Իմ երազանքն է խաղալ աշխարհի առաջնությունում. Կվարացխելիայի հարցազրույցը

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հարցազրույց է անցկացրել Վրաստանի հավաքականի և իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբի խաղացող Խվիչա Կվարացխելիայի հետ։

Կվարացխելիան ասել է, որ իր ամենամեծ երազանքը Վրաստանի հավաքականի հետ աշխարհի առաջնությունում խաղալն է։ Ստորև ներկայացնում ենք Կվարացխելիայի հարցազրույցից հատվածներ.

Ինչպիսի՞ն էիր դու մանուկ հասակում, ո՞րն էր փոքրիկ Խվիչա Կվարացխելիայի երազանքը։

— Ես միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ, բայց սկզբում դա իրական չէր թվում։ Երբ գնում էի Վրաստանի հավաքականի խաղը տեսնելու, չէի պատկերացնում, որ մի օր ինքս եմ դաշտ դուրս գալու, իսկ տրիբունաներից մյուս երեխաներն ինձ աջակցելու են։ Ես հասկացա, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է, քանի դեռ ունես հավատ և կամք՝ անելու այն, ինչ անհրաժեշտ է դրան հասնելու համար: Երազանքներն իրականանում են: Խվիչա Կվարացխելիան իրականացրել է իր երազանքը՝ դառնալով ֆուտբոլիստ, խաղալով իր երկրի ազգային հավաքականում։

Վրաստանը ներկայացնելն ի՞նչ է նշանակում Ձեզ համար

— Ես ուզում եմ ինչ-որ առանձնահատուկ բան անել իմ երկրի համար։ Ես նայում եմ, թե ինչ եմ անում այս պահին և հավատում եմ, որ դա օգնում է Վրաստանին, օգնում է նաև ինձ։ Ես չափազանց հպարտ եմ, որ վրացի եմ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ծնվել եմ Վրաստանում և այս պատմական երկրի զավակն եմ։ Ես միշտ կանեմ ամեն ինչ, որ իմ երկիրը հպարտանա, անկախ նրանից, թե ինչ կլինի հետո։

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլը կմեկնարկի մարտին։ Ի՞նչ է նշանակում Ձեզ համար այնտեղ հասնելը:

— Ամեն ինչ կանենք մեր երազանքն իրականություն դարձնելու և աշխարհի առաջնությունում խաղալու համար։ Մենք հավատում ենք, որ կարող ենք հասնել այնտեղ, և դա ամենակարևորն է: Մենք ունենք այս երազանքն իրականություն դարձնելու կարողություն և ճիշտ որակներ։

Ո՞րն է Ձեր երազանքը առաջիկա տարիներին։

— Ամենից շատ երազում եմ Վրաստանի հավաքականի հետ աշխարհի առաջնությունում խաղալու և իմ թիմի հետ Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին: Հուսով եմ, որ այս երազանքներն իրականություն կդառնան: Ակումբային ֆուտբոլի ամենակարևոր տիտղոսը նվաճելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է, իսկ աշխարհի առաջնություն հասնելը՝ յուրաքանչյուր վրացու։ Կարծում եմ, որ սա արժանի հարգանքի դրսևորում կլինի բոլոր այն նրանց նկատմամբ, ովքեր նախկինում պաշտպանել են Վրաստանի պատիվը։ Մենք ցանկանում ենք գնալ նրանց հետքերով, հասնել այդ նպատակին և հպարտություն պատճառել մեր երկրին: