Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթին ներկայացված հերթական շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները մեզ, և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում: Լավագույն շարադրությունների հեղինակները կխրախուսվեն «Ալիք մեդիայի» կողմից:
Ես ծնվել եմ Ախալքալաքի շրջանի Էխտիլա գյուղում։ Մեր նախնիներն այստեղ եկել, բնակվել են Արևմտյան Հայաստանի Էրզրում գավառից գաղթի պատճառով։ Ինձ համար այնքան հարազատ է իմ գյուղը, որ հուզմունք եմ ապրում, երբ ծննդավայրիս մասին որևէ բացասական արտահայտություն եմ լսում։
Էխտիլա գյուղը գտնվում է Ախալքալաքից դեպի հյուսիս-արևելք, այնպիսի յուրահատուկ վայրում, որ անհնար է նկարագրել, համեմատել շրջանի որևէ գյուղի հետ։ Գյուղը երեք կողմից շրջապատված է բլուրներով, որոնց ստորոտներից դուրս են գալիս սառնորակ աղբյուրները, գյուղի երկու կողմից հոսում են մաքուր ջրերով գետակները։ Հենց աղբյուրների առատությունն է եղել այն պատճառներից մեկը, որ մեր նախնիները բնակության համար ընտրել են այս գեղեցիկ բնությամբ տարածքը։ Գյուղի հյուսիսային կողմում փռված են սաղարթախիտ անտառները, որոնց կենտրոնում գտնվում է գեղատեսիլ «Ներքին գել» լճակը, հյուսիսային կողմում նաև գյուղից երևում է Սամսար լեռը, որը գյուղից նայելիս յուրահատուկ տեսարան է ստանում։
Մեր գյուղի յուրահատուկ առանձնահատկություններից ուզում եմ առանձնացնել, բնակիչների բարությունն ու հյուրասիրությունը։ Այնքան հրապուրիչ է այս տեսարանը, որ այդ վայրերն այցելելիս ակամա ցանկություն է առաջանում օրերով այնտեղ մնալ, վայելել լեռնային հատապտուղների անմահական համը, զմայլվել լճակի գեղեցկությունով։ Գյուղում կա 13-րդ դարում կառուցված սբ. Ստեփանոս անվանմբ եկեղեցի, որը չի գործում և ունի հիմնանորոգման կարիք։
Գյուղում գործում է միջնակարգ դպրոց 175 և ավել աշակերտներով։ Ուրախալի է, որ գյուղում արտագաղթը կազմում է շատ չնչին տոկոս, գյուղացիների հիմնական մասը հանապազօրյա հացը վաստակում են գյուղատնտեսության միջոցով, քանի որ մեր գյուղում պայմանները շատ լավ են գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։
Էխտիլա գյուղի սառնորակ ջրից մատակարարվում են շրջանի տասը գյուղեր, որը ավելի է մեծացնում գյուղի դերն ու նշանակությունը շրջանում։
Իմ Էխտիլա անմահական,
Աղբյուրներով կարկաչուն,
Քո բնությամբ դրախտային,
Որդիքդ են հպարտանում։
Քո անսպառ աղբյուրներից,
Տասը գյուղեր ջուր են տանում,
Կարծես սիրտը լինես նրանց
Ինչպես Աստված դրախտում։
Քո անվան ծագման մասին,
Ոչ բոլորն են իմանում,
Չգիտեն, որ «հրաշք» բառից
«Էխտիլա» բառն է ծնվում։
Գուսանները մեր Ջավախքի
Քեզ այսպես են գովերգում
Մարդ կարող է հյուրասիրվել,
Ուտող-խմող այս գյուղում։
Հեղինակ՝ Մարինա Կուրեղյան