Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթի հերթական շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք Ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում: Լավագույն շարադրությունների հեղինակները կխրախուսվեն «Ալիք մեդիայի» կողմից:
Հեղինակ՝ Նելլի Մաթոսյան
Գյուղիս մասին խոսելիս հիշում եմ մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խոսքերը: Նա կարծես հենց մեր գյուղի մասին է գրել, որ հպարտ, լեռների մեջ միգապատ, խոր ձորերի քարափին և տխուր միտք է անում: Ասելիքս շատ է: Բայց կուզեմ ընդամենը մի քանի բառով պատմեմ գյուղիս մասին:
Վրաց-հայկական սահմանին է գտնվում մեր գյուղը՝ Չանախչին: Ամեն ինչից հեռու, կտրված՝ իր խնդիրներով Չանախչին գտնվում է Լալվար սարի լանջին: Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանի հայաբնակ գյուղը շրջկենտրոնից մոտ 60 կմ հեռավորության վրա է գտնվում. մոտ 200 բնակիչ ունի:
Չանախչի գյուղի բնությունը հիասքանչ է՝ տարվա բոլոր եղանակներին յուրովի գեղեցիկ է: Հենց գյուղի բնության և մաքուր օդի պատճառով էլ գյուղ հաճախ են այցելում գարնան և ամռան ամիսներին՝ քաղաքում ապրող մեր բարեկամները, քանի որ այս մաքրությունը երբեք չես գտնի քաղաքում: Այո՛, և իսկապես, որ քաղաքից կիլոմետրերով հեռու մեր գյուղի օդն ու ջուրը էկոլոգիապես մաքուր է: Մեր գյուղի կյանքը հանգիստ է. կտրված աշխարհից մարդիկ հանգիստ, գյուղական կյանք են վարում՝ թերթելով կյանքի ամեն մի էջը:
Մեր գյուղի խնդիրների մասին խոսելը բարդ է, քանի որ դրանք շատ են և ամենուր: Այստեղ ճանապարհները դեռ սովետական տարիներից անմխիթար վիճակում են: Գյուղացիները բողոքում են, իսկ ի պատասխան կառավարությունից միայն խոստումներ են ստանում: Գյուղացին տարիներ շարունակ սպասում է դրան, սակայն ոչ մի արդյունք: Չանախչի գյուղը գազիֆիկացված չէ, չկա որակյալ ինտերնետ:
Մեր գյուղում, պարզ է, նույնիսկ աշխատատեղեր չկան. որտե՞ղից լինի, երբ գյուղը գնալով էլ ավելի է հետ գնում՝ զարգացման տեսակետից: Միակ աշխատատեղը և կրթահամալիրը դպրոցն է, որը նույնպես լի է խնդիրներով, թե աշակերտների պակասի, և թե վթարային շենքի պատճառով: Դպրոցի դասասենյակները տեղավորված են վագոն-տնակներում: Դպրոցի հիմնական շենքի փլվելուց հետո այդ տնակներում են աշակերտները անցկացնում իրենց դասաժամերը: Դպրոցում երեխաները ստանում են ոչ լիարժեք միջնակարգ կրթություն. դպրոցն իննամյա է, իսկ ավարտելուց հետո ուսումը շարունակում ենք հարևան Խոժոռնի, կամ Աղքյորփի գյուղում, ոմանք էլ գնում են Հայաստան՝ ուսումնարանում սովորելու:
Ինչպես արդեն նշեցի, գյուղը գտնվում է վրաց-հայկական սահմանին և սահմանազատումից հետո մարդիկ, ովքեր սերտ բարեկամական կապեր ունեն Չանախչիին կից Գոմակ գյուղի բնակիչների հետ, ստիպված են լինում մոտ 80 կմ շրջանցել, Սադախլո-Բագրատաշեն անցակետով հատել սահմանն ու Ալավերդի քաղաքով, Լալվարի լանջով հետ գան (Չանախչի և Գոմակ գյուղը միմյանցից ընդամենը փոքր գետակն է բաժանում, որը խիստ հսկվում է երկու երկրների սահմանապահների կողմից):
Սահմանազատումից հետո անհասանելի է դարձել նաև գյուղի միակ ուխտատեղին՝ Խորակերտ վանքը, որը հենց սահմանին է գտնվում և մենք՝ գյուղացիներս շատ հազվադեպ կարող ենք այցելել: Սրանից մոտ մեկ տասնամյակ և ավելի առաջ գյուղի մշտական հյուրերն էին զբոսաշրջիկները, մինչդեռ այսօր մեր գյուղը զրկվել է նաև զբոսաշրջիկներից, քանի որ նրանց գերող Խորակերտը այժմ անհասանելի է: Խորակերտ այցելելու համար անհրաժեշտ է երկու երկրների նախարարություններից թույլտվություն, ինչը և ոչ հաճախ ենք ստանում:
Չանախչի գյուղի տղամարդկանց մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքների՝ ապահովելու տան կարիքները, ոմանք էլ ուսանողների վճարը մուծելու համար:
Մեր գյուղը Մառնեուլին կապող միակ միջոցը Աղքյորփի գյուղից եկող ավտոբուսն է, որը շաբաթը չորս օր՝ օր ու մեջ, առավոտյան դուրս է գալիս և երեկոյան վերադառնում: Անմխիթար ու քարուքանդ եղած ճանապարհների պատճառով, շրջկենտրոն գնալու և վերադառնալու համար մի փոքր գործն էլ երկար ժամանակ է խլում, քանի որ Սադախլո գյուղից մինչև Չանախչի ընդամենը 20 կմ ճանապարհն անցնելու համար, մեզնից պահանջվում է մոտ մեկ ժամ: Եվ նորից ու նորից ծագում է նույն հարցը. «Մինչև ե՞րբ: Մինչև ե՞րբ պետք է մեր ժողովուրդն ապրի լավ կյանքի հույսով»: