Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով հերթական շարադրությունը՝ Բոլնիս-Խաչեն գյուղից:
Բոլնիս-Խաչենը գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիսի շրջանում՝ շրջափակված գեղատեսիլ անտառներով ու ձորերով: Գյուղի պատմությունը սկսվում է 19-րդ դարի երկրորդ կեսից, երբ մեր պապերը Ղարաբաղի Խաչեն գյուղից տեղափոխվեցին Վրաստան՝ այստեղ հիմնելով նույնանուն գյուղ: Եվ քանի որ գյուղը գտնվում է Բոլնիսի շրջանում, այն ստացավ Բոլնիս-Խաչեն անվանումը: Գյուղ մտնելուն պես անմիջապես կարելի է նկատել բարձր ու քարքարոտ մի սար՝ Քերծը, որի վրա էլ գտնվում է Ղազարոս Աղայանի հայտնի «Զիզի քարը»: Այնտեղից երևում է ողջ գյուղը՝ շարքով դասավորված տները, դարերի ծանրությունից հոգնած սարերը…
Բոլնիս-Խաչե՜ն… Երբ լսում եմ այս անունը, սրտիս մեջ միախառնվում են սերը, կարոտն ու հպարտությունը: Չէ՞ որ իմ գյուղն է: Գյուղ, որտեղ անց եմ կացրել մի ողջ մանկություն՝ շուրջ 18 տարի: Ու ամեն տարի սերս գյուղի հանդեպ էլ ավելի է մեծանում՝ հատկապես, որ այլևս այնտեղ չեմ ապրում: Երբ հանկարծ ամբոխի մեջ լսում եմ «Խաչեն» անվանումը, ցատկում եմ տեղիցս, ըմբոստանում՝ տեսնեմ ով է, ինչ է ասում, ասեմ, որ ես էլ եմ Խաչենից: Մի գյուղից, որտեղ մեջք-մեջքի տված ապրում են աշխատասեր գյուղացիներ: Հեշտ չէ գյուղացու կյանքը: Ողջ ամառ կռիվ են տալիս հողի հետ՝ հույս ունենալով, որ լավ բերք կունենան, իսկ ձմռանն էլ ինչ-որ չափով կհանգստանան և ամբողջ տարվա չարչարանքը վայելելու հնարավորություն կունենան:
Դժվար է եղել ապրել ու արարել այստեղ, քանզի Խաչենը չորս կողմից շրջափակված է ադրբեջանական գյուղերով: Հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ լարված իրավիճակ է եղել նաև այստեղ: Պապս պատմում էր, որ մերոնք զօրուգիշեր հսկել են գյուղը, որպեսզի հարձակումներ չլինեն հարևան գյուղերից: Հսկել են նաև խմելու ջուրը, որ չթունավորեն: Իսկ այսօր… այսօր պատկերը փոխվել է: Այսօր ապրում ենք բարի հարևանների պես՝ նույնիսկ մասնակցում միմյանց քեֆ-ուրախություններին:
Մարդաշատ են գյուղիս փողոցները: Իմ գյուղն ապրում է: Գյուղն ունի 2250 բնակիչ, իսկ գյուղի միակ միջնակարգ դպրոցում սովորում է մոտ 240 աշակերտ: Դպրոց, որը շատ ու շատ տաղանդավոր ու շնորհալի սաների է ճանապարհել:
Մի առանձնակի սիրով եմ խոսում գյուղիս մասին: Իսկական հանգստությունն այստեղ եմ գտնում: Հասցրել եմ լինել շատ գյուղերում, բայց իմն ուրիշ է: Երկինքն էլ է ուրիշ իմ գյուղում: Բայց չէ՞ որ նույնը պետք է լինի: Երկար մտածելուց հետո հասկացա, որ երկինքն ամեն տեղ տարբեր է: Ամենքիս համար է տարբեր: Հենց իմ գյուղում, իմ գյուղի երկնքի տակ է խաղաղվում հոգիս, միտքս՝ ճախրում ու անկախ ինձնից ժպիտ է հայտնվում դեմքիս:
Գյուղիս հանդեպ ունեցած սիրո ու կարոտի մասին կարող եմ խոսալ անվերջ, բայց խնդիրներ էլ կան. բարձրաձայնել է պետք: Ճիշտ է, շատ խնդիրներ ունի գյուղս, սակայն փորձում է միշտ առաջ շարժվել: Այդ խնդիրների համար խթան ենք հանդիսանում մենք՝ երիտասարդներս, փորձելով վեր հանել ու լուծել դրանք: Վերջերս լուծվեց մի շատ կարևոր խնդիր՝ «ջրի հարցը»: Գյուղում տարվում են նաև գազաֆիկացման աշխատանքներ. սպասում ենք, շուտով գազն էլ կլինի: Չեմ կարող անտեսել նաև մի շատ կարևոր հարց, որը տարիներ ի վեր ինձ շատ է անհանգստացնում. Բոլնիսիից մոտ 25 կմ հեռավորության վրա է գտնվում Կազրեթի քաղաքատիպ ավանը: Շատերին Կազրեթին հայտնի է իր ոսկու հանքով: Հենց դա էլ անհանգստություն է պատճառում ոչ միայն Խաչենի, այլ նաև մի շարք գյուղերի բնակիչներին: Հանքից կեղտոտ, փրփրած ու ժանգագույն ջուր է հոսում՝ խառնվելով Փոլադաուրի գետին: Բացի գետի հետ միախառնվելը, Խաչենի միջով էլ մի աղտոտ առվակ է հոսում, խառնվում ոռոգման ջրերին՝ վնասելով մոտակայքում գտնվող ծառերը, խաղողի այգիները, ինչպես նաև վտանգավոր է տարածքում արածող անասունների համար: Շատ անգամ են այդ հարցին անդրադարձել բնապահպանները։ Վերջերս էլ վրացական մեդիան էր իր անհանգստությունը հայտնում այս հարցի կապակցությամբ: Բայց ոչ մի փոփոխություն: Ըստ մասնագետների՝ այստեղից վերցված ջրում, լաբորատոր հետազոտությունից հետո, հայտնաբերվել են կադնիումի (քիմիական տարր) պարունակության այնպիսի քանակ, որը հազարավոր անգամ գերազանցում է թույլատրելին և վատ ազդեցություն է գործում մարդու առողջության վրա, նույնիսկ կարող է առաջացնել բազմաթից հիվանդություններ՝ ընդհուպ մինչև քաղցկեղ:
Հեղինակ՝ Մանիտա Դանիելյան: