս: Բոլորովին վերափոխվել է, բայց միևնույն ժամանակ չի կորցրել հին համն ու հոտը:

29634220_986507171502001_186503662_o29634216_986507194835332_342255321_o 29514182_986507264835325_527512656_o29405158_986507238168661_1897888061_o29404900_986507211501997_133361267_o 29404883_986507234835328_1377938897_o

Թողնել պատասխան